Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11332-04.08.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է ոստիկանությունում ծառայության կազմակերպման, սկզբունքների, պաշտոնների դասակարգման, պաշտոնների համալրման, կոչումների շնորհման, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաեւ ոստիկանությունում ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Ոստիկանությունում ծառայությունը

1. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում եւ իրականացվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու եւ մարդասիրության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

2. Սույն օրենքը տարածվում է նաեւ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ոստիկանության ծառայողների վրա:

3. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաեւ ոստիկանության ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանության ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում՝ երեք տարին մեկ պարբերականությամբ:

4. Ռոտացիայի ենթակա ոստիկանության ծառայողների ցանկը եւ ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

5. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

6. Ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավական ակտերով ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

8. Ոստիկանությունում ծառայության բարեվարքության համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» եւ «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքներով:

9. Ոստիկանության ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «ով ծառայում է ոստիկանությունում» բառերը փոխարինել «ով ծառայության է անցել սույն օրենքով սահմանված կարգով,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում «զբաղեցնող պետերի,» բառերից հետո լրացնել «հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկանի,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 21-ին եւ 22-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասում «ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման» բառերը փոխարինել «ունենալու կամ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու» բառերով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը մինչեւ իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել ոստիկանությունում ծառայության այլ պաշտոնի:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 9.2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«9.2. Ոստիկանությունում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով դիտարկվում է ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողների թեկնածությունը:»:

Հոդված 8. Օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասում «երկշաբաթյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Ոստիկանության ծառայողի հիմնական իրավունքները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, ոստիկանության ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1)  օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը.

2) իրավական պաշտպանությունը՝ դատական եւ վերադասության կարգով.

3) ոստիկանության պաշտոնի եւ կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը:»:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Ոստիկանության ծառայողի հիմնական պարտականությունները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, ոստիկանության ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հետ աշխատելու՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

2) օրենքով սահմանված դեպքերում բժշկական ստուգում անցնելը, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելը, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը.

3) ալկոհոլ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելու դեպքում հիմնավոր կասկածի հիմքով, ղեկավարի գրավոր եւ պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելը:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել 38.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 38.1. Համատեղ ծառայություն իրականացնելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական ենթակայությունը

1. Համատեղ ծառայություն իրականացնելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական ենթակայությունը որոշում է համատեղ ծառայություն նշանակող ղեկավարը (հրամանատարը):

2. Ծառայությամբ միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ավագությունը որոշվում է պաշտոններով եւ կոչումներով:»:

Հոդված 12. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 39. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ, 31-րդ եւ 32-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումներից բացի, ոստիկանության ծառայողն իրավունք չունի նաեւ՝

1) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.

2)  մասնակցել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում մասնակցության դեպքերի.

3) լինել որեւէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական միավորման (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների, ինչպես նաեւ արհեստակցական եւ կրոնական կազմակերպությունների) անդամ:»:

Հոդված 13. Օրենքի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւալ խմբագրությամբ.

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ»

Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից առնվազն մեկը՝ խիստ կարգապահական կամ «Կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ.».

2) 1-ին մասի 7-րդ եւ 9.1-ին կետերը ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել 1.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.2. Դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցվելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելու, ինչպես նաեւ «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կոպիտ խախտում կատարելու դեպքում վերջինս ազատվում է ոստիկանությունում ծառայությունից:».

4) 3-րդ մասում «9-րդ եւ 9.1-ին կետերով» բառերը փոխարինել «9-րդ կետով եւ 1.2-րդ մասով» բառերով:

Հոդված 15. Օրենքի 41-րդ, 42-րդ, 42.1-ին, 43-րդ հոդվածները եւ 11.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին, 5-8-րդ մասերը, սույն օրենքի 9-րդ, 10-րդ հոդվածները, սույն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերը, 13-րդ, 14-րդ հոդվածները, ինչպես նաեւ 15-րդ հոդվածը՝ 41-րդ, 42-րդ, 42.1-ին եւ 43-րդ հոդվածների մասով, ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաեւ 15-րդ հոդվածը՝ 11.1-ին գլխի մասով, ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարարության հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթերորդ ամսվա ամսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներքին գործերի նախախարության ստեղծման հիմնական նպատակներից էր մեկ պետական մարնի ենթակայությամբ Ոստիկանության եւ Փրկարար ծառայության գործունեության ապահովումը: Սա բացատրվում եւ հիմնավորվում է այն հանգամանքով, որ թեեւ այս երկու մարմինները տարբեր դերեր են կատարում հանրային անվտանգության եւ արտակարգ իրավիճակներին արձագանքման տիրույթում, սակայն եւ՛ Ոստիկանությունը, եւ՛ Փրկարար ծառայությունը կարեւոր դեր են խաղում պետության ներքին անվտանգության եւ բարեկեցության ապահովման գործում: Հաշվի առնելով, որ Ոստիկանությունը եւ Փրկարար ծառայությունն ունեն հստակ դերեր, նրանք հաճախ համագործակցում են արտակարգ իրավիճակների ժամանակ, որոնք պահանջում են համակարգված արձագանք: Օրինակ՝ այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են՝ բնական աղետները, խոշոր վթարները կամ վտանգավոր նյութերի հետ կապված միջադեպերը, ոստիկանության ծառայողները աշխատում են փրկարար ծառայողների հետ՝ ապահովելով տարածքի անվտանգությունը եւ աջակցելով տարհանման աշխատանքներին եւ այլն: Ե՛վ Ոստիկանությունը, եւ՛ Փրկարար ծառայությունը նպաստում են հանրային անվտանգությանը, բայց նշված ծառայությունները դա անում են տարբեր ձեւերով: Ոստիկանության ծառայողների գործունեության նպատակը հանցանքների կանխումը եւ վերացումն է, մինչդեռ փրկարարական ծառայողները կենտրոնանում են կյանքին, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող արտակարգ իրավիճակներին արձագանքելու վրա: Որոշ արտակարգ իրավիճակներում ոստիկանության ծառայողները կարող են լինել առաջին արձագանքողներից, ովքեր ժամանել են դեպքի վայր, քանի դեռ չեն ժամանել փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումերը: Որոշ դեպքերում, երբ փրկարար ծառայողները իրականացնում են փրկարարական գործողություններ, ոստիկանության ծառայողները այդ վայրում կարգավորում, վերահսկում են երթեւեկության կամ տարածքի անվտանգությունը: Ավելի մեծ միջադեպերի դեպքում Ոստիկանությունը եւ Փրկարար ծառայությունը կարող են համատեղել ռեսուրսները, ինչպիսիք են՝ կապի ուղիները, սարքավորումները եւ այլն: Այս համագործակցությունը բարձրացնում է արտակարգ իրավիճակներին արձագանքման ջանքերի ընդհանուր արդյունավետությունը: Հետեւաբար, թեեւ Ոստիկանությունը եւ Փրկարար ծառայությունն ունեն հստակ դերեր եւ պարտականություններ, նրանք ունեն ընդհանուր նպատակ՝ ապահովել հանրային անվտանգությունը եւ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Նրանց համագործակցությունը որոշակի իրավիճակներում ընդգծում է այս երկու ենթակա պետական մարմինների փոխկապակցվածությունը արտակարգ իրավիճակներին արձագանքման եւ հանրային անվտանգության ապահովման ավելի լայն շրջանակում:

Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում ծառայության անցման հարաբերությունները կանոնակարգվում են տարբեր օրենքներով՝ համապատասխանաբար «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքներով, սակայն տարիների փորձը եւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են բավականին մեծ թվով համընկնումներ եւ օրենսդրական կարգավորումների կրկնություններ, հատկապես՝ խրախուսանքի եւ կարգապահական ընթացակարգերում: Բացի այդ, գործող կարգավորումների համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունն (այսուհետ՝ Նախարարություն) է իրականացնում Ոստիկանության եւ Փրկարար ծառայության նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում՝ խախտումների բացահայտման եւ ծառայողական քննությունների անցկացման մասով: Դրանով պայմանավորված՝ առաջարկվում է ընդունել նոր կարգապահական կանոնագիրք, որը կտարածվի ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ՝ փրկարարական ծառայողների վրա՝ խրախուսանքի եւ կարգապահական ընթացակարգերի կիրառման մասով: Մեկ կարգապահական ընթացակարգի կիրառումը պայմանավորված է նաեւ գործող օրենքներում առկա հակասություններով: Մասնավորապես, հանրային ծառայության բարեփոխումների համատեքստում առաջնային խնդիր էր՝ միասնականացնել հանրային ծառայողներին վերաբերող դրույթները, որոնք առկա էին պետական ծառայությունները կարգավորող առանձին օրենքներում: Այդ բարեփոխումների համատեքստում միասնականացվեցին նաեւ ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի եւ կարգապահական տույժերի տեսակները՝ համապատասխան օրենքներում հղում կատարելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին: Նման կարգավորումներ նախատեսվեցին նաեւ ոստիկանության ծառայողների համար, սակայն որոշ հանգամանքներով պայմանավորված՝ այդ օրենքի նախագիծը ԱԺ չներկայացվեց: Արդյունքում, ստացվեց մի իրավիճակ, երբ բոլոր օրենքներում եւ ծառայության տեսակներում, բացի Ոստիկանությունից, կիրառվում են նույն տույժերը եւ խրախուսնքի տեսակները: Ավելին, փոփոխությունների արդյունքում ի հայտ եկան խնդիրներ, որոնք գործնականում մեծ դժվարություն են առաջացնում օրենքը կիրառողների համար: Խոսքը վերաբերում է փրկարար ծառայողներին առնչվող կարգավորումներին: Մասնավորապես, Փրկարար ծառայության կարգապահական հարաբերությունները կարգավորող օրենքում հղումներ են կատարվում «Փրկարար ծառայության մասին» օրենքին, իսկ վերջինս հղում է կատարում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին եւ այլն: Բացի այդ, թեԲ Ոստիկանության, թեԲ Փրկարար ծառայության դեպքում տույժերի եւ խրախուսանքների հետ կապված հարաբերությունները կանոնակարգված են այդ ծառայությունները կարգավորող օրենքներում, իսկ դրանց կիրառման հարցերը՝ կարգապահական առանձնահատկությունները կարգավորող օրենքներում: Մինչդեռ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման դեպքերում այդ հարաբերությունները մեկ իրավական ակտով կանոնակարգելն ամբողջականացնում եւ դյուրին է դարձնում դրա կիրառումը: Բացի այդ, նման մոտեցման դեպքում միասնական կարգավորումներն ավելի ընկալելի են լինում նաեւ ծառայողների համար, քանի որ շատ դեպքերում թեԲ հղումների, թեԲ  եզրույթների առումով լինում են տարընկալումներ: Բացի այդ, Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում կարգապահության ապահովումը համակարգային կապի մեջ է գտնվում ծառայողների բարեվարքության համակարգի, ծառայողների էթիկայի հանձնաժողովների ձեւավորման եւ գործունեության, ծառայողների վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների եւ շահերի բախման կանոնների խախտումների քննության եւ այդ դեպքերում պատասխանատվության առանձնահատկությունների հետ: Ընդ որում, յուրաքանչյուր ծառայությանը վերաբերելի բարեվարքության առանձնահատկությունները նպատակահարմար է սահմանել տվյալ ծառայության կարգապահական հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտով, իսկ ընթացակարգային ընդհանրությունները՝ մեկ իրավական ակտի շրջանակներում: Նշված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերանայել ոստիկանության կարգապահական կանոնագիրքը եւ ընդունել «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք»: Միաժամանակ, վերը նշվածին համահունչ՝ Փրկարար ծառայության կանոնագրքում եւս անհրաժեշտ է նախատեսել փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգի առանձնահատկություններ:

«Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք»-ը հստակ ակնկալիքներ է սահմանում ծառայողների վարքագծի եւ գործողությունների վերաբերյալ: Այն կօգնի ապահովել, որ ծառայողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար: Բացի այդ, կանոնագիրքը սահմանում է հստակ չափանիշներ՝ հասկանալու համար, թե արդյոք նրանց գործողությունները պարունակում են խախտման հատկանիշներ, թե՝ ոչ: Ծառայողների կարգապահական պատասխանատվության հարաբերությունները կարգավորող  օրենքները ծառայում են որպես շրջանակ՝ ապահովելու, որ իրավապահ մարմինները գործում են արդարության, հաշվետվողականության եւ անձանց իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան: Միաժամանակ, «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք»-ը կարեւոր նշանակություն կունենա նաեւ հանրության կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ հստակ ակնկալիքներ ձեւավորելու հարցում:

Ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների նկատմամբ վերջիններիս գործառույթների կատարմամբ պայմանավորված հանրային հետաքրքրությունը պարտավորեցնում են ավելի աչալուրջ լինել նրանց վարքագծին եւ դրա իրավաչափությանը: Համակարգի ներսում արատավոր երեւույթների դեմ արդյունավետ պայքարի համար «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանվել են համապատասխան գործիքակազմեր, որոնք հնարավորություն կտան՝ ապահովելու կանխատեսելի եւ պատշաճ վարքագիծ:

Կարգապահական ընթացակարգերի հստակ կարգավորվածության կարեւոր շահառու է հանդիսանում հանրությունը, քանի որ նշված ընթացակարգերի արդյունավետությունը միտված է՝ առաջին հերթին ապահովելու քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Այս հարաբերությունների կարգավորումը օրենքի մակարդակով երաշխավորում է, որպեսզի ծառայողները հարգեն մարդու իրավունքները, զերծ մնան անհիմն գործողություններից,  խտրական վերաբերմունքից կամ չարաշահումներից: Սա կարող է օգնել կանխել իշխանության չարաշահումը եւ ոչ իրավաչափ վարքագիծը: Պատասխանատվության անխուսափելիությունը ենթադրում է, որ խախտումները հանգեցնելու են իրավական հետեւանքների, ինչը նույնպես կարող է զսպող միջոց ծառայել ծառայողների անօրինական վարքագծի դրսեւորումների դեմ: Կարգապահական հստակ եւ արդյունավետ ընթացակարգերի առկայությունը ապահովում է թափանցիկություն, որը խթանում է հանրային վստահությունը՝ քաղաքացիներին թույլ տալով՝ պատասխանատվության ենթարկել պետական մարմիններին վերջիններիս գործողությունների համար: Բացի այդ նման կարգավորումները պարունակում են նաեւ քաղաքացիական վերահսկողության տարրեր, որոնք հնարավորություն են տալիս՝ վերահսկելու պետական մարմնի վարքագիծը: Կարգապահական արդյունավետ ընթացակարգերը, բացի իրավական հետեւանքներ առաջացնելուց, կարող են ծառայել նաեւ անձնակազմի կառավարման կապակցությամբ արդյունավետ որոշումներ կայացնելուն: Մասնավորապես, կարող են ազդել ծառայողների վերապատրաստման եւ կրթության վրա: Ըստ էության, կարգապահական կանոնակարգերը էական նշանակություն ունեն պետական մարմինների էթիկական, թափանցիկ գործունեության եւ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում: Դրանք անհրաժեշտ նախադրյալներ են ապահովում հաշվետվողականության եւ քաղաքացիների նկատմամբ արդար վերաբերմունքի համար:

«Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքի եւ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերով կարգավորվել են նաեւ ծառայողների վարքագծի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր ծառայության համար էթիկայի առանձին հանձնաժողովների ձեւավորման եւ գործունեության առանձնահատկությունները: Առաջարկվել է ստեղծել մշտական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողովներ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներին համահունչ: Այս կարգավորումները հնարավորություն կտան՝ երաշխավորելու ոստիկանության եւ փրկարար ծառայության ծառայողների բարեվարք գործունեությունը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները եւ ապահովելով նման խախտում կատարած անձանց նկատմամբ համարժեք արձագանքը՝ պատասխանատվության միջոցների կիրառմամբ:

«Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագծով միասնականացվել են ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննության անցկացման ընթացակարգային կարգավորումները: Արդյունավետ ծառայողական քննության գործիքակազմի առկայությունը կարեւոր է ոստիկանության եւ փրկարարական ծառայողների արհեստավարժության, պատրաստվածության եւ էթիկական վարքագծի ամենաբարձր չափանիշները պահպանելու համար: Համապարփակ օրենսդրական կարգավորումները նպաստում են որակյալ ծառայողական քննության անցկացմանը, ինչը կենսական նշանակություն ունի ունակ, հաշվետու եւ բարեվարք ծառայողներ ունենալու համար: Այն երաշխավորում է, որպեսզի ծառայողները շարունակաբար զարգացնեն իրենց կոմպետենցիաները՝ դրսեւորելով բարեվարք եւ իրավաչափ վարքագիծ:

Բացի այդ, դեռեւս 2023 թվականին՝ Նախարարության ձեւավորմամբ, մի շարք ոչ ոստիկանական գործառույթներ, հատկապես՝ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, աջակցող ֆունկցիոնալը, քաղաքացիական ծառայության ձեւով տեղափոխվել են Նախարարության տիրույթ: Նշված փոփոխության նպատակը Ոստիկանության զարգացման ապահովումն է՝ որպես մասնագիտացված կառույց, ինչը ենթադրում է, որ Ոստիկանությունը պետք է իրականացնի միայն ոստիկանական գործառույթներ: Այնուամենայնիվ, մինչ օրս ոստիկանության կազմում է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը, որն իրականացնում է հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների հետ կապված վարչական տվյալների միասնական հավաքագրում եւ հաշվառում: Ըստ այդմ, Ինֆորմացիոն կենտրոնի գործունեությունն առավելապես բնորոշ է քաղաքացիական ծառայությանը, ինչից ելնելով՝ նպատակահարմար է այն տեղափոխել Նախարարություն՝ ոստիկանության ծառայությունից վերափոխելով քաղաքացիական ծառայության:

Բացի այդ, «Ոստիկանության մասին» օրենքի 24.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս իրավունք ունի Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնելու նավավարի սթափության վիճակի ստուգում, իսկ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3»-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձեւերը: ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատվել է ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը: Արդյունքում, գործող իրավակարգավորումները ոստիկանությանը լիազորել են՝ տեխնիկական սարքավորմամբ իրականացնելու միայն վարորդների եւ նավավարի սթափության վիճակի ստուգում: Այլ դեպքերում ոստիկանությունը նշված ստուգումներն իրականացնում է անձին համապատասխան բժշկական հաստատություններ տեղափոխելու միջոցով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանվել են մի շարք դրույթներ, որոնցով վարչական ներգործության միջոցներ կիրառելն անմիջականորեն պայմանավորված է անձի սթափության վիճակի հետ: Մասնավորապես, Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է նաեւ վարչական իրավախախտումը հարբած վիճակում կատարելը: Բացի այդ, Օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձի դեպքում` նրա սթափվելու ժամանակից: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել՝ Ոստիկանությանը վերապահել սթափության վիճակի ստուգում իրականացնելու լիազորություն:

Բացի նշվածից, ներկայումս Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում եւ գրասենյակում, Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով առաջացել է համապատասխան ծառայողների սոցիալական երաշխիքների վերանայման անհրաժեշտություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1) ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը եւ խրախուսանքները ու ապահովել միասնական մոտեցում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա, իսկ ոլորտային օրենքներով սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ կարգավորումները: Նման մոտեցման պարագայում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կատարումը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը կտարածվի նաեւ Ոստիկանության վրա,

2) ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների հիմնական իրավունքների, պարտականությունների եւ նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների շրջանակի կապակցությամբ ապահովել միասնական մոտեցում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ու «Փրկարար ծառայության մասին» օրենքներում սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները եւ նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները,

3) ամրագրել ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը, յուրաքանչյուր ծառայության համար ստեղծել առանձին էթիկայի հանձնաժողովներ եւ սահմանել համապատասխան ծառայողների բարեվարքության խախտումների քննության առանձնահատկությունները,

4) ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունների անցկացման համար ամրագրել միասնական մոտեցում եւ այդ գործընթացի ընթացակարգային հարաբերությունները կարգավորել «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքով,

5) միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ՝ Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասխան խրախուսանքի եւ կարգապահական տույժի տեսակներ,

6) ապահովել Նախարարության ոստիկանության կազմում գործող, սակայն իր բնույթով ոչ ոստիկանական գործառույթ իրականացնող Ինֆորմացիոն կենտրոնի տեղափոխումը Նախարարություն,

7) հանցագործությունները եւ վարչական իրավախախտումները կանխելիս եւ բացահայտելիս, ինչպես նաեւ՝ հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությանը վերապահել իրավասություն՝ իրականացնելու սթափության վիճակի ստուգում,

8) Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն՝ ատեստավորման արդյունքներով տրվող հավելավճարին զուգահեռ ոստիկանության եւ փրկարարական ծառայողները կստանան օրենքով նախատեսված լրավճար եւ հավելումներ,

9) Ոստիկանության եւ Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ նշված ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում ծառայությունից ազատվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները),

10) Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները, ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Ընդ որում, պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) չի պահպանվի:

11) «Փրկարար ծառայության մասին» օրենքում նախանական մասնագիտական կրթության հետ կապված եզրութաբանությունը համապատասխանեցնել գործող ոլորտային օրենքին:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

4. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2-րդ՝ «Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում եւ բարեվարքության ամրապնդում» ուղղության 5-րդ՝ «Ոստիկանության համակարգում կոռուպցիայի կանխարգելում եւ բարեվարքության ամրապնդում» կետից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության եւ փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը եւ խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների եւ փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» օրենքով: Բացի այդ, նախագծերի փաթեթի ընդունմամբ Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում կընդլայնվի ղեկավար անձանց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասխան խրախուսանքի եւ կարգապահական տույժի տեսակներ:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ Նախարարության ոստիկանության կազմում գործող, սակայն իր բնույթով ոչ ոստիկանական գործառույթ իրականացնող Ինֆորմացիոն կենտրոնի տեղափոխումը Նախարարություն:

Բացի այդ, հանցագործությունները եւ վարչական իրավախախտումները կանխելիս եւ բացահայտելիս, ինչպես նաեւ՝ հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությանը կվերապահվի լիազորություն՝ իրականացնելու սթափության վիճակի ստուգում:

Միաժամանակ, կբարելավվեն Նախարարության, Ոստիկանության եւ Փրկարար ծառայության համապատասխան ծառայողների սոցիալական երաշխիքները, իսկ «Փրկարար ծառայության մասին» օրենքը կհամապատասխանեցվի գործող ոլորտային օրենքի եզրութաբանությանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն