Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Առկա են քաղաքական երկխոսության տարբեր մակարդակներ, այդ թվում նաեւ՝ երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների, ակտիվ միջխորհրդարանական կապերի, միջգերատեսչական փոխայցելությունների դրսեւորմամբ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ կնքվել են մի քանի համաձայնագրեր, որոնք միտված են գլխավորապես առեւտրատնտեսական եւ մշակութային երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը: Հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացումը կփոխլրացնի նաեւ 2018թ.-ի փետրվարի 14-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը՝ հանդիսանալով լրացուցիչ դրական ազդակ ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորման համար եւ հնարավորություն կտա խրախուսել երկկողմ ձեռնարկատիրական գործունեությունն ու առեւտրաշրջանառությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը 2024թ. դեկտեմբերի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Այնուամենայնիվ, փաստաթղթի կիրառելիության եւ գործնական նշանակության հարցի որոշումը վերապահված է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան ստորագրվել է 2024թ. դեկտեմբերի 26-ին:
Կոնվենցիան հաստատվում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության իրավական ընթացակարգերին համապատասխան եւ ուժի մեջ է մտնում այդ հաստատման մասին նշում պարունակող դիվանագիտական հայտագրերի փոխանակման օրվանից հետո երեսուներորդ օրը:
2025թ. հունվարի 14-ի դրությամբ ճապոնական կողմից չի ստացվել ծանուցում՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ 2025 ԹՎԱԿԱՆԻ «ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով:
Մյուս կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի համաձայն՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:
Այս առումով, Կոնվենցիայի վավերացման դեպքում, այլ հավասար պայմաններում, սահմանափակվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից առանց մշտական հաստատության հայաստանյան աղբյուրներից ստացվող ձեռնարկատիրական եկամուտների Հայաստանի Հանրապետությունում հարկման իրավունքը:
Միեւնույն ժամանակ, որոշ պասիվ եկամտատեսակների (օրինակ՝ շահաբաժինների կամ տոկոսներ) մասով թեպետ պահպանվում է եկամուտների աղբյուր երկրի առաջնային հարկման իրավունքը, բայց, այդուհանդերձ, ներդրումների խրախուսման նպատակով նախատեսվել են որոշակի պայմաններ, որոնց բավարարման դեպքում այդ եկամտատեսակների մասով սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկման դրույքաչափերից ցածր դրույքաչափեր:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Կոնվենցիայի վավերացումը, այլ հավասար պայմաններում, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:
Միաժամանակ, Կոնվենցիայում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ արդարադատության նախարար
Ս. Գալյանին
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ / Դ. Խուդաթյան
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երեւանում:
Կոնվենցիայով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:
Կոնվենցիան հետապնդում է երկու հիմնական նպատակ՝
1) բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար,
2) ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների, շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների (կամ չի փոփոխվում):
Կոնվենցիայով փոխադարձության սկզբունքով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:
Կոնվենցիայով երկու պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում: Այդպիսի համագործակցությունը ներառում է կրկնակի հարկմանը եւ հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակում՝ հարկումից խուսափելը կանխելու նպատակով:
Կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությունը ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերի համաձայն Կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտության մասին՝ Կոնվենցիայի վավերացումը համարում ենք նպատակահարմար:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կոնվենցիայի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ «ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կոնվենցիան, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Կոնվենցիայում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ:
Մասնավորապես՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Անշարժ գույք» եզրույթն ունի այն նշանակությունը, որը դրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Եզրույթն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում եւ անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) եւ օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի եւ այլ բնական պաշարների մշակման կամ մշակման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները. նավերը եւ օդանավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվում: Սույն դրույթը հակասում է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը եւ (կամ) դրանց բարելավումները:
Նշված դրույթը հակասում է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ անշարժ գույք են համարվում այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության, եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետին, որի համաձայն՝ սարքավորումները, կենդանիները եւ գույքային իրավունքները համարվում են շարժական գույք:
Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա այդ Պայմանավորվող պետությունների ներպետական օրենքներով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից անկախ կարող է իր գործը ներկայացնել ցանկացած Պայմանավորվող պետության իրավասու մարմին: Գործը պետք է ներկայացվի Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցումից հետո՝ երեք տարվա ընթացքում:
Վերոնշյալ դրույթը հակասում է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի՝ հարկային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին մասով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններին իրավունք է ընձեռվում դիտարկել մյուս պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից կայացված որոշումը: Նույն հոդվածի 2-րդ մասով իրավասու մարմինը կարող է լուծել տվյալ բողոքը: Սույն դրույթը խնդրահարույց է ՀՀ օրենսդրության տեսանկյունից, քանի որ ՀՀ պետական մարմինները սահմանափակված են Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակով:
Միաժամանակ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի ժ) ենթակետի i) պարբերության, 4-րդ հոդվածի 2-րդ կետի, 14-19-րդ հոդվածների եւ 25-րդ հոդվածի 2-րդ կետերի վերլուծությունից հետեւում է, որ կողմերի պետական մարմինների միջեւ նախատեսվում է անձնական տվյալների փոխանակում:
Ելնելով վերոգրյալից՝ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կոնվենցիան ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում