Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17) գնման առարկայի բնութագիր՝ գնվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշներ, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմաններ.»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված եւ բխեն կարիքից, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը.».
2) 2-րդ մասի 4-րդ կետից հանել «եւ համարժեք» բառերը:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մրցակցային գնման ձեւերի կիրառման ժամանակ առանձին բնութագրեր ունեցող գնումները մեկ գնման գործընթացի շրջանակներում կարող են բաժանվել չափաբաժինների: Արգելվում է՝
1) մեկ գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների՝ մրցակցային գնման ձեւի կիրառումից խուսափելու նպատակով.
2) փոփոխել գնման առարկան.
3) խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն հիմնավորում է նման խմբավորման անհրաժեշտությունը:
2. Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների բնութագրերի փոփոխման դեպքերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր» բառերը փոխարինել «ժամկետը սահմանվում է հրավերով եւ չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրից» բառերով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած եւ չավարտված գնման գործընթացների վրա:
3. Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագծում առաջարկվող նոր կարգավորումները հստակեցում են մտցնում գործող օրենքի որոշ դրույթներում՝ բացառելով իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները:
Փոփոխություններն ուղղված են նախագծում բերված հոդվածներով սահմանված կարգավորումների պարզեցմանը՝ ստեղծելով առավել հստակ եւ միանշանակ կանոններ, որոնք կբացառեն տարաբնույթ մեկնաբանությունները:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Օրենքի՝ նախագծում բերված հոդվածներով սահմանված կարգավորումների իրավակիրառ պրակտիկայում հաճախակի են դրանց շուրջ տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում ինչպես գնման գործընթացների կազմակերպման արդյունավետության, այնպես էլ որոշումների կայացման ապակենտրոնացվածության եւ ճկունության աստիճանի բարձրացման վրա:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջարկվող նոր կարգավորումները հստակեցում են մտցնում նախագծով փոփոխվող հոդվածներում՝ բացառելով իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները:
Մասնավորապես՝
- հստակեցվում է, որ պատվիրատուն չի կարող փոխել կնքված պայմանագրով նախատեսված գնման առարկան, իսկ բնութագրերին (տեխնիկական բնութագիր, մատակարարմն եւ վճարման պայմաններ) ներկայացվող պահանջների փոփոխման դեպքերը եւ կարգը կսահմանի Կառավարությունը.
- նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը պայմանագրի եւ որակավորման ապահովումները պետք է ներկայացնի բանկային երաշխիքի ձեւով, ապա դրանց ներկայացման համար նախատեսվող ժամկետը պատվիրատուն ի սկզբանե նախատեսում է հրավերով, որը չի կարող պակաս լինել 10 օրից: Գործող կարգավորմամբ ժամկետը սահմանված է 10 օր.
- նախատեսվում է, որ գնման առարկայի բնութագրերը՝
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով առաջարկվում է բացառել իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները, բարձրացնել ինչպես գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, այնպես էլ որոշումների կայացման ապակենտրոնացվածության եւ ճկունության աստիճանը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները, կբարձրացվի ինչպես գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, այնպես էլ որոշումների կայացման ապակենտրոնացվածության եւ ճկունության աստիճանը:
7. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. կետով նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն եւ իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման եւ պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում եւ կառավարում, արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում