ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է հանրությանը եւ յուրաքանչյուր անձի թվային անվտանգ միջավայրում կամ բաց տեղեկությունների քաղաքականության իրականացման միջոցով արդյունավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու հետ կապված հարաբերությունները, որն ապահովում է նաեւ հանրային հսկողություն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, ինչպես նաեւ սահմանում է հանրային տեղեկություններին հասանելիության ապահովման, ամպային տիրույթում տեղակայման, այդ տեղեկությունների նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնելու եղանակները:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սույն օրենքով սահմանված տեղեկությունների հավաքագրման, մշակման, օգտագործման, տվյալների շտեմարանների ստեղծման, դրանց կառավարման, տեղեկությունները հասանելի դարձնելու հետ կապված հարաբերությունների վրա: Սույն օրենքի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտների իրավաբանական անձանց եւ սույն օրենքում նախատեսված պայմանագրեր կնքած իրավաբանական կամ ֆիզիական անձանց պատկանող շտեմարանների կամ տեղեկատվական համակարգերի վրա, որոնց միջոցով օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման կամ ծառայությունների մատուցման ընթացքում կատարվում է ֆիզիկական անձի նույնացում անձը հաստատող տվյալների հետ՝ անկախ այն հանգամանքից այդ տվյալները հավաքագրվում եւ/կամ մշակվում են օրենքի հիման վրա, թե տվյալների սուբյեկտի համաձայնությամբ:
3. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ օրենքով պաշտպանվող տեղեկությունների կամ տվյալների շտեմարանների վրա:
ՀՈԴՎԱԾ 2. Հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը
1. Հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրի նորմերը:
3. Սույն օրենքում նշված տեղեկություններին հասանելիությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) հանրային տեղեկություն (այսուհետ՝ տեղեկություն) - պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների (այսուհետեւ՝ պետական գործառույթ) իրականացման նպատակով եւ ընթացքում օրենքով սահմանված չափով եւ կարգով ձեռք բերված, գրանցված եւ/կամ ցանկացած եղանակով մշակված տվյալների ամբողջություն, անկախ նյութական կրիչից.
2) Ինքնավար մարմին - «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով (այսուհետ՝ Ինքնավար մարմին).
3) բաց տեղեկությունների քաղաքականություն - թվային տիրույթում հանրային հասանելիության ապահովում այն տեղեկությունների նկատմամբ, որոնք օրենքով պաշտպանվող տեղեկություններ չեն հանդիսանում.
4) հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալ - պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված տվյալների շտեմարաններում հավաքագրված եզակի, չկրկնվող տվյալներ, որոնք հավաքագրվել են տվյալների շտեմարանում օրենքով եւ/կամ պայմանագրով նախատեսված գործառույթների, պարտականությունների կատարման ընթացքում.
5) տեղեկության բազմակի օգտագործում - պետական գործառույթների իրականացման նպատակով եւ ընթացքում ձեռք բերված ու մշակված տեղեկությունների ստացում ու օգտագործում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից օրենքով չարգելված ցանկացած նպատակի համար.
6) տեղեկությունների մուտքի միասնական հարթակ - միասնական վեբ-կայք կամ ծրագրային հավելված, որն ապահովում է հասանելիություն տեղեկատվություն տնօրինողների գործունեությանը եւ նրանց կողմից մատուցվող ծառայություններին առնչվող հանրային տեղեկություններին, բազմակի օգտագործման ենթակա տեղեկություններին, ինչպես նաեւ էլեկտրոնային ծառայություններին.
7) տվյալների փոխանակման շերտ - ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս պետական տեղեկատվական համակարգին միացած շտեմարանների, ինչպես նաեւ այլ տեղեկատվական համակարգերի միջեւ ապահովել ցանցային կապ եւ փոխանակել տեղեկություններ թվային անվտանգ միջավայրում.
8) տվյալների կատալոգ - տվյալների կառավարման գործիք, որը պարունակում է համապարփակ տեղեկություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող տվյալների եւ դրանց առնչվող մետատվյալների վերաբերյալ.
9) բաց տեղեկություն - տեղեկություններ, որոնց կարող է հասանելիություն ստանալ, օգտագործել, փոփոխել եւ տարածել յուրաքանչյուր ոք.
10) տեղեկություններին հասանելիություն - տեղեկություն պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելու կամ թվային անվտանգ միջավայրում ծառայություններ մատուցելու կամ տեղեկության բացահայտմամբ տեղեկատվության ազատության իրականացման եղանակ.
11) տեղեկատվական համակարգ - «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված համակարգ.
12) ամպային տիրույթ - վիրտուալ միջավայր ամպային ենթակառուցվածքում, որը նախատեսված է տեղեկատվական ռեսուրսների կառավարման եւ հոսթինգի համար.
13) ամպային ծառայություն ՝ տվյալները եւ կիրառական ծրագրերը պահպանելու համար կիրառվող տեխնոլոգիա, որն աշխատում է ցանցի (առանձնացված կամ համացանցի) եւ վիրտուալ սերվերների միջավայրում եւ որն ամպային տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավորություն է տալիս մուտք գործել համօգտագործվող եւ մասշտաբային հաշվողական ռեսուրսների մի խումբ՝ առանց համակարգը փոփոխելու.
14) ամպային ծառայության մատակարար ՝ ցանկացած կազմակերպություն, որն առաջարկում է հաշվողական ծառայություններ (պահուստավորում, մշակում, ցանցային կապ) համացանցի միջոցով.
15) հանրային տեղեկությունների գաղտնիություն ՝ տեղեկատվական անվտանգության սկզբունք, որի խախտումը կարող է հանգեցնել տվյալների չարտոնված բացահայտման.
16) հանրային տեղեկությունների ամբողջականություն ՝ տեղեկատվական անվտանգության սկզբունք, որի խախտումը կարող է հանգեցնել տվյալների չարտոնված ձեւափոխման, ամբողջականության եւ իսկության խախտման, ինչպես նաեւ դրանց մասնակի կամ ամբողջական կորստի.
17) Լիազոր մարմին - «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով թվարկված ոլորտներում քաղաքականություն մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:
Հոդված 4. Լիազոր մարմնի իրավասություններ
1.Լիազոր մարմինն ունի հետեւյալ իրավասությունները.
1) Լիազոր մարմնի իրավասությունների շրջանակներում միասնական թվայնացված միջավայրի եւ թվային տնտեսության ձեւավորման նպատակով թվային փոխակերպման, միասնական քաղաքականության մշակում եւ իրականացում.
2) թվային լուծումների ստեղծման եւ զարգացման շրջանակներում պետություն-մասնավոր համագործակցության խթանում.
3) Լիազոր մարմնի իրավասությունների շրջանակներում տվյալների կառավարման եւ պահպանման միասնական համապարփակ քաղաքականության մշակում եւ իրականացում.
4) Լիազոր մարմնի իրավասությունների շրջանակներում թվային փոխակերպման ոլորտում միջպետական համագործակցության ապահովում, միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարում.
5) Լիազոր մարմնի իրավասությունների շրջանակներում տվյալաների մշակման միասնական քաղաքականության ձեւավորման ապահովումը.
6) Լիազոր մարմնի իրավասությունների շրջանակներում ամպային ծառայությունների ներդրման միասնական քաղաքականության մշակում եւ իրականացում.
7) Համագործակցելով Ինքնավար մարմնի հետ՝ միջազգային ստանդարտների հիման վրա պետական ամպային ենթակառուցվածքայի ազգային ստանդարտների մշակում եւ ներկայացում ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի հաստատմանը.
8) Հանրային իշխանության մարմինների կողմից թվային փոխակերպման ծրագրերի իրականացման եւ այդ ծրագրերի ֆինանսավորման գործընթացի համակարգում:
2. Հանրային իշխանության մարմինների կողմից թվային փոխակերպման ծրագրերի իրականացման եւ այդ ծրագրերի ֆինանսավորման գործընթացի համակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 5. Տեղեկությունների բազմակի օգտագործում
1. Բազմակի օգտագործման կարող է տրվել միայն այն տեղեկությունը, որը չի հանդիսանում օրենքով պաշտպանվող տեղեկություն: Եթե օրենքով պաշտպանված է հանդիսանում տեղեկության մի մասը, ապա բազմակի օգտագործման կարող է տրամադրվել տեղեկության այն մասը, որը չի հանդիսանում օրենքով պաշտպանված տեղեկություն կամ տեղեկության բազմակի օգտագործումը հնարավոր է, եթե այն չի պարունակում օրենքով պաշտպանված տեղեկության բացահայտման վտանգ:
2. Տեղեկությունների փոխանակումը պետական մարմինների միջեւ իրենց պետական գործառույթների իրականացման նպատակով չի հանդիսանում տեղեկության բազմակի օգտագործում:
3. Արգելվում է կնքել պայմանագրեր, որոնք պայմանագրի մյուս կողմին տալիս են տեղեկության բազմակի օգտագործման բացառիկ իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ նման պայմանագիր կնքելու թույլտվություն տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ելնելով պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաեւ այլ հանրային շահերի պաշտպանության նպատակներից: Այդ պայմանագրերի կնքման հիմնավորումները եւ դրանց արդիականությունը տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից ենթակա է վերանայման առնվազն երկու տարին մեկ:
4. Եթե տեղեկության բազմակի օգտագործման տրամադրումը խախտում է անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, ապա այդ տեղեկությունն արգելվում է տրամադրել բազմակի օգտագործման: Այդ դեպքում կարող է տրամադրվել տեղեկության այն մասը, որը չի խախտում անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը կամ տեղեկությունը պետք է տրամադրվի օգտագործման այնպես, որպեսզի չխախտի անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը:
5. Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին տեղեկությունը բազմակի օգտագործման համար տրամադրվում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված կարգով եւ չափով, լիցենզային պայմանագրի հիման վրա:
6. Տեղեկությունների օրենքով սահմանված կարգով տրամադրումը ներառում է նաեւ այդ տեղեկության բազմակի օգտագործման իրավունքը: Եթե տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագրի միջոցով պայմաններ է սահմանել մտավոր սեփականության իրավունքի օբյեկտ հանդիսացող տեղեկության օգտագործման համար, ապա այդ տեղեկությունն օգտագործվում է լիցենզային պայմանագրի պայմաններին համապատասխան:
7. Պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի տեղեկությունների կրկնօրինակումը ցանկացած կրիչի վրա, հետագայում որպես ճշգրիտ, արդիական տվյալ կամ տեղեկություն տեղեկատվական համակարգերի միջոցով ծառայություններ մատուցելու համար, արգելվում է:
ՀՈԴՎԱԾ 6. Տեղեկություններին հասանելիության ապահովումը թվային անվտանգ միջավայրում
1. Սույն օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է ապահովել տեղեկություններին հասանելիություն թվային ձեւաչափով: Թվային ձեւաչափով հասանելության դեպքում կիրառվում են ծրագրային հավելվածներ, հավելվածների ծրագրավորման միջերեսներ (API), հարթակներ, որոնք պետք է հնարավորություն տան անմիջապես բացահայտել, նույնականացնել եւ վերծանել կոնկրետ տվյալներ, ներառյալ առանձին փաստեր կամ դրանց ներքին կառուցվածքը (այսուհետ՝ մեքենայաընթեռնելի ձեւաչափ):
2. Տեղեկատվություն տնօրինողը որպես կանոն տեղեկությունները բացահայտում է թվային ձեւաչափով: Եթե տեղեկության բացահայտման համար տեղեկության փոխակերպումը թվային ձեւաչափի անհնար է կամ այդպիսի փոխակերպումն անհամաչափ մեծ ջանք կպահանջի տեղեկատվության տնօրինողից, ապա տրամադրվում է մուտք բաց տեղեկություններին՝ իրենց սկզբնական ձեւաչափով կամ ցանկացած այլ ձեւաչափով:
3. Տեղեկությանը թվային ձեւաչափով հասանելիություն ապահովելու համար կատարվող ողջամիտ ծախսերը ենթակա են հատուցման: Նշված գումարի ձեւավորման (հաշվարկի) կարգը եւ առավելագույն չափը սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով տեղեկությանը հասանելիություն ապահովելու ծախսերը: Տեղեկության տրամադրման համար «Պետական տուրքի մասին» , «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքներով եւ այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով կարող է գանձվել տուրք կամ վճար:
4. Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է իր պաշտոնական կայքում տեղադրել տեղեկության հասանելիության ապահովման փոխհատուցման եւ այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով գանձվող տուրքերի կամ վճարների չափերը, տեղեկությանը հասանելիություն ստանալու կարգը եւ պայմանները:
5. Եթե անձը պահանջում է տեղեկություն, որը պարունակում է իր վերաբերյալ օրենքով պաշտպանված տեղեկություն կամ որպես օրինական ներկայացուցիչ կամ լիազորագրի հիման վրա պահանջում է տեղեկություն երրորդ անձի վերաբերյալ, ապա տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է էլեկտրոնային նույնականացման միջոցով նույնականացնել հարցում կատարող անձին:
6. Սույն հոդվածում նշված տեղեկություններին (այդ թվում՝ բաց) հասանելիություն ապահովվում է տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով:
ՀՈԴՎԱԾ 7. Տեղեկությունների բացահայտումը
1. Տեղեկության բացահայտումը տեղեկատվություն տնօրինողի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հասանելիության տրամադրումն է տեղեկություններին՝ առանց տեղեկություն պահանջող անձի կողմից հարցում կատարելու:
2. Տեղեկությունների բացահայտումը ներառում է նաեւ այդ տեղեկությունների օրենքով սահմանված կարգով բազմակի օգտագործման իրավունքը: Եթե տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագրի միջոցով պայմաններ է սահմանել տեղեկության օգտագործման համար, ապա այդ տեղեկությունն օգտագործվում է լիցենզային պայմանագրի պայմաններին համապատասխան:
3. Տեղեկատվություն տնօրինողները պարտավոր են անհապաղ, բայց ոչ ուշ քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում բացահայտել իրենց գործունեությանն առնչվող այն տեղեկությունները եւ դրանցում կատարված փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով չեն դասակարգվել պետական գաղտնիքի կամ սահմանափակ տարածման այլ տեղեկությունների շարքին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկություններում կատարված փոփոխությունները բացահայտվում են դրանք կատարվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Տեղեկությունների բացահայտման կարգը եւ շրջանակը սահմանում է կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 8. Տեղեկատվություն տնօրինողների պաշտոնական կայքէջը
1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ վարչապետի աշխատակազմերը, պետական կառավարման համակարգի մարմինները, անկախ եւ ինքնավար պետական մարմինները, տարածքային կառավարման մարմինները, օրենքով սահմանված կարգով խոշորացված համայնքները պարտավոր են իրենց գործունեության լուսաբանման եւ տեղեկությունների բացահայտման համար ունենալ եւ սպասարկել պաշտոնական կայքէջեր, ապահովել դրանց անվտանգությունը: Սույն մասում նշված մարմինների կայքէջերին, դրանց սպասարկմանը եւ անվտանգությանը ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը: Սույն մասում նշված մարմինների կայքէջերին ներկայացվող պահանջները մշակելիս հաշվի է առնվում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները:
2. Պաշտոնական կայքէջերի սպասարկումը եւ անվտանգության ապահովումն իրականացվում է համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
ՀՈԴՎԱԾ 9. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակ եւ տվյալների կատալոգ
1. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակը ձեւավորում է Ինքնավար մարմինը՝ համագործակցելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ (ծառայություն մատուցողներ): Տեղեկությունների մուտքի միասնական հարթակն ապահովում է օգտատերերի հարմարավետությանը միտված աշխատանք՝ թվային ծառայությունների ստեղծմամբ: Տեղեկությունների մուտքի միասնական հարթակում թվային ծառայությունների մատուցմանը ներկայացվող չափորոշիչները, անվտանգության ու տեխնիկական ընդհանուր պահանջները, շտեմարանները տեղեկությունների մուտքի միասնական հարթակին միացնելու կարգը սահմանում է Ինքնավար մարմինը:
2. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակի կառավարումն ու զարգացումն ապահովում է Ինքնավար մարմինը՝ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Համապատասխան մարմինները պարտավոր են իրենց կողմից մատուցվող ծառայությունները ինտեգրել ու հասանելի դարձնել տեղեկությունների մուտքի միասնական հարթակում եւ ապահովել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկությունների ու տվյալների ճշգրտությունը, արդիականությունն ու հասանելիությունը:
4. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով մատուցվում են առնվազն հետեւյալ ծառայությունները.
1) Հասանելիություն է ապահովվում հանրային ծառայությունների կատալոգին.
2) Ապահովվում է հանրային ծառայությունների հետադարձ կապը եւ գնահատումը.
3) Ապահովվում է հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումները.
4) Տվյալների սուբյեկտին հասանելիություն է ապահովվում իր անձնական տվյալներին եւ փաստաթղթերին.
5) Ապահովվում է հանրային ծառայությունների հետագծելիությունը, այդ թվում՝ տվյալների սուբյեկտի համար.
6) Ապահովվում է պետական մարմինների հետ հաղորդակցությունը:
5. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակի կառավարման կարգը, անձնական տվյալները մշակելու, օգտագործելու եւ հասանելիություն ապահովելու կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
6. Տվյալների կատալոգը ձեւավորում եւ վարում է Ինքնավար մարմինը: Տվյալների կատալոգն ապահովում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում մշակվող տվյալների ակտիվների կառավարումը՝ ապահովելով յուրաքանչյուր մարմնում մշակվող տվյալների ցանկի վերաբերյալ սպառիչ տեղեկություններ, այդ տվյալները փնտրելու եւ գտնելու համար օգտատերերի հարմարավետությանը միտված ծառայություններ (այդ թվում՝ բաց տեղեկություններին)՝ օգտագործելով մետատվյալներ:
7. Մետատվյալները պետք է պարունակեն բավարար տեղեկություններ տվյալների ակտիվների բնութագրերի եւ հատկությունների մասին: Տվյալների կատալոգում կարող են օգտագործվել.
1) տեխնիկական մետատվյալներ, որոնք նկարագրում են տվյալների կառուցվածքը.
2) գործընթացային մետատվյալներ, որոնք նկարագրում են տվյալների ակտիվի ստեղծման, հասանելիության եւ օգտագործման պատմությունը.
3) գործարար մետատվյալներ, որոնք նկարագրում են տվյալների ակտիվի գործարար արժեքը, թույլ տալով օգտատերերին գնահատել դրանց արդիականությունը, ճշգրտությունը եւ կիրառելիությունը որոշակի դեպքերում:
8. Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող, սակայն տվալների կատալոգում չներառված տվյալի փոխանակումը պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի միջոցով:
9. Տվայալների կատալոգի կառավարումն ու զարգացումն ապահովում է Ինքնավար մարմինը՝ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Տվյալների կատալոգի ձեւավորման, վարման եւ թարմացման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
ՀՈԴՎԱԾ 10. Տվյալների հաղորդակցման ցանցին հասանելիությունը
1. Յուրաքանչյուր անձի պետք է հնարավորություն ընձեռվի «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքով նախատեսված պետական կամ համայնքային գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար օգտվելու հանրային տեղեկություններից:
2. Պետական կամ համայնքային գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար հանրային տեղեկություններից օգտվելու ապահովման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 11. Տվյալների շտեմարան
1. Տվյալների շտեմարանը տվյալների համակարգված ամբողջություն է, որը ստեղծվում եւ/կամ մշակվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տեղեկատվական համակարգերում եւ որն օգտագործվում է օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացմամբ ծառայություններ մատուցելու համար:
2. Տվյալների համակարգված ամբողջությունը, որը մշակվում է տվյալների շտեմարանում, կարող է բաղկացած լինել միայն այլ շտեմարաններում պարունակվող հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալներից:
3. Տվյալների հավաքագրումը տվյալների շտեմարան իրականացվում է միայն մեկ հարցման սկզբունքի հիման վրա: «Մեկ հարցման» սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացին իր վերաբերյալ ցանկացած տեղեկություն մեկ անգամ տրամադրելով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, ազատվում է նույն տեղեկությունը երկրորդ անգամ տրամադրելու պարտականությունից: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքով նախատեսված դեպքերում նաեւ իրավաբանական ու ֆիզիկական անձինք, պարտավոր են այդ տեղեկությունները սահմանված կարգով փոխանակել փոխգործելիության շրջանակում՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով:
4. Տվյալների շտեմարանում հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալների մշակումից կարող են ձեւավորվել սույն հոդվածի առաջին մասում նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նոր հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալներ եւ/կամ տեղեկություններ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ այն տվյալները կամ տեղեկությունները, որոնք գտնվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված իրավական ուժ ունեցող թղթային կրիչների (փաստաթղթերի) վրա, մուտք են արվում շտեմարան, որից հետո սույն հոդվածի 1-ին մասում նշված ծառայությունների մատուցման համար իրավական հիմք հանդիսանում է բացառապես շտեմարանում առկա տվյալը կամ տեղեկությունը: Իրավական ուժ ունեցող փաստաթղթերից տվյալների շտեմարան տվյալներ կամ տեղեկություններ մուտք անելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դրույթները չեն տարածվում արտաքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտներում լիազորված մարմինների եւ արտաքին հետախուզության ծառայության՝ օրենքով նախատեսված իրենց գործառույթների իրականացման նպատակով ստեղծված այն տվյալների շտեմարանների վրա, որոնց միջոցով իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ծառայություններ չեն մատուցվում:
ՀՈԴՎԱԾ 12. Պետական տեղեկատվական համակարգ
1.Պետական տեղեկատվական համակարգը բաղկացած է պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված, տվյալների փոխանակման շերտին միացված տվյալների շտեմարաններից, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված աջակցող համակարգերից եւ ապահովում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված դեպքերում նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործելիությունը:
2. Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցվելու համար շտեմարանը պետք է համապատասխանի սույն օրենքի հիման վրա հաստատված պահանջներին, այդ թվում՝ տվյալների պաշտպանության, փոխգործելիության եւ տեղեկատվական համակարգերի ավտանգության: Նշված պահանջներին համապատասխանությունը գնահատվում է տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի իրականացման միջոցով, որը ներառում է նաեւ խոցելիության գնահատումը եւ ներթափանցման թեստավորումը: Սույն մասով նախատեսված աուդիտ սահմանված կարգով կազմակերպում եւ իրականացնում է Ինքնավար մարմինը: Աուդիտի իրականացման եւ շտեմարանները պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
3. Պետական տեղեկատվական համակարգը պետք է ապահովի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով լուծումներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած ժամանակ ստույգ պարզել, այդ թվում՝ տվյալների սուբյեկտին, թե ում, ինչ նպատակով, երբ, ինչ ձեւով եւ ինչ տեղեկությունից օգտվելու հնարավորություն է տրվել (հասանելիություն է ապահովվել) կամ փոխանցվել, որը պարունակում է անձնական տվյալներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4.Պետական տեղեկատվական համակարգի կամ դրա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բաղկացուցիչ մասերի տեխնիկական սպասարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել իրավաբանական անձ կան գործառույթները վերապահվել որեւէ իրավաբանական անձի:
ՀՈԴՎԱԾ 13. Տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող տեղեկատվական համակարգերը
1. Տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք տեղեկատվական համակարգեր ձեւավորում են (այսուհետ՝ ոչ պետական տեղեկատվական համակարգ) տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օրենքով կամ պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման համար: Սույն հոդվածում նախատեսված համակարգերը սույն օրենքով սահմանված կարգով միացվում են պետական տեղեկատվական համակարգին, դրանում գրանցված տվյալների շտեմարաններին, տվյալների փոխանակման շերտին, անհրաժեշտության դեպքում այլ տեղեկատվական համակարգերի՝ թվային տիրույթում քաղաքացիներին որակյալ ու անվտանգ ծառայություններ մատուցելու նպատակով:
2. Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված շտեմարաններին եւ տվյալների փոխանակման շերտին միանալու համար ոչ պետական տեղեկատվական համակարգը պետք է համապատասխանի սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջներին: Նշված պահանջներին համապատասխանությունը գնահատում է Ինքնավար մարմինը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի միջոցով:
ՀՈԴՎԱԾ 14. Տվյալների շտեմարանների ստեղծում
1. Պետական մարմնի օրենքով նախատեսված լիազորության իրականացման կամ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտի կիրարկումն ապահավելու նպատակով տվյալների շտեմարան ստեղծվում եւ/կամ ներդրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցելու նպատակով ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանը ստեղծվում եւ/կամ ներդրվում է տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի օրենքով կամ կանոնադրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի կամ ֆիզիկական անձի որոշմամբ:
3. Արգելվում է նույն տվյալների հավաքագրման եւ մշակման համար առանձին տվյալների շտեմարանների ստեղծումը, այդ թվում՝ պետական եւ/կամ տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմամբ ծառայությունների մատուցման կամ պայմանագրի հիման վրա իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ծառայությունների մատուցման նպատակով:
4. Մինչեւ տվյալների շտեմարանի ստեղծումը կամ տվյալների շտեմարանում հավաքագրված տվյալների կազմում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ տվյալների շտեմարանի աշխատանքի դադարեցումը տվյալների շտեմարանի կառավարիչը պարտավոր է հաստատել անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը եւ ստանալ Ինքնավար մարմնի եզրակացությունը: Ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանների համար սույն մասում նշված անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը հաստատում եւ Ինքնավար մարմնից եզրակացություն ստանում է տեղական ինքնակառավարման մարմինը, իրավաբանական անձի օրենքով կամ կանոնադրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմինը կամ ֆիզիկական անձը: Մինչեւ տվյալների շտեմարանի ստեղծումը կամ տվյալների շտեմարանում հավաքագրված տվյալների կազմում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ տվյալների շտեմարանի աշխատանքի դադարեցումը անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի ցանկը հաստատում է Ինքնավար մարմինը:
5. Սույն հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում չգրանցված այն տվյալների շտեմարանների համար, որոնք ապահովում են միայն համապատասխան մարմնի կամ իրավաբանական անձի կառավարման ներքին կարիքները կամ փաստաթղթերի շրջանառությունը:
6. Տվյալների շտեմարանը երեք տարին մեկ ենթակա է աուդիտի, որը ներառում է նաեւ խոցելիության գնահատումը եւ ներթափանցման թեստավորումը: Աուդիտի արդյունքում գնահատվում է տվյալների շտեմարանի համապատասխանությունը սույն օրենքի, այլ օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի եւ կիրառելի ստանդարտների պահանջներին: Աուդիտ սահմանված կարգով կազմակերպում եւ/կամ իրականացնում է Ինքնավար մարմինը:
7. Տվյալների շտեմարանների աուդիտի իրականացման կարգը եւ տվյալների շտեմարանների ստեղծման ու շահագործման կիրառելի ստանդարտները հաստատում է Ինքնավար մարմինը:
8. Օրենքով նախատեսված կարգավորող եւ վերահսկող մարմինների կողմից կարգավորվող կամ վերահսկվող ոլորտներում կարող են սահմանվել ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանների ստեղծման ու շահագործման կիրառելի ավելի խիստ ստանդարտներ՝ հաշվի առնելով կարգավորվող ոլորտի առանձնահատկությունները: Սույն մասում նշված կիրառելի ավելի խիստ ստանդարտներ կարգավորող եւ վերահսկող մարմինները կարող են սահմանել նաեւ իրենց կողմից շահագործվող շտեմարանների համար: Այդպիսի ստանդարտներ սահմանված լինելու դեպքում սույն օրենքով նախատեսված աուդիտ իրականացվում է՝ հիմք ընդունելով նաեւ այդ պահանջները:
ՀՈԴՎԱԾ 15. Տվյալների շտեմարանի կառավարիչը
1. Տվյալների շտեմարանի կառավարիչը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին է կամ իրավաբանական կամ ֆիզիակական անձ, որը կազմակերպում է տվյալների շտեմարանի ստեղծումը, ներդրումը, տվյալների շտեմարանի կառավարումը ու ծառայությունների մատուցումը՝ օրենքով նախատեսված լիազորության իրականացման կամ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտի կիրարկումը կամ պայմանագրով նախատեսված պարտականության կատարումն ապահավելու նպատակով: Տվյալների շտեմարանի կառավարիչը պատասխանատու է տվյալների շտեմարանի կառավարման օրինականության, տվյալների շտեմարանի անվտանգության ապահովման, զարգացման ու կատարելագործման համար:
2. Տվյալների շտեմարնների կառավարման ոլորտը համակարգում է Ինքնավար մարմինը:
3. Տվյալների շտեմարանների կառավարումն իրականացվում է տվյալների շտեմարանի կանոնակարգի հիման վրա, որը հաստատվում է տվյալների շտեմարանի ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա, իսկ ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանի դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի օրենքով կամ կանոնադրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի կամ ֆիզիկական անձի որոշմամբ: Տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանվում է նաեւ շտեմարանի կառավարիչը:
4. Տվյալների շտեմարանի կառավարիչը, տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակում, կարող է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմանագրի հիման վրա լիազորել իրավաբանական անձի կատարել տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման, տվյալների շտեմարանի թարմացման, տեխնիկական սպասարկման եւ անվտանգության ապահովման աշխատանքներ: Շտեմարանի կանոնակարգով, հաշվի առնելով տվյալների շտեմարանի առանձնահատկությունները, կարող է սահմանվել սույն մասում նշված բոլոր աշխատանքների կամ դրանց մի մասը փոխանցումը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձը պարտավոր է հետեւել կառավարիչի ցուցումներին տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման եւ տվյալների շտեմարանի թարմացման ընթացքում, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով եւ սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված պայմանագրի շրջանակներում պարտավոր է ապահովել տվյալների շտեմարանի անվտանգությունը:
6. Տվյալների շտեմարանի կառավարիչը ապահովում է տվյալների շտեմարանի կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրի ստեղծումն ու կառավարումը, օրենքով կամ շտեմարանի կանոնակարգով նախատեսված դեպքերում ապահովելով նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական կամ պատվիրակված լիազորությունների իրականացման համար շտեմարանի օգտագործումը:
7. Տվյալների շտեմարանի կառավարիչն ապահովում է տվյալների սուբյեկտների վերաբերյալ ոչ ճիշտ տվյալների ուղղումը (այդ թվում՝ տվյալների սուբյեկտի նախաձեռնությամբ): Տվյալների ուղղման ընթացակարգը պետք է ապահովի տվյալներում կատարված փոփոխությոնների եւ ուղղումների հետագծելիությունը: Տվյալների շտեմարանում ոչ ճիշտ տվյալների ուղղում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 16. Տվյալների շտեմարանի կանոնակարգը
1. Տվյալների շտեմարանի կանոնակարգը պետք է նախատեսի տվյալների շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման եւ դադարեցման, այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ 15-րդ հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձի կողմից տվյալների մշակման եւ տվյալների շտեմարանի թարմացման, տվյալների շտեմարան հավաքագրվող տվյալների կազմի, հավաքագրման աղբյուրի, դրանք ներկայացնողների եւ ներկայացման, անհրաժեշտության դեպքում նաեւ շտեմարանի կառավարման այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ դրույթներ:
2. Տվյալների շտեմարան տվյալներ ներկայացնողներ են՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք պարտավոր են տվյալներ ներկայացնել օրենքով կամ իրավական այլ ակտով կամ կնքված պայմանագրով սահմանված կարգով ու չափով կամ տվյալներ ներկայացնում են կամավոր հիմունքներով:
ՀՈԴՎԱԾ 17. Տվյալների հավաքագրումը եւ մշակումը
1. Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված տվյալների շտեմարանում տվյալների հավաքագրումը եւ մշակումը որպես սկզբնաղբյուր տվյալ կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված գործառույթների եւ մյուս տվյալների շտեմարնների սկզբնաղբյուր տվյալների հիման վրա:
2. Պետական տեղեկատվական համակարգում տվյալների սկզբնաղբյուր լինելը որոշվում է սույն օրենքով նախատեսված տեխնիկական փաստաթղթերի հիման վրա: Տվյալների շտեմարանի ստեղծման նպատակը համարվում է հիմնավորված, եթե մշակվող տվյալները հանդիսանում են սկզբնաղբյուր տվյալներ:
3. Տվյալներն ունեն իրավական ուժ, եթե հավաքագրվել, մշակվել եւ օգտագործվել են օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 18. Տվյալների շտեմարանի գրանցում
1. Տվյալների շտեմարանը պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցվում է Ինքնավար մարմինը, մինչեւ տվյալների շտեմարանի ներդրումը (շահագործումը): Տվյալների շտեմարանի գրանցման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
2. Մինչեւ պետական տեղեկատվական համակարգում տվյալների շտեմարանի գրանցումը, Ինքնավար մարմինը պարտավոր է գնահատել տվյալների շտեմարանի տեխնիկական համապատասխանությունը եւ հավաքվող տվյալների ու դրանց աղբյուրների համապատասխանությունը օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին: Սույն մասով նախատեսված գնահատման արդյունքում Ինքնավար մարմինը կազմում եւ տրամադրում է եզրակացություն, որը պետք է պարունակի նաեւ ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկություններ:
ՀՈԴՎԱԾ 19. Տվյալների շտեմարանների հասանելիություն
1. Տվյալների շտեմարանում առկա մշակված տեղեկություններին հասանելիություն ապահովվում է, եթե դրանում պարունակվող տեղեկություններին հասանելիությունը սահմանափակված չէ օրենքով:
2. Տվյալների շտեմարանում մշակվող տեղեկություններին տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հասանելիություն կարող է տրամադրվել առեւտրային կամ օրենքով նախատեսված նպատակներով օգտագործելու համար՝ տվյալների շտեմարանի կառավարչի հետ կնքվող պայմանագրի հիման վրա: Սույն մասում նշված պայմանագիրը կարող է կնքվել, եթե տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի ոչ պետական տեղեկատվական համակարգը բավարարում է պետական տեղեկատվական համակարգին միանալու սույն օրենքով եւ իրավական ակտերով նախատեսված պահանջները: Նշված պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է Ինքնավար մարմինը: Սույն մասում նշված՝ օրենքով եւ իրավական ակտերով նախատեսված պահանջներին բավարարելու հանգամանքը գնահատում է տվյալների շտեմարանի կառավարչը: Տվյալների շտեմարանի կառավարչի դիմումի հիման վրա գնահատում կարող է իրականացնել Ինքնավար մարմինը, որի արդյունքում կազմվում եւ տրամադրվում է եզրակացություն:
3. Արտաքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտներում լիազորված մարմինների եւ արտաքին հետախուզության ծառայությանը վերաբերող, տվյալների շտեմարան մուտքագրված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 20. Պետական տեղեկատվական համակարգին աջակցող համակարգեր
1. Տվյալների շտեմարանների անխափան եւ անվտանգ աշխատանքն ապահովում են պետական տեղեկատվական համակարգին աջակցող հետեւյալ համակարգերը.
1) տվյալների դասակարգման համակարգը.
2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը.
3) տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգը.
4) տվյալների փոխանակման շերտը.
5) պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերը ստեղծվում (ձեւավորվում) են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կառավարությունը հաստատում է նշված համակարգերի կիրառաման կարգերը (կանոնակարգերը), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Աջակցող համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է Ինքնավար մարմինը:
3. Պետական տեղեկատվական համակարգի սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-5-րդ կետերում նշված աջակցող համակարգերը կարող են ապահովվել մասնավոր հատվածից օրենքով սահմանված կարգով ծառայությունների ձեռքբերման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված աջակցող համակարգերը ծառայությունների ձեռքբերման միջոցով ապահովելու դեպքում դրանց ներկայացվող պահանջները մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Ինքնավար մարմինը: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համակարգի սույն մասով նախատեսված իրավահարաբերությունների կարգավորումն իրականացվում է «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Պետական տեղեկատվական համակարգի եւ դրան միացած տվյալների շտեմարանների շահագործման համար աջակցող համակարգերի հասանելիությունը եւ օգտագործումը պարտադիր է: Սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերը պարտադիր չեն սույն օրենքի 14-րդ հեդվածի 4-րդ մասում նշված տվյալների շտեմարանների շահագործման համար:
5. Աջակցող համակարգերի շահագործման պարտադիր պահանջից բացառություն կարող է արվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման նպատակով ձեւավորված տվյալների շտեմարանների համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
6. Տվյալների փոխանակում պետական տեղեկատվական համակարգին պատկանող տվյալների շտեմարնների հետ եւ/կամ տվյալների շտեմարանների միջեւ իրականացվում է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի միջոցով:
7. Տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին կարող են միանալ եւ անվտանգ թվային միջվայրում տվյալներ փոխանակել Ինքնավար մարմնի հետ կնքվող պայմանագրի հիման վրա, եթե փոխանակման շերտի միջոցով միացվող տվյալների շտեմարանի կառավարչի հետ կնքվել է շտեմարանին միանալու պայմանագիր: Տվյալների փոխանակման շերտին միանալու պայմանագիրը կարող է կնքվել, եթե ոչ պետական տեղեկատվական համակարգը բավարարում է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին միանալու սույն օրենքով եւ իրավական ակտերով նախատեսված պահանջները: Սույն մասում նշված՝ օրենքով եւ իրավական ակտերով նախատեսված պահանջներին բավարարելու հանգամանքը գնահատում է Ինքնավար մարմինը, որի արդյունքում կազմվում եւ տրամադրվում է եզրակացություն: Նշված պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է Ինքնավար մարմինը:
8. Սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները չեն սահմանափակում իրավաբանական անձանց միջեւ տվյալների փոխանակումը տվյալների փոխանակման շերտի միջոցով՝ Ինքնավար մարմնի կողմից սահմանված կարգով:
9. Արգելվում է պետական տեղեկատվական համակարգում առկա տվյալների պատճենահանումը եւ/կամ փոխանակումը տվյալների փոխանակման սույն օրենքով չնախատեսված շերտերի միջոցով:
Հոդված 21. Հանրային տեղեկությունների տեղակայումը (միգրացիան) ամպային տիրույթ
1. Ամպային տիրույթում տեղակայվող հանրային տեղեկությունների ամբողջականության, հասանելիության եւ անվտանգության համար պատասխանատու է տեղեկատվություն տնօրինողը:
2. Մինչեւ պետական տեղեկատվական համակարգի մաս կազմող տվյալների շտեմարաններում մշակող հանրային տեղեկություններն ամպային տիրույթում տեղակայելու մասին որոշում կայացնելը, տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է գնահատել հանրային տեղեկությունների առկա պաշարն ու կառուցվածքը եւ սահմանված կարգով դասակարգել դրանք:
3. Տեղեկատվություն տնօրինողն ամպային ծառայության մատակարարի ընտրություն կազմակերպում է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամպային ծառայությունների գնման գործընթացի մեթոդաբանությունը եւ կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ամպային տիրույթում տեղեկատվական համակարգերի եւ պաշտոնական կայքէջերի անվտանգության նվազագույն պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Ամպային տիրույթում հանրային տեղեկությունների եւ պաշտոնական կայքէջերի տեղակայման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
6. Ամպային ծառայությունների մատուցման պայմանագրերում չպետք է նշվեն սահմանափակումներ, որոնք կխոչընդոտեն տեղեկությունների կամ պաշտոնական կայքէջերի միգրացիան դեպի այլ ամպային տիրույթ:
ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերի բողոքարկումը
1. Սույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերը կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել դատարան:
ՀՈԴՎԱԾ 23. Սույն օրենքով սահմանված պահանջների նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունը
1. Սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ օրենքով նախատեսված կարգով վերահսկողություն եւ հսկողություն իրականացնում է Ինքնավար մարմինը:
ՀՈԴՎԱԾ 24. Ինքնավար մարմնի հաշվետվությունը
1. Ինքնավար մարմինը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը հրապարակում է հաշվետվություն նախորդ տարվա ընթացքում սույն օրենքի պահանջների պաշտպանության նպատակով իրականացված գործողությունների վերաբերյալ:
2. Հաշվետվությունը պետք է տեղեկություններ պարունակի սույն օրենքի պահանջների խախտումների, խախտումներ կատարած տեղեկատվություն տնօրինողների, բողոքների, հարուցված վարույթների, կիրառված տույժերի եւ սույն օրենքի կատարման հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
3. Հաշվետվությունները տեղադրվում են Ինքնավար մարմնի պաշտոնական կայքում:
4. Ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասում նշված հերթական հաշվետվությունների, Ինքնավար մարմինը կարող է հրապարակել հաշվետվություններ սույն օրենքի կիրառման ընթացքում հայտնի դարձած էական հարցերի վերաբերյալ, որոնք ունեն համընդհանուր ազդեցություն կամ պահանջում են հրատապ կարգավորում:
5. Ինքնավար մարմինը սույն օրենքի կիրառման վերաբերյալ կարող է հրապարակել խորհրդատվական բնույթի ցուցումներ, ուղեցույցներ:
ՀՈԴՎԱԾ 25. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 26. Անցումային դրույթներ
1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները սույն օրենքում նախատեսված գրադարաններում ինտերնետ կապի միջոցով հանրային տեղեկություններին հասանելությունն ապահովում են մինչեւ 2026 թվականի հուլիսի 1-ը:
2. Պետական մարմինները պարտավոր են մինչեւ 2026 թվականի հուլիսի 1-ը ձեռնարկել համապատասխան միջոցներ իրենց պաշտոնական վեբ-կայքերը սույն օրենքից բխող պահանջներին համապատասխանեցնելու համար:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված եւ գործող ու սույն օրենքով նախատեսված պետական տեղեկատվական համակարգի հետ անհամատեղելի տվյալների շտեմարանների գործունեությունը ենթակա է դադարեցման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
4.Տվյալների շտեմարանները, որոնք կրկնում են տվյալների այլ շտեմարաններ կամ հավաքագրում եւ/կամ պահպանում են միմյանց փոխլրացնող ու փոխկապակցված տվյալներ պետք է միաձուլվեն կամ համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տվյալների շտեմարանների պահպանման եւ/կամ սպասարկման համար կնքված պայմանագրերը շարունակում են իրենց գործողությունը մինչեւ այդ պայմանագրերով սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված տվյալների շտեմարանների համար կնքված պայմանագրերի, որոնք կարող են գործել մինչեւ այդ մասերում նշված ժամկետի ավարտը:
6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված եւ գործող տվյալների շտեմարանների սույն օրենքի պահանջներին համապատասխանության գնահատման եւ պետական տեղեկատվական համակարգին միացման կարգը մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Ինքնավար մարմինը: Սույն մասում նշված գնահատումն իրականացվում է Ինքնավար մարմնի կողմից:
7. Իրենց լիազորությունների շրջանակներում գործող իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին, ինչպես նաեւ սույն օրենքից բխող իրավական ակտերը, այդ թվում՝ տվյալների շտեմարանների վերաբերյալ, համապատասխան մարմինները պարտավոր են ընդունել մինչեւ 2026 թվականի հուլիսի 1-ը:
8. Սահմանել, որ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նույնականացման ազգային համակարգի, տվյալների անվտանգ փոխգործելիության եւ կիբեռանվտանգության ենթակառուցվածքների ներդրման եւ զարգացման նպատակով ստեղծված Հայաստանի տեղեկատվական գործակալություն հիմնադրամի ֆինանսավորումը շարունակվելու է իրականացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչեւ Ինքնավար մարմնի ստեղծումն ու ամբողջական ձեւավորումը (սույն օրենքից եւ այլ օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ, ներքին ու անհատական իրավական ակտերի ընդունումը եւ ուժի մեջ մտնելը), բայց ոչ ավելի քան 2026 թվականը ներառյալ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Տեղեկատվական հասարակության զարգացմանը զուգահեռ, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ակտիվ գործընթացներ են ծավալվում տեղեկատվական համակարգերի եւ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի տարածման, տնտեսության նոր ոլորտներում դրանց կիրառության աշխարհագրության ընդլայնման, հասարակության լայն շրջանակների կողմից օգտագործման ուղղություններով:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառության ընդլայնման դրական միտումներին զուգահեռ առաջ են գալիս նոր մարտահրավերներ՝ կապված այդ համակարգերի եւ ցանցերի կիբեռանվտանգության ապահովման, պետության անվտանգության եւ տնտեսության բնականոն կենսագործունեության համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում (այդ թվում՝ ֆինանսական, բանկային, հեռահախորդակցության, էներգետիկ, առողջապահական եւ այլ կենսական նշանակության ոլորտներում գտնվող համակարգերում) տեղի ունեցող կիբեռմիջադեպերի կանխարգելման եւ լուծման, դրանց ազդեցության մեղմացման, հետեւանքների վերացման հետ:
Հայաստանում էլեկտրոնային կառավարման եւ էլեկտրոնային ծառայությունների մատուցման ներդրման գործընթացը սկսվել է դեռեւս 90-ական թվականների վերջերից: ՀՀ կառավարության կողմից 2008 թվականին ընդունվել է Գործողությունների ծրագիր՝ ուղղված էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը: Արդյունքում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնցից, որպես հաջողված օրինակներից մեկը, կարելի է մատնանշել Էլեկտրոնային կառավարման գործիքների համակարգը (www.e-gov.am)՝ ավելի քան 20 առցանց ծառայություններով: Չնայած դրան, պետական կառավարման հատվածում թվային զարգացումը մինչ այժմ ընթացել է անհամաչափ: Հանրային ծառայությունների թվային զարգացումը ներկայումս տարբեր գերատեսչություններում գտնվում է տարբեր փուլերում: Թվայնացումն իրականացվել է տարբեր սկզբունքներով՝ ըստ տարբեր կառավարությունների ռազմավարական առաջնահերթությունների, առանձին գերատեսչությունների թվային պատրաստվածության, առանձին ծառայությունների թվայնացման առաջնահերթությունների, ինչպես նաեւ քաղաքացիների պահանջների եւ կարիքների: Սա հանգեցրել է թվայնացման ասպարեզում մի քանի առաջատար օղակների ձեւավորմանը, որոնք առանձնանում են այս ոլորտում իրենց բավականին լավ զարգացած կարողություններով: Միեւնույն ժամանակ մի շարք գերատեսչություններում թվայնացման զարգացման մակարդակը չափազանց ցածր է: Պետական համակարգում թվային փոխակերպման միասնական քաղաքականության եւ միասնական մոտեցումների բացակայության արդյունքում կառավարության թվայնացումը հիմնականում կրել է ապակենտրոնացված բնույթ՝ մասնակի լուծումներով:
Հաջորդ խնդիրը տվյալների բազաների միջեւ արդյունավետ եւ անխափան փոխգործելիության հարթակի բացակայությունն է: Համակարգերի անխափան փոխգործելիության նախապայման է հանդիսանում տվյալների ավտոմատացված փոխանակման համակարգի ստեղծումը: Թվայնացված բազմաթիվ պետական ծառայությունների դեպքում բացակայում է առնչվող ծառայությունների հետ փոխկապակցվածությունը, արդյունքում քաղաքացիների համար ամբողջապես թվային հանրային ծառայությունը համալիր կերպով չի տրամադրվում:
Համակարգման եւ ջանքների մեկտեղման խնդիրը առկա է նաեւ տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգության ապահովման հարցում: Հայաստանում պետական գերատեսչություններն առանձին-առանձին փորձում են ապահովել իրենց կիբեռանվտանգությունը, սակայն դա հատվածային է, եւ չկա համընդհանուր, միասնական կամ համապետական մոտեցում:
Կենսական կարեւոր նշանակության ոլորտներում ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ցածր մակարդակն հանգեցրել է մի քանի էական հետեւանքների.
Եվրոպական միության կիբեռանվտանգության գործակալությունը (ENISA) եւս կրիտիկական ենթակառուցվածքների ոլորտում կիբեռանվտանգության կանոնակարգերի բացակայությունը համարում է խիստ ռիսկային:
Այս առումով Հայաստանը փաստացի գտնվում է խոցելի պետությունների ցանկում, իսկ կիբեռանվտանգության ապահովման համընդհանուր քաղաքականության բացակայությունը կարող է ավելի խոցելի դարձնել երկրի ցանցային եւ տեղեկատվական համակարգերը: Օրենսդրական կարգավորումների բացը էական խոչընդոտ է դարձել երկրի թվային օրակարգի զարգացման հարցում, այդ թվում նաեւ միջազգային ընկալման եւ տարբեր երկրների հետ կիբեռ համագործակցության տեսանկյունից: ITU-ի Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքսով, որը երկրի առաջընթացը գնահատում է հինգ հիմնական ցուցանիշներով (իրավական, տեխնիկական, համագործակցային, կարողությունների զարգացման եւ ինստիտուցիոնալ) 2020 թվականի համեմատ 2023 թվականին Հայաստանի դիրքը բարելավել է ընդհամենը 3.4 կետով: Հետեւաբար, միայն օրենսդրական հենքի՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքի ընդունումը եւ վերջին մեկուկես տարում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ կարողությունների զարգացման, համագործակցության եւ AM-CERT (Հայաստանի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի) ստեղծմամբ կկապիտալիզացվեն եւ երկիրը առավել բարենպաստ դիրքերում կհայտնվի:
Հաջորդ խնդիրը վերաբերում է տեղեկատվության ազատության ապահովման բնագավառում թվային տեխնոլոգիաների օգտագործմանը կամ տեղեկություններին հասանելիության ապահովվումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ գործող օրենքը նախատեսում է տեղեկատվության ապահովման երկու եղանակ՝ տեղեկություն պահանջող անձի հարցմանը պատասխանելով եւ տարին մեկ անգամ տեղեկատվություն տնօրինողների կողմից օրենքով նախատեսված 13 խումբ տեղեկությունները պարտադիր տարին մեկ անգամ հրապարակելով, որոնք, որպես տեղեկատվության ազատության իրավունքի իրացման միջոց, շարունակելու են մնալ ուժի մեջ: Այսինքն, քաղաքացիներին որակյալ հանրային ծառայություններ մատուցելու տեսանկյունից, նախապատվությունը չի տրվում թվային տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության հասանելիություն ապահովելուն: Այդ մոտեցումը, որը հայտնի է նաեւ «բաց տեղեկությունների քաղաքականության սկզբունքը» անվանմամբ, որը վաղուց կիրառվում է առաջադեմ մի շարք երկրներում:
Վերը նկարագրածը վկայում է այն մասին, որ տարիների ընթացքում կենսական կարեւոր նշանակության ոլորտներում կիրառվող տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ցածր մակարդակը, հանրային ծառայությունների հատվածական եւ որեւէ տրամաբանության չենթարկվող թվայնացումը, տվյալների դասակարգման, պահպանման եւ կառավարման միասնական կարգավորիչ միջավայրի բացակայությունը հանրության լայն շրջանակներում Հայաստանի թվային փոխակերպման ապագայի հանդեպ լավատեսական ակնկալիքներ չեն ձեւավորել, հետեւաբար, հասունացել է պահը ինստիտուցիոնալ լուծումներով հասնել Հայաստանի թվային փոխակերպման միասնական օրակարգի ձեւավորմանը, տվյալների կառավարման, կիբեռանվտանգության ապահովման նոր քաղաքականության ներդրմանը:
2. Առաջարկվող կագավորման բնույթը.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է.
- Կիբեռանվտանգության մասով. Կիբեռանվտանգության ստանդարտների մշակում եւ կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերի համապատասխանության ստուգում այդ ստանդարտներին, փորձագիտական խորհրդատվություն, կիբեռանվտանգության մակարդակի/վիճակի մշտադիտարկում, կիբեռանվտանգության նվազագույն պահանջների մշակում եւ ընդունում, ինչպես նաեւ կիբեռգրագիտության բարձրացման տարբեր ծրագրերի իրականացնում քաղաքացիների եւ պետական ծառայողների համար:
- Նույնականացման, թվային ստորագրության եւ գաղտնագրման ծրագրային ապահովումների մշակման սկզբունքների սահմանում, ներդրում, կառավարում:
- Տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության ոլորտներում ընդունված իրավական ակտերի կիրառման ապահովում, դրանց խախտումների կանխարգելում եւ վերահսկողություն:
Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկում է կիբեռանվտանգության, բաց տվյալների քաղաքականության, թվայնացված միջավայրի ստեղծման, թվայնացման գործընթացների համակարգման միասնական մոտեցումներ, որն ապահովելու է քաղաքացիներին եւ մասնավոր հատվածին ամբողջապես՝ ծայրից ծայր թվային հանրային ծառայություններ մատուցելու հնարավորությունը, երաշխավորելու է կիբեռանվտանգության պատշաճ մակարդակ կենսական նշանակության ոլորտներում եւ համապատասխան ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ կայուն նախադրյալներ է ստեղծելու թվային հասարակության եւ տնտեսության անցման եւ սպասարկման համար: Թվայնացման գործընթացները մարդկանց համար պետք է ամենօրյա գործնական, կենսական նշանակություն ունենան, լինեն հասանելի, հարմարավետ եւ արդյունավետ՝ ստեղծելով թվային համակարգերի ու լուծումների նկատմամբ վստահության միջավայր, իսկ որակյալ տվյալները պետք է դառնան առանցքային խթան անձի, պետության եւ բիզնեսի տվյալահեն որոշումների կայացման համար:
4. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ:
5. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.
Նախագծերի փաթեթի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների նվազեցման չի հանգեցնի, իսկ ծախսերի ավելացման կարող է հանգեցնել՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի ստեղծման գործոնով պայմանավորված: Օրենքի նախագծի ընդունմամբ մարմնի համապատասխան պաշտոնների եւ աշխատակիցների ամբողջական համալրման արդյունքում տարեկան վարձատրության, սոցիալական ապահովության ընդհանուր գումարը կկազմի մոտ 6 մլրդ դրամ: Ծախսերի հաշվարկի ընթացքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հիմնական մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների վարձատրությունը շուկայում բարձր է, իսկ այդ թիմերը կազմելու են մարմնի հաստիքների հիմնական հատվածը:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի փաթեթի մշակումը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Պաշտպանված Հայաստան» մեգանպատակից:
Նախագծերի փաթեթի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնի եւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ ԲՏԱ նախարարությանը կիբեռանվտագության ոլորտում նախատեսված միջոցառումների անխոչընդոտ իրականացումից:
Նախագծերի փաթեթը բխում է Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի թիվ 183-Լ որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի թվայնացման ռազմավարությանից, մասնավորապես՝ «Թվայնացման հիմնարար պայմաններ» բաժնի 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերից, Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի եւ արդյունքային ցուցանիշների 1-ին եւ 3-րդ միջոցառումներից:
Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է նաեւ «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024թթ. գործողությունների ծրագրի «1. Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության ձեւավորում» հանձնառությունից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման չի հանգեցնի, իսկ ծախսերի ավելացման կարող է հանգեցնել:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում