Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Եզրակացություն
2024 թվականի դեկտեմբերի 13-ին քաղաք Մոսկվայում ստորագրված՝ «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին» համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եւ տեղեկատվություն Համաձայնագիրը ստորագրած կողմերի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ
«Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024թ. դեկտեմբերի 13-ին ք. Մոսկվայում, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:
Համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքներում եւ երթուղիներում ներառված անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները, սռնիներով բեռնվածությունն ու չափսերը:
Համաձայնագրի կիրարկմամբ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս անդամ պետությունները պետք է ձգտեն ապահովել, որպեսզի տրանսպորտային միջոցների չափսերն ու զանգվածներն, ինչպես նաեւ մեկ սռնու կամ սռնիների խմբի զանգվածները չգերազանցեն Համաձայնագրով եւ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված արժեքները:
Ըստ Համաձայնագրի՝ երբ տրանսպորտային միջոցը գերազանցում է թույլատրելի արժեքները, ճանապարհներով երթեւեկող փոխադրամիջոցի տեղաշարժը պահանջում է հատուկ թույլտվության տրամադրում: Անդամ պետությունների օրենսդրության համաձայն՝ հնարավոր է նաեւ սահմանափակումներ մտցվեն խոշոր տրանսպորտային միջոցների` անբաժանելի բեռներով տեղաշարժման հատուկ թույլտվությունների տրամադրման համար:
Համաձայնագրի կողմերն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
2025թ. ապրիլի 17-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:
2025թ. ապրիլի 17-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած կողմերից Ռուսաստանի Դաշնությունը եւ Ղրղզստանի Հանրապետությունը ավարտել են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում 2024 թվականի դեկտեմբերի 13-ին քաղաք Մոսկվայում ստորագրված՝ «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆՈՒ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:
Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել համապատասխան անդամ պետության ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածությունների եւ եզրաչափերի այլ արժեքներ, որոնք չեն կարող ցածր լինել սույն համաձայնագրով սահմանված արժեքներից: Նշված դրույթը հակասում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի 6.2 կետին, որի համաձայն՝ տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները եւ չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ենելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ
հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը:
Մասնավորապես, Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ «Սույն համաձայնագրի մեկնաբանման եւ (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով»: Պայմանագրով սահմանված են դեպքեր, որոնց համաձայն՝ եթե վեճը չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, ապա այն կարող է հանձնվել Միության դատարանի քննությանը:
Համաձայնագրի նշված հոդվածին համապատասխան պայմանների ի հայտ գալը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության:
Միաժամանակ, Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Խուդաթյան,
Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆԻՆԵՐԻ ԲԵՌՆՎԱԾՔԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
2. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՔՏՀԱՏՄ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹեւԵԿՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆԻՆԵՐԻ ԲԵՌՆՎԱԾՔԻ եւ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշմամբ հաստատված է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները եւ չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները եւ չափերը հաստատելու մասին թույլտվության տրամադրման կարգը:
Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածի, սռնիների բեռնվածքի եւ եզրաչափերի չափորոշիչները համապատասխանեցնելը անդամ-պետություններում գործող նորմերին դյուրացնում է բեռնափոխադրումների իրականացման գործընթացը իրավական կարգավորումների առումով:
Հայաստանի Հանրապետությունը նպատակահարմար է համարում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող կարգավորումների ներդաշնակեցմանը ԵՏՄ անդամ-պետությունների միջեւ, որը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի հիման վրա:
Համաձնայնագրի ստորագրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության 18 նոյեմբերի 2021 թվականի N 1902-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 4-րդ կետի (4.3 ենթակետ) շրջանակներում նախատեսվող «ԵԱՏՄ շրջանակներում նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցություն՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն կիրառմանը, գործընկեր երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճին» միջոցառմանը:
Համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով եւ պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին:
Ելնելով վերոնշյալից եւ հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է համարում Համաձայնագրի վավերացումը:
ՀՀ տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների նախարար Դ. Խուդաթյան
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում