Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1135-05.08.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար- տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:

ԳԼՈՒԽ 2
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Հոդված 2. Համաներման կիրառման շրջանակները

1. ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչեւ 2019 թվականի հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձինք ազատվում են պետական տուրքի եւ պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պետական տուրքի գծով պարտավորությունների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով դրամական պահանջների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 3.
Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ եւ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Կարգավորման ենթակա խնդիրը.

Սույն օրենքը կարգավորում է մինչեւ 2019 թվականի հունիսի 29-ը ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի  19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի եւ պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի գծով համաներման հետ կապված հարաբերությունները:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2015-2019թթ. գործող խմբագրության 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով սահմանված են եղել ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար պետական տուրքի դրույքաչափերը՝ ամսական, եռամսյակային եւ տարեկան տուրքերի ձեւով: 2019 թվականի հունիսի 29-ին ուժի մեջ մտած՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (25.06.19թ. ՀՕ-69-Ն) 2-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի՝ ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզավորման համար սահմանված պետական տուրքեր սահմանող նորմերը (19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետ) ուժը կորցրած են ճանաչվել, սակայն գործունեությունը շարունակում է համարվել լիցենզավորման ենթակա: 2015-2019 թթ. ընթացքում ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման բնագավառում լիցենզիաներ են տրամադրվել 10950 ֆիզիկական անձանց: Նշված ժամանակահատվածում սույն գործունեությունը իրականացնող ավելի քան 5000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որի ընդհանուր գումարը կազմում է 1 342 211 152 ՀՀ դրամ, որից տուրքը՝ 927 160 504 ՀՀ դրամ, իսկ տույժը՝ 415 050 648 ՀՀ դրամ:

2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման ոլորտում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները: Հաշվի առնելով, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցման ավելի քան 90%-ը կենտրոնացված են ուղեւորափոխադրումների պատվերներ ընդունող եւ փոխանցող էլեկտրոնային հարթակներում (այսուհետ՝ Հարթակ)՝ կանոնակարգվեց Հարթակների գործունեությունը՝ ուղեւորափոխադրման սույն ծառայության մատուցումը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան ներառելով ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հարթակներով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ուղեւորների փոխադրման յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում՝ փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության եւ պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի տրամադրումը պատվիրատուին, ինչպես նաեւ փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը եւ վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով եւ կարգով, ընդ որում՝ ըստ նոր կարգավորման՝ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն Հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով: «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7 հոդվածի 2-րդ մասով սահմանվեցին թեթեւ մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղեւորափոխադրումների իրականացման համար պետական տուրքի կանխիկ եւ անկանխիկ վճարումների չափերը, որը կազմում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1,5-ից մինչեւ 5%-ը՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում աճման դինամիկայով:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հարթակներում ներառված են 60-65 հազար ֆիզիկական անձինք, որոնց կողմից գեներացվում են հաշվիչ դրամարկղային կտրոններ եւ Հարթակների միջոցով պետական բյուջե է մուտքագրվել  330 մլն.դրամ պետական տուրք: Հատկանշական է, որ ներկայումս Հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ծառայություն են մատուցում նաեւ 2015-2019 թթ ընթացքում պետական տուրքի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց  բացարձակ մեծամասնությունը, որոնք դեռեւս զբաղվում են սույն գործունեությամբ:

Մինչեւ 2019 թվականի հունիսի 29-ը ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի եւ պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի գծով համաներում կիրառելու նախաձեռնության համար հիմք են հանդիսանում լիազոր մարմնի կողմից արձանագրած փաստերն առ այն, որ.

1) Ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման գործունեության համար սահմանված պետական տուրքը հանվել է դեռեւս 2019 թվականի հունիսի 29-ից («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք (25.06.19թ. ՀՕ-69-Ն):

2) «Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» (03.07 2019 թ. ՀՕ-86-Ն) օրենքով (այսուհետ՝ Օրենք) համաներվել է ապօրինի գործունեություն ընթացքում վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը: Այսինքն՝ համաներում է կիրառվել առանց լիցենզիայի ոլորտում գործող եւ անհավասար մրցակցային պայմաններ առաջացնող տնտեսվարողների առաձին խմբի տուգանքների նկատմամբ, մինչդեռ լիցենզավորված, լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք վճարած ֆիզիկական անձինք, որոնք չեն վճարել կամ թերի են վճարել ամսական պարբերականությամբ սահմանված գումարները գտնվելով Օրենքով համաներման շրջանակում ներառված սուբյեկտների հետ անհավասար մրցակցային պայմաններում՝  դուրս են մնացել համաներմամբ նախատեսված սուբյեկտների շրջանակից:

3) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումների հետեւանքով թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ծառայություններ մատուցող, այդ թվում՝ 2015-2019թթ. գործունեության համար պետական տուրքի պարտավորությունների պատճառով վարչարարության ենթակա եւ ներկայումս սույն ծառայությունը մատուցող ֆիզիկական անձինք, այժմ գործում են օրինական դաշտում՝ Հարթակների միջոցով թափանցիկ իրականացնելով յուրաքանչյուր պատվերի արժեքի մասին տեղեկատվության եւ պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի պատվիրատուին տրամադրումը եւ փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի վճարումը պետական բյուջե: Նախկինում գոյացած պետական տուրքի եւ տույժերի պարտավորությունների նկատմամբ համաներումը լիազոր մարմինը դիտարկում է որպես խրախուսանք՝ ծառայությունների մատուցման գործունեությունը ստվերային դաշտից օրինական միջավայր տեղափոխելու եւ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7 հոդվածի 2-րդ մասով սահմանված վճարումների պարտաճանաչ կատարման շրջանակում:

4) Համաներման կիրառումը լիազոր մարմինը դիտարկում է նաեւ կիրառվող համաներման հասցեատեր-շահառուների սոցիալական վիճակը բարելավելու տեսանկյունից:

5) ՀՀ գործող օրենսդրությունը հստակ նորմով որեւէ ժամկետային սահմանափակում չի նախատեսում պետական տուրքի գանձման վերաբերյալ վարչարարություն իրականացնելու համար, այնուամենայնիվ, հանրային դրամական պահանջի ձեւով ֆիզիկական անձանց նկատմամբ 2015-2019թթ. գոյացած պարտքերի գանձման համար իրականացվող վարչարարությունը կարող է դատական վերահսկողության փուլում վիճահարույց լինել՝ հաշվի առնելով պետական տուրքի գանձման մասին վարչական ակտն ընդունած վարչական մարմնի նման լիազորությամբ վարչական ակտի ընդունման պահին օժտված լինելու հանգամանքի ոչ միանշանակ լինելը (քննարկվող գործունեության տեսակը հիմնականում ոչ կանոնավոր փոխադրումների շրջանակում իրականացնելու հանգամանքը, որը այլեւս լիցենզավորման ենթակա չլինելու դեպքում վիճահարույց է նաեւ ներկայումս լիազոր մարմնի կողմից տուրքի գանձման մասին որոշումներ կայացնելու լիազորությունը), ինչպես նաեւ դատարանների կողմից այլ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավադադարեցնող ժամկետները քննարկվող իրավահարաբերության նկատմամբ կիրառելու տեսական հնարավորությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից:

5. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցման շուկան ավելի քան 90%-ով կենտրոնացած է Հարթակներում: Հարթակներից դուրս ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցման պատվերների բացակայության հետեւանքով ֆիզիկական անձինք սույն ծառայությունը մատուցում են Հարթակներում գրանցվելու միջոցով, հետեւաբար՝ անխուսափելիորեն կատարելով պետական տուրքի վճարման պարտականությունները որը մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը աճման միտումով կազմելու է  յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի մինչեւ 5%-ը: Նախագծի ընդունումը եւ հետեւաբար՝ ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց 2015-2019թթ. պետական տուրքի պարտավորությունների համար գոյացած ապառքի համաներումը նպատակ է հետապնդում խրախուսել անհատապես ուղեւորափոխադրումների ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց՝ օրենքի շրջանակում ծառայություններ մատուցելու, մասնավորապես՝ պետական տուրքի պարտավորությունները կատարելու եւ  2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտած՝  մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների վերջնական արդյունքներին հասնելու ռիսկերը չեզոքացնելու եւ ավարտին հասցնել համար:

6. Պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Հաշվի առնելով, որ սույն օրենքի նախագծում պետական տուրքի եւ պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի գծով համաներման ենթակա գումարը պետական բյուջեի ակնկալվող եկամուտներում ներառված չէ՝ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի 2025 թվականի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն