Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10987-03.06.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.33-169.35-րդ եւ 244.20-րդ հոդվածներով.

«Հոդված 169.33. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգում չմուտքագրելը

1. Ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից ռիելթորական ծառայությունների, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո հինգ աշխատանքային օրվա ժամկետում պայմանագրերը, վերջիններիս առարկա հանդիսացող անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգում չմուտքագրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 169.34. Ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից առանց ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման ռիելթորական ծառայություններ մատուցելը

1. Ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից առանց ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման ռիելթորական ծառայություններ մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 169.35. Առանց լիազոր մարմնում հաշվառման ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի կողմից ռիելթորական ծառայություններ մատուցելը

1. Առանց լիազոր մարմնում հաշվառման ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի կողմից ռիելթորական ծառայություններ մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 244.20. Ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը

1.Սույն օրենքի 169.33-169.35-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ռիելթորական գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման չի հանգեցնելու, իսկ 2026 թվականի պետական բյուջեում առաջացնելու է մոտ 60 մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ պայմանավորված նոր գործիքակազմի ներդրման հետ, իսկ 2027 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է եկամուտների աճ, քանի որ նախատեսվում է վճարներ՝ ֆիզիկական անձանց համար (միասնական տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի տեղադրման համար) 5.000 ՀՀ դրամ, միասնական տեղեկատվական համակարգին անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար) 500 հազար ՀՀ դրամ, իսկ ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների եւ անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար) 450 հազար ՀՀ դրամ չափերով: Ինչպես նաեւ ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար 30 հազար ՀՀ դրամ եւ ռիելթորի որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար 3.000 ՀՀ դրամի չափերով: Բյուջետային մուտքերի հստակ ֆինանսական գնահատական հնարավոր չէ տալ, քանի որ ներկայումս տվյալ գործունեություն իրականացնող անձանց շրջանակը հստակ չէ:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն