Հոդված 1. Վավերացնել «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՄԿ ԹԻՎ 190 ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Բռնության եւ ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190 կոնվենցիան (այսուհետ նաեւ՝ Կոնվենցիա) պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաեւ վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները եւ աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին եւ աշխատանքի դիմողներին: Այն վերաբերում է նաեւ գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձանց:
Կոնվենցիան սահմանում է աշխատանքում «բռնություն եւ ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաեւ անդամ պետության գործողությունները աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու եւ բացառելու ուղղությամբ:
Կոնվենցիան կիրառվում է եւ՛ մասնավոր, եւ՛ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում: Այն կիրառվում է աշխատանքում բռնության եւ ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից:
Կոնվենցիայի վավերացումը կխթանի՝
1. Աշխատավայրի անվտանգության եւ առողջության պահպանմանը. կոնվենցիայի վավերացումը կամրապնդի Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու անվտանգ եւ առողջ աշխատատեղեր բոլոր աշխատողների համար: Կոնվենցիան անդրադառնում է աշխատանքային հարաբերություններում բռնությանը եւ ոտնձգություններին, ինչը կարեւոր է աշխատողների անվտանգության եւ բարեկեցության բարելավման համար:
2. Միջազգային չափանիշների համապատասխանեցմանը. կոնվենցիայի վավերացումով Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կհամարվի արդար աշխատանքային պրակտիկայի խթանման հանձնառու երկիր, ինչը կնպաստի միջազգային հանրության հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը եւ ամրապնդմանը:
3. Աշխատողների իրավունքների պաշտպանությանը. կոնվենցիայի վավերացումը ցույց կտա Հայաստանի հանձնառությունը բոլոր աշխատողների, հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, որոնք կարող են բախվել աշխատավայրում բռնության եւ ոտնձգությունների ավելի մեծ ռիսկերի:
4. Սոցիալ-տնտեսական զարգացմանը. անվտանգ եւ հարգալից աշխատանքային միջավայրի ապահովումը նպաստում է արտադրողականության բարձրացմանը եւ աշխատանքից բավարարվածությանը:
5. Տնտեսական ծախսերի կրճատմանը. աշխատավայրում բռնությունը եւ ոտնձգությունները հանգեցնում են տնտեսական զգալի ծախսերի՝ շրջանառության եւ արտադրողականության անկում: Կոնվենցիայի վավերացումը կստիպի գործատուներին իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ ի վերջո նվազագույնի հասցնելով այս ծախսերը:
6. Գենդերային հավասարության պարտավորությանը. կոնվենցիան բացահայտորեն ճանաչում է աշխատավայրում կանանց առջեւ ծառացած եզակի մարտահրավերները՝ կապված բռնության եւ ոտնձգությունների հետ:
7. Սոցիալական երկխոսության խրախուսմանը. կոնվենցիան խրախուսում է սոցիալական երկխոսությունը կառավարության, գործատուների եւ աշխատողների միջեւ, այսպիսով՝ վավերացումը կխթանի աշխատավայրում առկա խնդիրների նկատմամբ համագործակցային մոտեցմանը, որը թույլ կտա շահագրգիռ տարբեր կողմերին նպաստել լուծումներին:
Օրենսդրության եւ քաղաքականության ամրապնդման տեսանկյունից Կոնվենցիայի վավերացումը կնպաստի ՀՀ աշխատանքային քաղաքականության բարելավմանը՝ դառնալով ավելի ամուր բռնության եւ ոտնձգությունների դեմ պայքարում:
Բռնությունն ու ոտնձգությունն ազդում են անձի հոգեբանական, ֆիզիկական եւ սեռական առողջության, արժանապատվության եւ ընտանեկան ու սոցիալական միջավայրի վրա, բռնությունն ու ոտնձգությունն ազդում են նաեւ պետական եւ մասնավոր ծառայությունների որակի վրա եւ կարող են խոչընդոտել մարդկանց, հատկապես կանանց մուտքն աշխատաշուկա եւ ունենալ առաջխաղացում: Բռնությունն ու ոտնձգությունն անհամատեղելի են կայուն ձեռնարկությունների խթանման հետ եւ բացասաբար են ազդում աշխատանքի կազմակերպման, աշխատավայրում հարաբերությունների, աշխատողների ներգրավվածության, ձեռնարկության հեղինակության եւ արտադրողականության վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Կոնվենցիայի վավերացումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնվենցիային միանալը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ՝ «Աշխատանք եւ սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնի պահանջներից (արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու եւ բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաեւ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին):
Մյուս կողմից, ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2083-Լ որոշմամբ հաստատված Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի 5.3 մասնավոր նպատակի 5.3.1-ին ծրագրի 2-րդ ենթակետով սահմանված է, որ սահմանվելու են ապահով եւ անվտանգ աշխատանքային պայմաններ խթանող կարգավորումներ ու պահանջներ, ինչպես նաեւ իրականացվելու է պարբերական մոնիտորինգ՝ բացառելու բռնությունը, սեռական ոտնձգությունները եւ խտրականությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ, 2019Թ. (ԹԻՎ 190)» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» փաստաթուղթը (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2019թ. հունիսի 21-ին:
Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երկու անդամների կողմից վավերացումները Գլխավոր տնօրինությունում գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո: Այնուհետեւ սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում ցանկացած անդամի համար դրա վավերացման գրանցման օրվանից տասներկու ամիս հետո:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2021թ. հունիսի 25-ին:
Կոնվենցիան վավերացվել է 49 պետության կողմից, ուժի մեջ է մտել 39 պետության համար ( ցանկը կից ներկայացվում է ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ, 2019Թ. (ԹԻՎ 190)» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» փաստաթուղթը (այսուհետ՝ Կոնվենցիա) իր բովանդակային ծածկույթով անդրադառնում է թե մարդու իրավունքների մի շարք ոլորտների (բռնության եւ ոտնձգություններ, գենդերային բռնություն), թե գործատուների պարտականություններին եւ թե պատասխանատվությանը: Կոնվենցիան անդրադառնում է նաեւ ընտանեկան բռնության ազդեցության, բազմակի եւ խաչվող խտրականության ձեւերի հարցերին:
Հարկ է ընդգծել, որ Կոնվենցիայի վավերացումը Հայաստանի Հանրապետության համար կարեւոր է նաեւ այն առումով, որ պարունակում է քաղաքական ուղերձ ու ենթատեքստ:
Միեւնույն ժամանակ, Կոնվենցիան, մասնավորապես, սահմանում է «բռնության եւ ոտնձգության», ինչպես նաեւ «սեռական բռնության եւ ոտնձգության» եզրույթները, որոնք կրում են ընդհանուր բնույթ եւ մասնակի են ամրագրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» փաստաթղթի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից համարում է նպատակահարմար:
Այնուհանդերձ, Կոնվենցիային միանալուց հետո կարեւորում ենք վերոհիշյալ եզրույթների օրենսդրորեն ամբողջական ամրագրումը եւ հստակ սահմանումը՝ հետագայում խնդիրներից եւ Հայաստանի դեմ հնարավոր հայցեր ներկայացնելուց խուսափելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՄԿ ԹԻՎ 190 ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կոնվենցիան պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Մասնավորապես՝
1. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է վերջինիս գործողության շրջանակը՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն Կոնվենցիան աշխատանքում պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց, այդ թվում՝ ազգային օրենսդրությամբ եւ պրակտիկայով սահմանված աշխատողներին, ինչպես նաեւ այն անձանց, որոնք աշխատում են անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները եւ աշակերտները, այն աշխատողները, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորները, աշխատանք փնտրողները եւ աշխատանքի դիմողները, ինչպես նաեւ գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձինք:»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատանքային օրենսդրությունը եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում աշխատանքը՝ Հայաստանի Հանրապետությունում, թե գործատուի հանձնարարությամբ՝ այլ պետությունում: Նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
2. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվող «պայմանագրային կարգավիճակ» տերմինը հստակ չէ եւ կարող է ենթադրել նաեւ աշխատանքային հարաբերությունների ծագման օրինական հիմքերի բացակայություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոնվենցիան, 2-րդ հոդվածի 2-րդ մասով, նպատակ է հետապնդում պաշտպանել աշխատողների իրավունքները նաեւ ոչ ֆորմալ տնտեսությունում: Այսպիսով՝ սույն դրույթները հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Վերոշարադրյալից հետեւում է նաեւ, որ ՀՀ-ի կողմից Կոնվենցիային միանալը կարող է հանգեցնել Օրենսգրքի կիրարկման ոլորտի փոփոխության:
3. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անդամ ընդունում է այնպիսի օրենքներ, կարգավորումներ եւ քաղաքականություն, որոնցով կապահովվի աշխատանքի ընդունման եւ պաշտոնի զբաղեցման հարցում հավասարության իրավունքը եւ խտրականության բացառումը, այդ թվում՝ կին աշխատողների, ինչպես նաեւ այն աշխատողների եւ այլ անձանց համար, ովքեր պատկանում են մեկ կամ մի քանի խոցելի խմբերի կամ խոցելի իրավիճակներում գտնվող խմբերի, որոնք անհամաչափորեն ենթարկվում են աշխատանքում բռնության եւ ոտնձգության ազդեցությանը:
Սույն դրույթը ենթադրում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում՝ խտրականության բացառման եւ խտրականությունից պաշտպանման պատշաճ մեխանիզմների ստեղծման նպատակով:
4. Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անդամ պետք է ընդունի օրենքներ եւ կարգավորումներ՝ սահմանելու եւ արգելելու աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնությունն ու ոտնձգությունը սահմանելու եւ արգելելու համար: «Գենդերային հիմքով բռնություն եւ ոտնձգություն» եզրույթը, Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասի բ) ենթակետի համաձայն, նշանակում է բռնություն եւ ոտնձգություն, որն ուղղված է սեռի կամ գենդերի պատճառով կամ անհամաչափորեն ազդում է որոշակի սեռի կամ գենդերի անձանց վրա եւ ներառում է սեռական ոտնձգությունը:
Օրենսգրքի 3.3-րդ հոդվածով սահմանված են «բռնություն» եւ «սեռական ոտնձգություն» եզրույթները, սակայն նախատեսված չէ «ոտնձգություն» եզրույթը, որն առավել լայն հասկացություն է, քան «սեռական ոտնձգությունը»:
Բացի այդ, թեեւ «գենդերային հիմքով բռնությունը» ուղղակիորեն Օրենսգրքով նախատեսված չէ, սակայն «բռնություն» եզրույթի բաղադրիչներից մեկն է: Կոնվենցիայի հետ լրիվ համապատասխանելիության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է նաեւ օրենսգրքով նախատեսել «գենդերային հիմքով բռնություն եւ ոտնձգություն» եզրույթները:
5. Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անդամ ընդունում է օրենքներ եւ կարգավորումներ, որոնցով կպահանջվի, որ գործատուները ձեռնարկեն իրենց վերահսկողության աստիճանին համարժեք համապատասխան քայլեր՝ աշխատանքում բռնությունը եւ ոտնձգությունը, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնությունը եւ ոտնձգությունը կանխելու համար: Սույն քայլերը ներառում են աշխատավայրում բռնության եւ ոտնձգությունների վերաբերյալ քաղաքականություն ընդունում եւ իրականացում, աշխատողներին եւ շահագրգիռ այլ անձանց բռնության եւ ոտնձգության հետ կապված հայտնաբերված վտանգների եւ ռիսկերի եւ դրանց առնչությամբ կանխման եւ պաշտպանության միջոցների վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպում եւ այլ պարտավորություններ:
ՀՀ օրենսդրությամբ գործատուների համար սահմանված չեն վերոնշյալ բնույթի պարտավորություններ, ուստի այս պարագայում նույնպես անհրաժեշտ կլինի կատարել օրենքի փոփոխություն:
Ելնելով վերոգրյալից՝ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կոնվենցիան ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնության եւ ոտնձգության մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 190 կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Բռնության եւ ոտնձգության մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 190 կոնվենցիայի 4-րդ հոդվածում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով, որոնց չափը գնահատել հնարավոր չէ՝ անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:
ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ արդարադատության նախարար
Ս. Գալյանին
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ «Բռնության եւ ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190 կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Դ. Խուդաթյան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ, 2019 Թ. (ԹԻՎ 190)» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կոնվենցիայի իրականացման համար լիազորված մարմին կհանդիսանա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում