Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման` բացառութամբ ռիելթորական ծառայությունների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման եւ ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը եւ վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով եւ այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր եւ այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն են կազմում նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:»
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մասով.
«4.1. Ռիելթորական ծառայությունների մատուցման վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձեւով: Գույքի կառավարումից ստացված եկամուտների փոխանցումը սեփականատիրոջը իրականացվում է անկանխիկ ձեւով:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ռիելթորական գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման չի հանգեցնելու, իսկ 2026 թվականի պետական բյուջեում առաջացնելու է մոտ 60 մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ պայմանավորված նոր գործիքակազմի ներդրման հետ, իսկ 2027 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է եկամուտների աճ, քանի որ նախատեսվում է վճարներ՝ ֆիզիկական անձանց համար (միասնական տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի տեղադրման համար) 5.000 ՀՀ դրամ, միասնական տեղեկատվական համակարգին անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար) 500 հազար ՀՀ դրամ, իսկ ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների եւ անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար) 450 հազար ՀՀ դրամ չափերով: Ինչպես նաեւ ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար 30 հազար ՀՀ դրամ եւ ռիելթորի որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար 3.000 ՀՀ դրամի չափերով: Բյուջետային մուտքերի հստակ ֆինանսական գնահատական հնարավոր չէ տալ, քանի որ ներկայումս տվյալ գործունեություն իրականացնող անձանց շրջանակը հստակ չէ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում