Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1131-01.08.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որսի, ինչպես նաեւ մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, միջատներ եւ այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) տնային կենդանիներ՝ «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանած ցանկում ներառված կենդանիներ.

2) թափառող կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք չունեն պահող կամ կորած համարվող տնային կենդանիներ.

3) ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիներ՝ կենդանական աշխարհի վայրի եւ ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագործվում են կրկեսներում, սպորտային եւ ժամանցային միջոցառումներում, մրցույթներում, ցուցահանդեսներում, լուսանկարվելու եւ նկարահանումների համար.

4) ծառայողական նշանակության կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագործվում են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրական խնդիրների շրջանակներում պահակության կամ որոնողափրկարարական նպատակների համար.

5) կենդանի պահող՝ տնային, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանուն տիրապետող, տնօրինող կամ օգտագործող 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ.

6) Կենդանիների կացարան՝ վայր, որտեղ կերակրվում, բուժվում կամ պահվում են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաեւ սեփականատիրոջ համաձայնությամբ՝ ժամանակավոր պահման եւ կերակրման հանձնված կենդանիները.

7) կենդանիների բուծարան՝ կենդանիների բուծման համար հատուկ հարմարեցված եւ համապատասխան սարքավորումներով կահավորված կառույց՝ նախատեսված կենդանիների բազմացման համար.

8) կենդանու անձնագիր՝ փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն կենդանու նույնականացման վերաբերյալ եւ կենդանի պահողի մասին՝ տրամադրվում է անասնաբույժի կողմից: Կենդանու նույնականացման համար օգտագործվում է տեղեկատվություն պարունակող պիտակ կամ մարմնի որոշակի հատվածում ամրացված միկրոսխեմա կամ դաջվածք.

Հոդված 2. Կենդանիների բարեկեցությունը եւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող օրենսդրությունը

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում հասարակական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակն է կարգավորել տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, այդ թվում՝ պահման, խնամքի, բուծման, հաշվառման, առուվաճառքի հետ կապված իրավահարաբերությունները:

ԳԼՈՒԽ 2

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Կառավարության իրավասությունը

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության իրականացումը.

2) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների պաշտպանության եւ վերարտադրության բնագավառների պետական ծրագրերը.

3) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար կենդանիների օգտագործման կարգը եւ հաստատում այս ոլորտում պետական ծրագրերը.

4) հաստատում է կացարանների կառուցման չափորոշիչները, կառավարման եւ շահագործման կարգը, կացարաններում իրականացվող պարտադիր միջոցառումների ցանկը (ներառյալ կացարան տեղափոխված թափառող շների ստերջացումը, պատվաստումը եւ այլ անասնաբուժական միջոցառումներ).

5) իրականացնում է միջազգային համագործակցություն.

6) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների  համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, բռնելու, հաշվառման եւ առուվաճառքի կարգը.

7) հաստատում է կենդանու անձնագիր ստանալու եւ միկրոսխեմաներ տեղադրելու, շների, կատուների պահողների նույնականացման համար անհրաժեշտ տվյալները կենտրոնացված առցանց բազայում ներառելու կարգը.

8) սահմանում է սույն օրենքի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների ցանկը:

2. Տնային կենդանիների կառավարման ոլորտում խնդիրների բարձրաձայնման, հավաքագրման եւ հասցեագրման նպատակով ՀՀ վարչապետը ձեւավորում է միջգերատեսչական հանձնաժողով, հաստատում դրա անհատական կազմը եւ աշխատակարգը: Հանձնաժողովի կազմում պարտադիր ներկայացվածություն պետք է ունենան ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քանակը որոշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը եւ ներկայացնում ՀՀ վարչապետի հաստատմանը:

Հոդված 5. Լիազոր մարմինները եւ դրանց լիազորությունները

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում լիազոր մարմինների շրջանակը ներառում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ներքին գործերի ոլորտներում լիազորված պետական մարմինները՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում:

2. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ՝

1) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականությունը.

2) մշակում է կացարանների կառուցման չափորոշիչները, կառավարման եւ շահագործման կարգը, կացարաններում իրականացվող պարտադիր միջոցառումների ցանկը.

3) կազմակերպում է համայնքների տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կենդանիների կացարանների եւ հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան եւ այլն) նախագծում, կառուցում եւ կառավարում այդ թվում նաեւ արտապատվիրակման կամ պետություն-մասնավոր համագործակցության ձեւաչափով.

4) իր իրավասության սահմաններում իրականացնում է միջազգային համագործակցություն:

3. Էկոնոմիկայի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝

1) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների պաշտպանության եւ վերարտադրության բնագավառների պետական ծրագրերը.

2) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար կենդանիների օգտագործման կարգը եւ այս ոլորտում պետական ծրագրերը.

3) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման, առուվաճառքի եւ բռնման կարգը.

4) մշակում է կենդանու անձնագիր ստանալու եւ միկրոսխեմաներ տեղադրելու, շների, կատուների եւ այլ տնային կենդանիներ պահողների նույնականացման համար անհրաժեշտ տվյալները կենտրոնացված առցանց բազայում ներառելու կարգը:

4. Կենսագործունեությանը (կյանքին) սպառնացող վտանգավոր իրավիճակներում (արտակարգ իրավիճակներ) հայտնված կենդանիների փրկության հետ կապված գործառույթներն իրականացնում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ համագործակցությամբ այլ իրավասու մարմինների:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Հոդված 7. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը

1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողությունը կարող է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կամավոր սկզբունքով:

2. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունքները կարող են ներկայացվել համապատասխան լիազոր մարմնին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում՝ ՀՀ դատախազություն կամ ՀՀ քննչական կոմիտե:

3. Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քաղաքացիները իրավասու են իրականացնել հետեւյալ գործառույթները՝

1) Հանրային վայրերում արձանագրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող օրենքով արգելված գործողությունները եւ ներկայացնել համապատասխան պետական լիազոր մարմնին կամ իրավապահ մարմիններին.

2) մասնակցել բնակչության շրջանում կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչության միջոցառումներին.

3) բնակչության շրջանում նպաստել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

ԳԼՈՒԽ 3.

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 8. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները

1. Կենդանու հետ հարաբերվելիս հիմք են ընդունվում կենդանու նկատմամբ բարեխիղճ, կենդանասիրական եւ էթիկական սկզբունքները, որոնք ուղղված են կենդանու բարեկեցության, առողջ կենսագործունեության եւ կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահպանությանը:

2. Կենդանու նկատմամբ վերաբերմունքը եւ մարդու կողմից կենդանու նկատմամբ ցանկացած միջամտություն իրագործվում է՝ հիմք ընդունելով կենդանու ցավազգաց լինելը, ֆիզիկական եւ էմոցիոնալ ապրումներ ունենալու հանգամանքը:

3. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքներ են՝

 1) մարդու պատասխանատվությունը կենդանու կյանքի եւ բարեկեցության համար.

 2) Էթիկական, սոցիալ-տնտեսական եւ անվտանգային նորմերի հավասարակշռության պահպանությունը մարդու եւ կենդանու համերաշխ համակեցության նպատակով.

3) պետության հոգածությունը եւ պատասխանատու լինելը թափառող կենդանիների նկատկմամբ:

Հոդված 9. Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները

1. Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝

1) ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության դեպքերի.

2) կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով.

3) կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան.

4) սույն օրենքի դրույթները խախտելով՝ քնեցումը.

5) կենդանի վիճակում կենդանու մաշկահանումը, մորթազերծումը, հերձումը կամ անդամահատումը.

6) կենդանի վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցներից նետելը.

7) բոլոր տեսակի կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը.

8) թափառող կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը:

2. Արգելվում է նաեւ՝

1) վիրաբուժական միջամտության իրականացումն առանց ցավազրկման.

2) կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը.

3) կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը.

4) կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում.

5) կենդանիների բուծումը կացարաններում.

6) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.

7) կենդանիների այնպիսի վարժեցում, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն.

8) առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու՝ դրանց ենթարկել ֆիզիկական ճնշումների.

9) անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը.

10) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությանը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն եւ (կամ) թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում.

11) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.

12) բնական կամ արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար վտանգավոր է.

13) կենդանիներին կերակրել այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար՝ ելնելով դրանց տեսակից, տարիքից եւ առողջական վիճակից.

14) անհամատեղելի տեսակների միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների բնակեցումը, որոնց միջեւ կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում կամ պայքար.

15) տնային կենդանիներին բուծել կամ պահել մսի կամ մորթու արտադրության նպատակով:

Հոդված 10. Տնային կենդանիների պահման պահանջները

1. Տնային կենդանի պահողը պարտավոր է կենդանու համար՝ կախված տեսակից, տարիքից եւ ցեղատեսակից, ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահման եւ խնամքի կարգերով նախատեսված պահանջների կատարումը, որոնք ներառում են առնվազն հետեւյալ պարտադիր պայմանները՝

1) տեղակայման եւ տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք, ազատություն եւ պայմաններ,

2) կերի եւ ջրի բավարար քանակություն,

3) կերակրման եւ խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորություն,

4) կերակրվելու եւ խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը եւ նվազեցնելու կենդանիների միջեւ ագրեսիվ մրցակցությունը,

5)  կենսագործունեության համապատասխան միկրոկլիմա,

6) կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների պարտադիր կանխարգելում եւ բուժում, հիվանդության կամ վնասվածքի դեպքում դիմել անասնաբույժի օգնությանը,

7) ձեռնարկել միջոցառումներ՝ ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի համալիրում ներքին եւ արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների եւ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանը,

8) կանխել հասարակական վայրերի եւ շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտումը կենդանիների կողմից եւ ապահովել դրանց մաքրումը,

9) ձեռնարկել հնարավոր նվազագույն միջոցները կենդանիների՝ բարձրություններից ընկնելը կանխելու համար,

10) ձեռնարկել շրջապատին անհանգստություն պատճառող կենդանու առաջացրած աղմուկը վերացնելու կամ նվազեցնելու միջոցներ,

11) ձեռնարկել մարդկանց կամ գույքը չվնասելու միջոցառումներ,

12) ձեռնարկել կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումներ,

13) չխոչընդոտել իրավասու պետական մարմիններին վերահսկողություն իրականացնելիս եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը:

2. Տնային կենդանի պահելու համար կենդանի պահողը պարտավոր է ձեռք բերել համապատասխան թույլտվություն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

3. Տնային շուն պահողը պարտավոր է նաեւ՝

1) կենդանուն ձեռք բերելիս իրականացնել անհրաժեշտ միջոցառումները Կառավարության սահմանած կարգով կենդանու անձնագիր ստանալու եւ կենդանու վրա միկրոսխեմա տեղադրելու նպատակով: Տնային եւ թափառող շների նույնականացման գործընթացում առաջնային պետք է լինի կենդանու անհատական տվյալներ պարունակող միկրոսխեմայի միջոցով պետական լիազոր մարմնի կողմից կառավարվող տվյալների բազայում կենդանու վերաբերյալ տվյալների արագ եւ անխոչընդոտ նույնականացումը: Միկրոսխեմայի միջոցով պետք է հնարավոր լինի նույնականացնել կենդանու պահողին: Կենդանու պահողի նույնականացման անհնարինության բացակայության պարագայում կենդանին տեղակայվում է կացարանում,

2) կենդանուն ձեռք բերելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովման նպատակով,

3) ցուցահանդեսներին, մրցույթներին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ դրանց նույնականացման անձնագրերը,

5) ապահովել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները եւ այլ անհրաժեշտ միջոցառումները,

6) մշտական կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան եւ ազատ տեղաշարժման տարածք,

7) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք,

8) քաղաքային տրանսպորտով շների տեղափոխումը կազմակերպել միայն դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների եւ փոքր խառնածին շների,

9) ճանապարհը կամ երթեւեկելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել կարճ կապի վրա,

10) պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը կազմակերպել դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ ցանկացած հանրային վայրում,

11) բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների տարածքներում,

12) շան կորելու դեպքում առավելագույնը երկօրյա ժամկետում պետական մարմիններին տեղեկացնել շան կորելու փաստի մասին եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ պատկան մարմինների ուղղորդմամբ:

5. Շներ պահողները իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում:

6. Երեքից ավել շուն պահելու համար կենդանի պահողը պարտավոր է համաձայնություն ստանալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:

Հոդված 11. Թափառող կենդանիների բռնման գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները

1. Թափառող կենդանիների բռնումը կազմակերպվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

2. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի համապատասխան հմտություններ եւ փորձ ունեցող մասնագետների կողմից եւ համապատասխան փոխադրամիջոցներով կենդանիների բռնումը անվտանգ իրականացնելու համար:

3. Թափառող կենդանիների բռնումը իրականացվում է թափառող կենդանիների գլխաքանակի նվազեցման նպատակով՝ զանգվածային ստերջացման միջոցով, ինչպես նաեւ կանխելու համաճարակների, վարակիչ հիվանդությունների տարածումը եւ վտանգը մարդու առողջության համար: Ստերջացումից հետո կենդանին բաց է թողնվում, բացառությամբ կենդանու մոտ վարակիչ հիվանդության առկայության, որի դեպքում կենդանին պահվում է կացարանի կարանտինային տարածքում մինչեւ վերջնական բուժումը:

4. Թափառող կենդանիների բռնումը սպանելու նպատակով արգելվում է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

5. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի այնպիսի մեթոդներով, որոնք չեն վտանգում կենդանու կյանքը եւ բնականոն կենսագործունեությունը:

6. Թափառող կենդանիների բռնումն իրականացնող անձինք նախեւառաջ ստուգում են կենդանու մոտ միկրոսխեմայի առկայությունը կենդանուն նույնականացնելու նպատակով: Եթե կենդանին չունի պահող, կենդանուն տեղափոխում են կացարան բնակության եւ իրականացնում անհրաժեշտ անասնաբուժական միջամտությունները: Եթե կենդանին ունի պահող,  տեղական ինքնակառավարման մարմինները իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումները կենդանի պահողին կենտրոնացված տվյալների բազայում նույնականացնելու եւ գտնված կենդանուն պահողին հանձնելու նպատակով: Կենդանու պահողի չգտնվելու կամ կենդանու պահողի կողմից կենդանուց հրաժարվելու պարագայում կենդանի պահողի նկատմամբ կիրառվում են օրենքով սահմանված պահանջները, իսկ կենդանին տեղափոխվում է կացարան:

Հոդված 12. Ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները

1. Կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպումը թույլատրվում է միայն  տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սահմանված թույլտվության առկայության դեպքում:

2. Կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, դելֆինիարիաների, էկզոտարիումների, կենդանիների մասնակցությամբ կրկեսների եւ նմանատիպ կառույցների գործունեության կարգը սահմանում է կառավարությունը:

3. Ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների կամ նկարահանման համար օգտագործվող կենդանու հանդեպ արգելվում է կիրառել վարժեցման այնպիսի մեթոդներ, որոնք վնասում են  կենդանու առողջությունը:

4. Արգելվում է կենդանու մասնակցությունը այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը, որի արդյունքում կենդանին կարող է ենթարկվել տանջանքների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում:

5. Կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի ապահովելով մարդկանց եւ այլ կենդանիների անվտանգությունը:

Հոդված 13. Ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները

1. Ծառայողական նշանակության կենդանիների բուծումը, վարժեցումը եւ պատրաստությունը կազմակերպվում է եւ իրականցվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից:

2. Ծառայողական նշանակության կենդանիների վարժեցումից հետո (պատրաստման վերջում) իրականցվում են ծառայողական կենդանիների թեստեր (հանձնարարական ստուգում), որից հետո այդ կենդանիներին օգտագործելու իրավունքի համար տրվում է սերտիֆիկատ (վկայագիր) տարբեր ծառայության նպատակներով:

3. Պարեկության ժամանակ արգելվում է ծառայողական շների փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ առանց հսկողության թողնելը:

Հոդված 14. Կենդանիների բուծումը

1. Բուծվող կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորվում է սույն օրենքով կենդանի պահողի համար սահմանված պահանջների պահպանմանը:

2. Արգելվում է կենդանու նկատմամբ այնպիսի բնական կամ արհեստական սերմնավորման իրականացումը, որի արդյունքում նոր սերնդի մոտ առաջանում են հիվանդություններ եւ անոմալ շեղումներ, այդ թվում՝

1) հենաշարժողական հիվանդություններ,

2) խլություն,

3) կուրություն,

4) ատամների եւ գլխի դեֆորմացիա,

5) ագրեսիվություն:

3. Տնային կենդանիների բուծումը ձեռնարկատիրական նպատակով պետք է կազմակերպվի բուծարանում:

Հոդված 15. Կենդանիների վաճառքը ձեռնարկատիրական նպատակով

1. Կենդանիների վաճառք իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել յուրաքանչյուր վաճառքի ենթակա կենդանու համար կերի եւ ջրի բավարար քանակություն, տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք եւ պայմաններ:

2. Կենդանիների վաճառքը կարելի է իրականացնել միայն մասնագիտացված խանութներում կամ հատկացված բացօթյա տարածքներում՝  տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա եւ  կենդանիների նույնականացման անձնագրերի պարտադիր առկայությամբ:

Հոդված 16. Կենդանիների պահումը կացարաններում

1. Կենդանիների կացարաններում կարող են պահվել թափառող, գտնված կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիներ: Կացարան տեղափոխված  կենդանիները անհրաժեշտ անասնաբուժական միջոցառումներից եւ ստերջացվելուց հետո կամ բաց են թողնվում համայնք, կամ մշտապես պահվում են կացարանում կենդանու խնամքի առանձնահատկությունների, կենդանու անվտանգության կամ համայնքի անվտանգության նկատառումներով պայմանավորված համայնքի  ավագանու հայեցողությամբ, կամ ենթարկվում են քնեցման սույն օրենքով սահմանված հիմքերով:

2. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել պահվող կենդանիների կենսաբանական առանձնահատկություններին համապատասխան պայմաններ, բավարարել նրանց կերի, ջրի, քնի, շարժման եւ բնականոն վարքի բոլոր պահանջները:

3. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել անասնաբուժական  ծառայության գործունեության կազմակերպումը՝ կացարանը սպասարկող  անասնաբույժի միջոցով, ապահովելով կացարանում պահվող կենդանիների հիվանդությունների ախտորոշման, բուժման եւ կանխարգելիչ այլ միջոցառումների իրականացման նպատակով:

4. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են վարել կացարանում պահվող կենդանիների հաշվառում բոլոր այն տվյալների գրանցմամբ, որոնք թույլ կտան նույնականացնել կենդանուն:

5. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կորած եւ կացարան բերված կենդանու պահողին գտնելու համար:

6. Կենդանիների կացարանների պատասխանատուները կենդանուն կարող են հանձնել տիրապետման միայն 18 տարին լրացած գործունակ անձանց օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

7. Կենդանիների կացարանը պետք է ունենա ինտերնետային հարթակ,որտեղ կտեղադրեն գտնված եւ կացարանում պահվող կենդանիների նկարները եւ այլ տեղեկատվություն:

8. Կենդանիների կացարանը պետք է իրականացնի կացարանից կենդանիների  պահման խթանմանն ուղղված միջոցառումներ՝ ներառյալ հանրային իրազեկման եւ սոցիալական գովազդների միջոցով:

9. Կացարաններում կենդանիների պահման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը:

ԳԼՈՒԽ 4

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՔՆԵՑՈՒՄԸ, ԱՆԿԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ, ԹԱՂՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Հոդված 17. Կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցումը

1. 1. Կենդանիների կյանքն  ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջների վերաբերյալ իրավահարաբերությունները կանոնակարգվում են «Անասնաբուժության մասին» օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Հոդված  18. Անկած կենդանիների դիակների հավաքումը, թաղումը եւ ոչնչացումը

1. Անկած կենդանիների դիակների թաղման վայրերը որոշվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ անասնաբուժական, շրջակա միջավայրի պահպանության, ճարտարապետական, քաղաքաշինության եւ շինարարական գործունեության օրենսդրության համաձայն:

2. Անկած կենդանիների դիակների հավաքման, թաղման եւ ոչնչացման կարգը սահմանում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

3. Արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:

ԳԼՈՒԽ 5

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 19. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունների կատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի այլ դրույթների խախտումներն առաջացնում են վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Եզրափակիչ դրույթ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 21. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում  են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը. առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Վերոնշյալ ցանկից հատկապես հրատապ է թափառող կենդանիների հետ կապված կարգավորումների անհրաժեշտությունը՝ պայմանավորված անվտանգային եւ առողջապահական լուրջ խնդիրներով:

Այս խնդիրներին լուծում տալու նպատակով բազմաթիվ բազմաշահառու քննարկումների արդյունքում միջազգային փորձի խորքային ուսումնասիրությամբ մշակվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» մայր օրենքի (այսուհետ՝ Օրենք) եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում են առկա խնդիրների իրավական լուծումները:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու  արգելված գործողությունները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները, ինչպես նաեւ կարգավորվում կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման ոլորտում ծագող իրավահարաբերությունները: Օրենքի նախագծի կարգավորումներից բացի՝ նախագծի ընդունումից հետո ՀՀ կառավարության եւ լիազոր մարմինների կողմից կընդունվեն նախագծից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնցով կամբողջացվի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի իրավական դաշտը:

Օրենքի նախագծում հստակեցված են լիազոր մարմիններից յուրաքանչյուրի իրավասության շրջանակները, որը կնպաստի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանը եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելմանը:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար ընդլայնել արդեն իսկ սահմանված քրեական պատասխանատվության տիրույթը: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են եւ բխում են այն իրողությունից, որ չնայած իրավական ակտերով սահմանված որոշակի սանկցիաներին՝ գործնականում դատական պրակտիկա չի ձեւավորվել, ինչը վկայում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ոլորտում անհրաժեշտ գործիքակազմի պակասի կամ թերությունների մասին:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոփություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում  հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կստանձնեն լիազորություններ սույն օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, վաճառքի, թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նախագծերի փաթեթով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նաեւ լրացումներ կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում, որոնցով սահմանվել են համապատասխան թույլտվությունների տրամադրման համար գանձվող տտեղական տուրքերը եւ դրանց դրույքաչափերը: Դրանք սահմանելիս հաշվի են առնվել նաեւ այդ ոլորտում առկա միջազգային փորձը:

Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները՝ որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ: Գույքային իրավունքներն իրացնելիս հաշվի չի առնվում կենդանիների՝ որպես զգայական եւ կենսաբանական պահանջներ ունեցող, ցավազգաց էակներ լինելու հանգամանքը եւ սույն իրավունքների իրացման շրջանակում կենդանիները պաշտպանված չեն դաժան եւ անպատասխանատու վերաբերմունք պարունակող գործողություններից: Սույն նախագծերի կարգավորումներով կենդանիների նկատմամբ գույքային իրավունքներն իրացնելիս կարգելվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը:

Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է՝ «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են կենդանիների բարեկեցության սկզբունքները, տնային կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանիներ տիրապետողների պարտականություններն ու իրավասությունները, փորձարկումների համար օգտագործվող կենդանիների շուրջ իրավահարաբերությունները ճանաչել ուժը կորցրած եւ սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով: Բացի այդ առաջարկվում է անասնաբուժական գործունեությունը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, ինչը կնպաստի անասնաբուժության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: Առաջարկվող կարգավորումը բխում է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունից:

Օրենքի եւ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի եւ մի շարք այլ երկրներում կենդանիների բարեկեցության հիմնական սկզբունքները, կենդանիների բնակակոն վարքի պահանջմունքները կարգավորող իրավական նորմերը, վերահսկողության եւ ապատասխանատվության մեխանիզմները:

Թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների հետ կապված հիմնախնդրի լուծումը հեղինակների կողմից ուսումնասիրված եւ այդ ոլորտում հաջողած երկրներում հնարավոր է դարձել բացառապես համալիր եւ բազմակողմանի օրենսդրական, ենթաօրենսդրական լուծումների եւ ինստիտուցիոնալ գործիքակազմերի առկայության եւ փուլային կիրարկման պարագայում, որոնց խիստ պարզեցված ցանկը հետեւյալն է՝
 

Նախագծերի փաթեթի մշակման փուլերում մշտապես տեղի են ունեցել քննարկումներ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ձեւավորված Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ վեր հանված խնդիրներն ու իրավական կարգավորումները դիտարկվել են նախագծերում:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները եւ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը: Օրենքով նախատեսվող տնային կենդանիների հաշվառման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների՝ հատկապես շների լքելու դեպքերը, որը իր հերթին կնպաստի թափառող անտուն շների գլխաքանակի նվազեցմանը:

Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունները եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Օրենքի նախագծում նաեւ  հստակ սահմանվում են հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմները քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչությանը:

Գրություն