Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1100-03.06.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 48-րդ հոդվածը 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին, 3.2-րդ մասերով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գյուղատնտեսական նշանակության հողերից՝ արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 25 տարի ժամկետով՝ սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի (այդ թվում՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացման նպատակով գյուղատնտեսական նշանակության հողերից՝ արոտավայրերը վարձակալության իրավունքով տրամադրելու պարագայում վարձակալը պարտավոր է օգտագործել ըստ նպատակային եւ գործառնական նշանակության:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվող լրացումները պայմանավորված են 2023 թվականի ապրիլի 3-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ՀՀ Արագածոտնի մարզի 2022 թվականի հաշվետվության մասին խորհրդակցության թիվ Վ/73-2023 արձանագրության 4.2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: Համաձայն թիվ Վ/73-2023 արձանագրության 4.2-րդ կետով տրված հանձնարարականի՝ անհրաժեշտ էր ներդրումային ծրագրերի ծավալներից ելնելով դիտարկել արոտավայրերի երկարաժամկետ վարձակալության տրամադրման հնարավորության հարցը՝ պայմանով, որ ներդրումային ծրագրի դադարեցման կամ ոչ ամբողջական կատարման դեպքում կդադարի կամ կվերանայվի նաեւ վարձակալության պայմանագիրը:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգրք) 46-րդ հոդվածի 1-ին մասի՝ հողամասը սեփականատերն օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելը, բացառությամբ Օրենսգրքի 63.1-ին հոդվածով սահմանված կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրով (ծրագրերով) սահմանված դեպքերի:

Մյուս կողմից՝ համաձայն Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի՝ վարձակալության կարող են հանձնվել պետության եւ համայնքի, իրավաբանական անձանց ու քաղաքացիների սեփականության տակ գտնվող հողամասերը, ինչպես նաեւ՝ նույն հոդվածի 3-րդ կետով սահմանվում է պետության եւ համայնքների սեփականության հողամասերի (այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության տրամադրման ժամկետները:

Նախագծով առաջարկվում է սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի (այդ թվում՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) շրջանակներում պետության եւ համայնքների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից՝ արոտավայրերը երկարաժամկետ վարձակալության տրամադրելու գործընթացների կարգավորում:

Հարկ է նշել, որ ներդրումային ծրագրի ծավալների գնահատման, վերջիններիս իրականացման, երկարաձգման, դադարեցման, ինչպես նաեւ չկատարման եւ ոչ պատշաճ կատարման դեպքում պատասխանատվության միջոցների վերաբերյալ դրույթներ արդեն իսկ գործող օրենսդրությամբ սահմանված են, եւ պայմանավորված այդ հանգամանքով՝ Նախագծով մեկ անգամ եւս սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:

1.2. Առկա խնդիրները եւ առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է պետական, ինչպես նաեւ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերը (տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ արոտավայրերը) ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով (ելնելով վերջիններիս ծավալներից) դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրման հնարավորության հարցը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանելով հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու եւ այն ըստ գործառնական նշանակության օգտագործելու պարտավորություններ:

Ներկայումս, գործող կարգավորումների համաձայն, ըստ էության պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը:

Ելնելով օրենսդրությամբ սահմանված կարգով հողային ռեսուրսները լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու անհրաժեշտությունից, կատարվում են համապատախան քայլեր հողամասերի հանրային օգտակարության բարձրացման եւ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ:

Օրենսգրքով սահմանված ներկա կարգավորումներով՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս միայն նախապատվության իրավունք ունի: Նախագծով առաջարկվող կարգավորումը ներդրողի համար այլ հավասար պայմաններ չի պարտադրում, դրանով իսկ խթանելով երկարաժամկետ գյուղատնտեսական ներդրումային ծրագրերի իրականացումը, քանի որ ներդրողների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման գրավիչ եւ կարեւոր պայմաններից է կատարած ներդրումների մասով սեփական վստահությունը եւ արդյունավետ կառավարումը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ հանրապետության տնտեսության զարգացմանն ուղղված ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը, նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն, ինչը թույլ կտա ընդլայնել ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու հնարավորությունները՝ հողամասերի հանրային օգտակարության բարձրացման եւ պետական մարմինների ու ենթակա պետական մարմինների տնօրինությանը հանձնված հողամասերի արդյունավետ կառավարման շնորհիվ:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի (տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական նշանակության հողեր) ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով (ելնելով վերջիններիս ծավալներից) երկարաժամկետ վարձակալության տրամադրման գործընթացները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ(կամ) այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2. «Տնտեսություն» բաժնի «Գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում» ենթաբաժնում ամրագրված ՀՀ կառավարության ստանձնած հանձնառություններից:

Համաձայն վերոնշյալ ենթաբաժնում նշված նպատակների՝ գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման համար ՀՀ կառավարության առաջնահերթ նպատակներից են համարվում ենթակառուցվածքների եւ ռեսուրսների հասանելիության բարձրացումը, ինչպես նաեւ ռիսկերի նվազեցումն առաջնահերթ ծրագրերի համար: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ բարելավվելու է տնտեսության ներդրումային միջավայրը՝ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ արոտավայրերի երկարաժամկետ վարձակալության միջոցով բարեխիղճ ներդրողների համար ապահովելով պահանջվող ռեսուրսների հասանելություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն