«1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության դեպքերի, կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան, «Կենդանիների նկատմամբ պետասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի դրույթները խախտելով՝ կենդանու քնեցումը, կենդանի վիճակում կենդանու մաշկահանումը, մորթազերծումը, հերձումը կամ անդամահատումը, կենդանի վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցներից նետելը, բոլոր տեսակի կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը, թափառող կենդանիների այնպիսի բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ առանց մահվան ելքի, կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը.
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը. առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Վերոնշյալ ցանկից հատկապես հրատապ է թափառող կենդանիների հետ կապված կարգավորումների անհրաժեշտությունը՝ պայմանավորված անվտանգային եւ առողջապահական լուրջ խնդիրներով:
Այս խնդիրներին լուծում տալու նպատակով բազմաթիվ բազմաշահառու քննարկումների արդյունքում միջազգային փորձի խորքային ուսումնասիրությամբ մշակվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» մայր օրենքի (այսուհետ՝ Օրենք) եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում են առկա խնդիրների իրավական լուծումները:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու արգելված գործողությունները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները, ինչպես նաեւ կարգավորվում կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման ոլորտում ծագող իրավահարաբերությունները: Օրենքի նախագծի կարգավորումներից բացի՝ նախագծի ընդունումից հետո ՀՀ կառավարության եւ լիազոր մարմինների կողմից կընդունվեն նախագծից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնցով կամբողջացվի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի իրավական դաշտը:
Օրենքի նախագծում հստակեցված են լիազոր մարմիններից յուրաքանչյուրի իրավասության շրջանակները, որը կնպաստի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանը եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելմանը:
Նախագծերի փաթեթով նախատեսվում է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար ընդլայնել արդեն իսկ սահմանված քրեական պատասխանատվության տիրույթը: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են եւ բխում են այն իրողությունից, որ չնայած իրավական ակտերով սահմանված որոշակի սանկցիաներին՝ գործնականում դատական պրակտիկա չի ձեւավորվել, ինչը վկայում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ոլորտում անհրաժեշտ գործիքակազմի պակասի կամ թերությունների մասին:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոփություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կստանձնեն լիազորություններ սույն օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, վաճառքի, թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագծերի փաթեթով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նաեւ լրացումներ կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում, որոնցով սահմանվել են համապատասխան թույլտվությունների տրամադրման համար գանձվող տտեղական տուրքերը եւ դրանց դրույքաչափերը: Դրանք սահմանելիս հաշվի են առնվել նաեւ այդ ոլորտում առկա միջազգային փորձը:
Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները՝ որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ: Գույքային իրավունքներն իրացնելիս հաշվի չի առնվում կենդանիների՝ որպես զգայական եւ կենսաբանական պահանջներ ունեցող, ցավազգաց էակներ լինելու հանգամանքը եւ սույն իրավունքների իրացման շրջանակում կենդանիները պաշտպանված չեն դաժան եւ անպատասխանատու վերաբերմունք պարունակող գործողություններից: Սույն նախագծերի կարգավորումներով կենդանիների նկատմամբ գույքային իրավունքներն իրացնելիս կարգելվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը:
Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է՝ «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են կենդանիների բարեկեցության սկզբունքները, տնային կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանիներ տիրապետողների պարտականություններն ու իրավասությունները, փորձարկումների համար օգտագործվող կենդանիների շուրջ իրավահարաբերությունները ճանաչել ուժը կորցրած եւ սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով: Բացի այդ առաջարկվում է անասնաբուժական գործունեությունը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, ինչը կնպաստի անասնաբուժության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: Առաջարկվող կարգավորումը բխում է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունից:
Օրենքի եւ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի եւ մի շարք այլ երկրներում կենդանիների բարեկեցության հիմնական սկզբունքները, կենդանիների բնակակոն վարքի պահանջմունքները կարգավորող իրավական նորմերը, վերահսկողության եւ ապատասխանատվության մեխանիզմները:
Թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների հետ կապված հիմնախնդրի լուծումը հեղինակների կողմից ուսումնասիրված եւ այդ ոլորտում հաջողած երկրներում հնարավոր է դարձել բացառապես համալիր եւ բազմակողմանի օրենսդրական, ենթաօրենսդրական լուծումների եւ ինստիտուցիոնալ գործիքակազմերի առկայության եւ փուլային կիրարկման պարագայում, որոնց խիստ պարզեցված ցանկը հետեւյալն է՝
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները եւ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը: Օրենքով նախատեսվող տնային կենդանիների հաշվառման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների՝ հատկապես շների լքելու դեպքերը, որը իր հերթին կնպաստի թափառող անտուն շների գլխաքանակի նվազեցմանը:
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունները եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Օրենքի նախագծում նաեւ հստակ սահմանվում են հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմները քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչությանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ