Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11361-13.08.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Աղբավայրը տնօրինողների կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը տնօրինող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումը կրկնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը տնօրինող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ N1 Նախագիծ) մշակվել է.

1) ելնելով «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթների վերանայման, ճշգրտման եւ արդիականացման անհրաժեշտությունից, պայմանավորված մի շարք նորմատիվ իրավական ակտերում, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, «Լիցենզավորման մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» եւ «Հանրային առողջապահության մասին» օրենքներում կատարված փոփոխություններով, որոնք առնչվում են Օրենքով սահմանվող դրույթներին,

2) հաշվի առնելով թափոնների կառավարման ոլորտում Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ ամրագրված շրջակա միջավայրի պահպանության առաջնահերթ ուղղությունների, այդ թվում՝ Կառավարության 2021 նոյեմբերի 8-ի թվականի N1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների շրջանակներում, գոյացող տարբեր տեսակի թափոնների պատշաճ կառավարման կանոնակարգերը, այդ թվում՝ պոլիքլորացված բիֆենիլների թափոնների գործածության կանոնները եւ պահանջները սահմանելու համար օրենքով Կառավարության իրավասությունը սահմանելու անհրաժեշտությունը,

3) հաշվի առնելով վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների, մասնավորապես՝ աղբավայրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) ապահովման համար օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունը:

Նախատեսվում է հստակեցնել դեպքերը, երբ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի իրականացումը պետք է իրականացվի դրանք տնօրինողների կողմից: Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում կիրառվող եւ Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/98/ԵՀ թափոնների մասին հրահանգով սահմանված սկզբունքները, մասնավորապես՝ «աղտոտողն է վճարում» սկզբունքը, թափոնների հեռացման վայրերում (այդ թվում՝ աղբավայրերում) մոնիթորիգ իրականացնելու պարտավորությունների կատարման պատասխանատու կհանդիսանան թափոնների հեռացման վայրերը շահագործողները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տվյալ վայրը, օբյեկտը տնօրինողները: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը թափոնների գործածության բացասական ազդեցությունների վերհանման նպատակով, իր լիազորությունների շրջանակներում՝ տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան կիրականացնի թափոնների հեռացման վայրերի կամ դրանց հարակից տարածքների հողի, մթնոլորտային օդի, մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքում՝ ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով, իսկ հավաքագրված տվյալների ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքները կտեղադրի պաշտոնական էլեկտրոնային կայքում: Թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգի, դիտարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքները կկիրառվեն թափոնների կառավարման ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակման, համապատասխան միջոցառումների ծրագրման եւ իրականացման համար:

4) պայմանավորված Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները մի շարք նոր սահմանումներով լրացնելու, ինչպես նաեւ արդեն սահմանված որոշ հասկացությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ,

5) հաշվի առնելով թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով գործածության ապահովման կարեւորությունը, գնահատելով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկը, համապատասխան խիստ պահանջների սահմանման կամ որոշ դեպքերում արտոնությունների տրամադրման անհրաժեշտությունը:

ՀՀ բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի N 430-Ն հրամանով հաստատված «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների» ցանկում ներառված են շուրջ հազար տեսակի վտանգավոր թափոններ, վտանգավորության տարբեր (1-ից 4-րդ) դասի: «Լիցենզավորման մասին» օրենքի եւ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգի համաձայն՝ ՀՀ-ում վտանգավոր թափոնների հավաքմանը, փոխադրմանը, տեղադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը եւ թաղմանն ուղղված գործունեություներ կատարող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա եւ գործածության գործունեության վերը նշված տեսակ(ներ)ին համապատասխան՝ լիցենզիայի ներդիրներ (1-ից 10-ը): Գործող օրենսդրությամբ հազարից ավելի տարբեր տեսակի վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորմանը ներկայացվող պահանջները նույն են թե՛ տվյալ թափոնը առաջացնողի համար, եւ թե՛ վտանգավոր թափոնների գործածության ոլորտում տնտեսական գործունեությամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների համար, ինչը որոշ դեպքերում խնդիրներ է առաջացնում եւ՛ տնտեսվարողների գործունեության, եւ՛ պետական մարմինների գործառույթների իրականացման ընթացքում: Մասնավորապես տնտեսվարողների գործունեության ընթացքում գոյանում են որպես վտանգավոր դասակարգված թափոններ, օրինակ՝ սկզբնական սպառողական հատկությունները կորցրած հանքային կամ սինթետիկ յուղեր, մարտկոցներ, անվադողեր, լյումինեսցենտային լամպեր եւ այլ թափոններ, սակայն մինչեւ մասնագիտացված կազմակերպություններին հանձնելը դրանց նույնիսկ կարճաժամկետ, օրինակ՝ մի քանի օր պահման դեպքում, եթե տնտեսվարողը չունի վտանգավոր թափոնի գործածության լիցենզիա եւ տվյալ թափոնի տեսակի պահման համար լիցենզիայի ներդիր, ապա վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից կարձանագրվի, որպես օրենքի խախտում՝ համապատասխան հետեւանքներով: Այս պարագայում ստացվում է, որ հանրապետությունում լիցենզավորման ենթակա են գրեթե բոլոր տնտեսվարողների գործունեությունները, ուստի առկա է անհրաժեշտություն՝ թափոններ առաջացնողների մոտ, իրենց գործունեության ընթացքում գոյացող եւ իրենց պատկանող համապատասխան տարածքում կամ օբյեկտում թափոնների կարճաժամկետ (մինչեւ 30 օր) կուտակումը չդիտարկել որպես Օրենքի իմաստով «թափոնների պահում», որը թափոնների կառավարման ոլորտի օրենսդրության համաձայն համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, այլ դիտարկել որպես «թափոնների կուտակում»:

Միջազգային պրակտիկայում կիրառվում են եւ օրենսդրությամբ (օրինակ՝ Թափոնների մասին 2008/98/ԵՀ հրահանգով) սահմանված են համանման կարգավորումներ, ըստ որոնց՝ ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփական գործունեության թափոնների կարճաժամկետ պահումը չի համարվում այնպիսի գործունեության տեսակ, որի համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություններ:

Առկա է անհրաժեշտություն՝ Օրենքով ամրագրելու կամ հստակեցնելու թափոնների կառավարման բնագավառում Կառավարության եւ լիազոր մարմնի որոշ իրավասությունները, ինչպես նաեւ թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները թափոնների հաշվառման, վտանգավոր թափոնների անձնագրավորման, դրանց գործածության գործունեության լիցենզավորման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացներում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ N2 Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու եւ կանխատեսելու, դրանց բացասական հետեւանքները ժամանակին բացահայտելու եւ կանխարգելելու նպատակով թափոնների հեռացման վայրերը (այդ թվում՝ աղբավայրերը) շահագործողներն ու տնօրինողները իրականացնում են պարբերական մոնիթորինգ: Եվրոպական խորհրդի 1999 թվականի ապրիլի 26–ի «Աղբավայրերի մասին» 1999/31/ԵՀ հրահանգի դրույթներին համապատասխան մշակվել եւ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2105-Ն որոշմամբ հաստատվել է աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը, ինչի համաձայն աղբավայրի շահագործման ընթացքում եւ փակումից հետո պետք է իրականացնել աղբավայրից վնասակար նյութերի արտահոսքերի, արտանետումների, ինչպես նաեւ հարակից տարածքի հողերի մոնիթորինգ: Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2105-Ն որոշմամբ սահմանված աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգերը վերաբերում են աղբավայրերը շահագործողներին (համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ), իսկ շահագործողների բացակայության դեպքում, աղբավայրի շահագործման ժամկետը լրանալու կամ այլ պատճառով աղբավայրի շահագործումը դադարեցնելու պարագայում՝ նաեւ տվյալ աղբավայրը տնօրինողներին (աղբավայրը տնօրինելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձանց, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող աղբավայրի դեպքում՝ համայնքի ղեկավար):

Նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) եւ փորձաքննության իրականացման ընթացքում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պահանջները կամ պայմանները չկատարելու, իսկ սահմանված ժամկետների դեպքում` սահմանված ժամկետներում չկատարելու կամ խախտելու կամ դրանցից շեղվելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎ օրենսգիրք) 94.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված է վարչական տուգանքի կիրառում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածով նախատեսված է վարչական տուգանքի կիրառում: Աղբավայրը շահագործողների բացակայության դեպքում, աղբավայրը տնօրինողների կողմից օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն անտեսելը թույլ չտալու համար անհրաժեշտություն է առաջացել՝ ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածով վարչական տուգանքի կիրառում նախատեսել նաեւ աղբավայրը տնօրինողների նկատմամբ, եթե վերջիններս իրենց իրավասությունների սահմաններում չեն իրականացնի աղբավայրերի մոնիթորինգի կարգով սահմանված պահանջները: ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածի լրացվող 3-րդ եւ 4-րդ մասերով վարչական տուգանքի չափը սահմանելիս ուղենիշ է ընդունվել ՎԻՎ օրենսգրքի 94.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տուգանքի չափերը՝ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում նախատեսելով վարչական տուգանքի կրկնապատիկը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ամրագրել, հստակեցնել Կառավարության, շրջակա միջավայրի եւ առողջապահության նախարարությունների որոշ իրավասությունները, մասնավորապես՝ օրենքով սահմանել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը:

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները նախատեսվում է լրացնել նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները ճշգրտել, հստակեցնել:

Նախատեսվում է Օրենքով ամրագրել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորմանը վերաբերող կարգավորումները:

Նախատեսվում է Օրենքում որոշ լրացումների կատարմամբ հստակեցնել թափոնների հաշվառման, վտանգավոր թափոնների անձնագրավորման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաեւ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի եւ ուսումնասիրությունների իրականացման գործընթացները:

Հիմք ընդունելով «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները եւ հաշվի առնելով աղբավայրերի անվերահսկելի օգտագործման եւ մոնիթորինգ չիրականացնելու ռիսկերը՝ N2 Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՎԻՎ օրենսգրքի 43.2-րդ հոդվածում՝ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար վարչական պատասխանատվության միջոց սահմանելով նաեւ աղբավայրը տնօրինողների նկատմամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելու նպատակը՝ աղբավայրը շահագործողների բացակայության դեպքում աղբավայրը տնօրինողներին մոնիթորինգի իրականացման անհրաժեշտ ռեսուրսներն ապահովելու համար ժամանակ տրամադրելն է:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Օրենքում կկատարվեն մասնավորապես հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

1) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «թափոնների պահում» հասկացությունը կսահմանվի որպես թափոնների ժամանակավոր (30 օրը գերազանցող ժամկետով) պահեստավորում հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում, քանի որ «թափոնի տեղադրումը» Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ պարբերությունով սահմանված է որպես թափոնների մեկուսացում, որը բացառում է թափոնի հետագա օգտագործումը, իսկ «պահման» դեպքում տվյալ թափոնի օգտահանումը հնարավոր է, ուստի «տեղադրում» բառի կիրառումը «թափոնների պահում» հասկացության բացատրական մասում հակասություն է ստեղծում Օրենքում ներկայացված սահմանումների միջեւ,

2) 4-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ պարբերությունում «առանձնացված» բառը կփոխարինվի «հատկացված» բառով, 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ պարբերությունով սահմանված «հատուկ հատկացված տեղեր» եզրույթին համապատասխանեցնելու համար,

3) 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ պարբերությունում «գործածության» բառը կփոխարինվի «տեղադրման կամ պահման» բառերով, քանի որ բացատրական մասում թվարկված են թափոնների տեղադրման կամ պահման տեղեր կամ օբյեկտներ, իսկ «տեղաբաշխման» հասկացությունը Օրենքի 4-րդ հոդվածով ընդհանրապես սահմանված չէ, բայց ենթադրում է թափոնների տեղադրում կամ պահում հատուկ հատկացված տեղերում (ըստ՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ պարբերության, 20-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի):

4) 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ պարբերությունը «տեղադրման» բառից հետո կլրացվի «կամ պահման» բառերով, քանի որ թափոնների պահումը՝ դրանց ժամանակավոր պահեստավորումն է հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում եւ նույնպես շրջակա միջավայրի աղտոտման ռիսկ է պարունակում, ինչպես նաեւ այն հիմնավորմամբ, որ ՀՀ հարկային օրենսգրքում եւ մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերում «թափոնների տեղադրում» եւ «թափոնների պահում» հասկացությունները համատեղ են ներկայացված, եւ զուգահեռ հանդիսանում են բնապահպանական հարկով հարկման ենթակա օբյեկտներ, իսկ համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի՝ թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը հաստատվում են վտանգավոր թափոնների նաեւ պահման համար, ուստի կատարվող լրացմամբ Օրենքով թափոնների տեղադրման եւ պահման սահմանաքանակներին վերաբերող դրույթները կհամապատասխանեցվեն ինչպես ՀՀ հարկային օրենսգրքի, այնպես էլ Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով սահմանված դրույթներին: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ պարբերությունից «, որոշակի ժամկետով» բառերը կհանվեն՝ անորոշությունը վերացնելու նպատակով:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ պարբերությունում եւ 20-րդ հոդվածում «տեղաբաշխում» բառը կփոխարինվի «տեղադրում կամ պահում» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով, քանի որ «թափոնների տեղաբաշխում» եզրույթը Օրենքով սահմանված չէ,

5) 4-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «ընդերքօգտագործման թափոններ» հասկացության բացատրական մասում «եւ այլ թափոններ» ընդհանրական եւ անորոշ ձեւակերպումը կփոխարինվի հանքանյութի վերամշակման, հարստացման ընթացքում գոյացող «պոչանքներ» թափոնատեսակի անվանումով, ինչի սահմանումը տրված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով,

6) 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Լիցենզավորման մասին» օրենքին համապատասխան կլրացվի «վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա» հասկացությունով, ինչով կսահմանվի վտանգավոր թափոնների գործածության տեսակները եւ դրանցով զբաղվելը թույլատրող փաստաթուղթը,

7) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների տեսակավորում» սահմանումով, ինչը կնկարագրի թափոնների գործածության տվյալ տեսակը, որը Օրենքի 6-րդ հոդվածում սահմանվում է, որպես թափոնների գոյացման եւ դրանց վտանգավորության նվազեցմանն ուղղված, թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական միջոցներից մեկը.

8) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «պոլիգոն» հասկացությունով, ինչը նկարագրում է Օրենքում օգտագործվող «պոլիգոն» եզրույթը՝ նախատեսված թունավոր, հրդեհավտանգ, քայքայիչ կամ այլ վտանգավոր հատկություններ ունեցող թափոնների պահման կամ հեռացման համար, բացառությամբ կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերի, ինչին վերաբերող կարգավորումներն արդեն սահմանված են «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի շրջանակներում,

9) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա)» հասկացությունով, ինչն օրենքով սահմանում է թափոնների գործածության առաջնահերթությունները՝ նախընտրելի քայլերի հաջորդականությամբ: Թափոնների գործածության ոլորտում առաջնահերթ դիտարկվող քայլը դրանց գոյացման կանխարգելումն է եւ քանակի կրճատումը, հաջորդ նախընտրելի գործողությունը արդեն օգտագործված ապրանքների վերաօգտագործումն է սկզբնական կամ այլ նշանակությամբ, այնուհետեւ դրանց հաջորդում են թափոնների վերամշակմանը ուղղված գործողությունները, թափոնների հիերարխիայի հաջորդ քայլը թափոնների օգտագործումն է ջերմային կամ էլեկտրական էներգիա ստանալու համար, եւ եզրափակիչ փուլը վերամշակման կամ օգտահանման ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովումն է: Թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա) կիրառման սկզբունքի վրա հիմնված միջոցառումները, գործողությունները սահմանվում են նաեւ Օրենքի խմբագրվող 21-րդ հոդվածով,

10) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների սեփականատեր» հասկացությունով, ինչը բխում է նաեւ Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/98/ԵՀ թափոնների մասին հրահանգից, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքից,

11) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների կուտակում» հասկացությունով, ինչով թափոնների առաջացման վայրում կամ թափոնների գործածության օբյեկտում թափոնների առաջացման կամ հավաքման պահից առավելագույնը 30 օր ժամկետով կարճաժամկետ պահեստավորումը կհամարվի «թափոնների կուտակում», ուստի թափոն առաջացնողները, որոնք նպատակ չունեն երկարատեւ իրենց մոտ պահել թափոնները, շահագրգռված կլինեն հնարավորինս շուտ թափոնները հանձնելու մասնագիտացված կազմակերպություններին դրանք օգտահանելու կամ հեռացնելու համար եւ մի քանի օր թափոնները կուտակելու համար ստիպված չեն լինի վճարել բնապահպանական հարկեր եւ լիցենզավորել գործունեությունը՝ ստանալ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի ներդիր՝ «թափոնների պահման» համար: Թափոնների մասին 2008/98/ԵՀ հրահանգով եւս առաջարկվում է ոչ ձեռնարկատիրական նպատակով թափոնների կարճաժամկետ պահումը չհամարել գործունեության տեսակ, որի իրականացման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն:

12) 4-րդ հոդվածը կլրացվի 2-րդ մասով, ինչը հնարավորություն կտա ընդերքօգտագործման թափոններին վերաբերող եզրույթները (օրինակ՝ պոչանքներ, պոչամբար, արտադրական լցակույտ, օգտակար հանածո), որոնք օգտագործվում են սակայն սահմանված չեն Օրենքում, օգտագործել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված իմաստով,

13) 6-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 21-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացումները թույլ կտան թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները համալրել թափոնների կառավարման նոր սկզբունքով, մոտեցումներով եւ դրանց իրականացումն ապահովող միջոցառումներով, մասնավորապես՝ կապված թափոնների գործածության ստորակարգության կիրառման, թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ներդրման հետ, որոնք բազմաթիվ զարգացած եւ զարգացող երկրներում կիրառվող՝ թափոնների կառավարման արդյունավետ գործիքներ եւ եղանակներ են, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/98/ԵՀ թափոնների մասին հրահանգին համապատասխան՝ Օրենքով սահմանել, որ շրջակա միջավայրը թափոններով աղտոտողներն են կրում բացասական հետեւանքների վերացման կամ նվազեցման պարտականությունը,

14) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով թափոնների հաշվառման, գոյացման, հեռացման ու օգտահանման կարգը սահմանելու Կառավարության իրավասությունը սահմանող դրույթը կխմբագրվի եւ կհստակեցվի, քանի որ «թափոնների գոյացման կարգ» սահմանելը եւ ըստ կարգի թափոններ գոյացնելու պահանջներ ամրագրելը տնտեսվարողների համար կհանդիսանա անիրականանալի պահանջ, իսկ նշված կետով թվարկվող բոլոր գործողությունները (բացառությամբ՝ թափոնների հաշվառման եւ գոյացման) ներառված են Օրենքով սահմանված «թափոնների գործածություն» հասկացության մեջ:

N1 Նախագծի ընդունման դեպքում իրավական ակտով կսահմանվի Օրենքով կարգավորվող բոլոր թափոնների հաշվառմանը ներկայացվող ընդհանուր պահանջները, իսկ թափոնների գործածության կանոններն ու պահանջները, ներառյալ՝ տվյալ տեսակի թափոնի հաշվառմանը վերաբերող առանձնահատկությունները, կսահմանվեն նշված նորմատիվ իրավական ակտի առանձին հավելվածներով:

Գործածության հատուկ կանոններ պահանջող թափոնների տեսակների (օրինակ՝ անվադողերի, էլեկտրոնային սարքավորումների, շինարարական, էլեկտրական մարտկոցների, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող հանքային եւ սինթետիկ յուղերի, սնդիկ պարունակող թափոնների, եւ այլ թափոնների տեսակների) գործածության կանոններն ու պահանջները կսահմանվեն նշված իրավական ակտում փոփոխություններ կատարելու՝ տվյալ տեսակի թափոնի գործածության կանոններն ու պահանջները սահմանող նոր հավելվածով լրացնելու միջոցով: Նշված կարգավորումը գործադիր մարմնին հնարավորություն կտա թափոնատեսակների գործածության կանոններն ու պահանջները սահմանել մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով, այսինքն այլ թափոնատեսակների (իսկ դրանք բազմաթիվ են) գործածության կանոնները սահմանելիս, նոր իրավական ակտ ընդունելու՝ վերջինիս իրավական հիմքն ապահովելու (օրենքով լիազորող նորմ սահմանելու) համար յուրաքանչյուր անգամ Օրենքում նոր փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն չի առաջանա, համապատասխան լրացումներ կկատարվեն միայն Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված Կառավարության որոշման մեջ,

15) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման եւ տեղադրման» բառերը կփոխարինվեն «գործածության» բառով, քանի որ տվյալ լիցենզիայի անվանումը «Լիցենզավորման մասին» օրենքով փոփոխության է ենթարկվել,

16) 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ «ժէ.4» կետերը «տեղադրման» բառից հետո կլրացվեն «կամ պահման» բառերով՝ սույն բաժնի 4-րդ կետում ներկայացված հիմնավորմամբ,

17) 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետում շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) տվյալ գործառույթի անվանումը կներկայացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքին համապատասխան,

18) 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետում կատարվող լրացմամբ կհստակեցվեն Լիազոր մարմնի կողմից ընդունվող ենթաօրենսդրական իրավական ակտերի տեսակները, ներառյալ՝ ուղեցույցերը եւ հրահանգները,

19) 8-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի նոր կետով, ինչով կսահմանվի Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումն իրականացնելու իրավասությունը, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխությամբ այդ իրավասությունը տրված է կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին, որը համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման՝ շրջակա միջավայրի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինն է,

20) 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում կատարվող փոփոխությամբ նշված կետը կհամապատասխանեցվի «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթներին, իսկ վերահսկողություն բառը կհանվի, քանի որ առողջապահության նախարությունն այլեւս վերահսկողական գործառույթ չի իրականացնում,

21) Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը կլրացվի «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ» բառով, իսկ նույն գլխի վերնագրում «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ» բառը կհանվի, քանի որ թափոնների գործածության ոլորտում ստանդարտացմանը վերաբերող կարգավորումներ Օրենքում եւ Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում առկա չեն, իսկ վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորմանը վերաբերող դրույթները ներառվել են «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում,

22) Օրենքի 12-րդ, 21-րդ եւ 22-րդ հոդվածները «տեղադրման» բառից հետո կլրացվեն «կամ պահման» բառերով (համապատասխան հոլովաձեւերով)՝ սույն բաժնի 4-րդ կետում ներկայացված հիմնավորմամբ,

23) Օրենքը կլրացվի նոր 12.1 հոդվածով, ինչով կսահմանվեն ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը կարգավորող դրույթներ, Կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները, լիցենզավորված անձանց իրավունքներն ու պարտականությունները:

24) Օրենքի 13-րդ հոդվածի 1.1-ին մասում «թափոններ առաջացնողները» բառերը կփոխարինվեն «թափոններ առաջացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը» բառերով, քանի որ Օրենքով եւ Կառավարության սահմանած կարգերով վտանգավոր թափոնների անձնագրի, թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր մշակելու պահանջները սահմանված են իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար:

25) Օրենքի 13-րդ հոդվածի 1.1-ին մասում կատարվող լրացումը թափոններ առաջացնողներին Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում հնարավորություն կտա իրենց կողմից մշակված եւ հաստատված անձնագրերի գործողությունը դադարեցնել կամ սահմանված կարգով մշակել եւ հաստատել նոր անձնագրեր, եթե առաջանա այդպիսի անհրաժեշտություն (օրինակ՝ տվյալ տեսակի թափոնը ամբողջությամբ օգտահանված կամ հեռացված լիելու եւ այլեւս տվյալ թափոնի առաջացումը դադարած լինելու դեպքում, կամ թափոնի անձնագրում նշված տվյալները փոփոխված լինելու կամ իրականությանը չհամապատասխանելու դեպքում), միաժամանակ ծանուցելով այդ մասին լիազոր մարմնին:

26) Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող 1.2-րդ մասով կսահմանվի թափոն առաջացնողի իրավասությունը՝ վտանգավոր թափոնի հետ միասին փոխանցելու վտանգավոր թափոնի անձնագրի պատճենը, ինչը հնարավորություն կտա տվյալ թափոնի հետագա գործածության ընթացքում օգտվել արդեն հաստատված վտանգավոր թափոնի անձնագրի տվյալներից, առանց նոր անձնագրի կազմման եւ հաստատման:

27) Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 1.3-րդ մասով վտանգավոր թափոնների նոր սեփականատերը (այլ անձանց առաջացրած թափոնները Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան՝ տնօրինողը, օգտագործողը կամ տիրապետողը) կկրի պարտավորություն՝ թափոն առաջացնողի փոխարեն մշակել եւ հաստատել վտանգավոր թափոնների անձնագրեր, եթե տվյալ թափոնը առաջացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը բացակայում է,

28) Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման շնորհիվ Օրենքում կամրագրվի թափոնների գործածության մեջ ներգրավված անձանց պարտավորությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու նաեւ կուտակվող կամ պահվող թափոնների սկզբնական հաշվառումը,

29) Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում «ձեռներեցները» բառը կփոխարինվի «ձեռնարկատերերը» բառով՝ ՀՀ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխանեցնելու նպատակով, իսկ «տեղադրում» բառը՝ «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով, ինչը հնարավորություն կտա հստակեցնել հաշվետվությամբ ներկայացման ենթակա տվյալների շրջանակը՝ տեղեկատվություն ստանալու նաեւ պահվող, օգտահանվող, հեռացվող (վնասազերծվող, ոչնչացվող, տեղադրվող) թափոնների վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածում թափոնների գոյացման եւ դրանց շարժի վերաբերյալ համապարփակ տվյալներն անհրաժեշտ են թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման համար,

30) Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող խմբագրման շնորհիվ կհստակեցվի եւ ամբողջական կներկայացվի օրենսդրությամբ սահմանված հաշվետվության անվանումն ու բովանդակությունը,

31) Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխությամբ կհստակեցվեն թափոնների հեռացման վայրերը տնօրինող իրավաբանական անձանց (համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է) եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մոնիթորինգ իրականացնելու դեպքերը: Վերջիններս «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագրին համապատասխան կիրականացնեն մոնիթորինգ, եթե թափոնների հեռացման տվյալ վայրը (այդ թվում՝ աղբավայրերը) շահագործողները բացակայում են, դրանց շահագործումը դադարեցվել է կամ այդ հեռացման վայրերը փակվել են (օրինակ՝ աղբավայրերի դեպքում փակումից հետո առնվազն 5 տարի՝ հնարավոր արտանետումները, արտահոսքերը, հրդեհները կանխարգելելու, նվազեցնելու նպատակով): Համայնքային սեփականություն հանդիսացող թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգի կատարմամբ կապահովվի նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով համայնքի ղեկավարին պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը:

32) «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածից առաջարկվում է հանել «ինչպես նաեւ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը, քանի որ համաձայն Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/98/ԵՀ թափոնների մասին հրահանգի՝ շրջակա միջավայրը թափոններով աղտոտողները են կրում բացասական հետեւանքների վերացման կամ նվազեցման պարտականությունը (տվյալ պարագայում թափոնների հեռացման վայրերը շահագործող կամ տնօրինող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը), ուստի առաջարկվում է սահմանել, որ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինն իր լիազորությունների շրջանակներում (ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշման համապատասխան) տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան կամ պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկությամբ կիրականացնի թափոնների հեռացման վայրերի կամ դրանց հարակից տարածքների հողի, մթնոլորտային օդի, մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքում՝ ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով, իսկ հավաքագրված տվյալների ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքները կտեղադրի պաշտոնական էլեկտրոնային կայքում:

Թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգի, դիտարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքները կկիրառվեն թափոնների կառավարման ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակման, համապատասխան միջոցառումների ծրագրման եւ իրականացման համար:

33) Օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներում կատարվող փոփոխություններով թափոնների տեղադրման կամ պահման համար սահմանված բնապահպանական հարկերին առնչվող դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին,

34) Օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը կապահովի Օրենքից բխող նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի (օրինակ՝ Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով սահմանվածների) եւ գործող նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող համապատասխան իրավական ակտերի նախագծերի ընդունումը:

N2 Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի աղբավայրերի ապօրինի շահագործումը, աղբավայրը տնօրինողներն առավել հետեւողական կլինեն աղբավայրերի հարակից տարածքների պատշաճ պահպանման, աղբավայրի վնասակար ազդեցության մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման (այդ թվում՝ աղբավայրի շահագործման դադարեցման դեպքում եւ աղբավայրերի փակումից հետո) եւ լիազոր մարմիններին մոնիթորինգի տվյալների ներկայացման հարցում:

Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա իրականացվող միջոցառումների շնորհիվ կնվազեցվի շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցությունը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարությունների հետ.

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերն ուղղված են Կայուն զարգացման 11-րդ նպատակի 11.6 թիրախի, եւ 12-րդ նպատակի 12.4 ու 12.5 թիրախների նպատակների իրականացմանը:

Նախագծերն ուղղված են նաեւ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ամրագրված Կառավարության հնգամյա ծրագրի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի 8-րդ, 14-րդ եւ 17-րդ առաջնահերթ ուղղությունների, Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի, ինչպես նաեւ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների, մասնավորապես՝ աղբավայրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) ապահովման համար օրենսդրական կարգավորումների ապահովմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն