Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան» բառերից հետո լրացնել «(այսուհետ` հուշարձան)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) «Հուշարձանի» բառից առաջ լրացնել «1.» թիվը, իսկ «Հուշարձանների» բառից առաջ լրացնել «2.» թիվը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-10-րդ մասերով.
«3. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված եկեղեցիների, վանքերի, եկեղեցական եւ վանական համալիրների, մատուռների եւ այլ պաշտամունքային կառույցների (այսուհետ՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցներ) հատուցելի կամ անհատույց օտարման դեպքում Հայաստանի Հանրապետությունն ունի այն ձեռք բերելու նախապատվության իրավունք:
4. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու մտադրության մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազորված մարմնի: Գրավոր ծանուցման մեջ նշվում են գույքի հատուցմամբ օտարման առաջարկվող գինը եւ այլ պայմանները, իսկ ծանուցմանը կից ներկայացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված առնվազն երեք գնահատման հաշվետվություն, որոնք պետք է տրված լինեն գրավոր ծանուցումը կատարելու օրվան նախորդող առավելագույնը մեկ տարի առաջ: Լիազորված մարմինը ծանուցումը ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է սեփականատիրոջը ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելու կամ չօգտվելու վերաբերյալ: Եթե պետությունը հրաժարվում է ձեռք բերել գույքը, ապա Հայատանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում սեփականատերն իրավունք ունի գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարել այլ անձի՝ պայմանով, որ փաստացի օտարման գինը պակաս չէ պետությանն առաջարկված գնից, իսկ պայմանագրի այլ պայմանները համապատասխանում են պետությանն առաջարկված պայմաններին:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետությանն առաջարկված գնից ցածր կամ առավել բարենպաստ պայմաններով գույքն օտարելու մտադրության յուրաքանչյուր դեպքում սեփականատերը պարտավոր է այդ մասին սույն հոդվածի 4-րդ պարբերությունով սահմանված կարգով կրկին ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազորված մարմնի:
6. Եթե Հայաստանի Հանրապետությունը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում հրաժարվում է ձեռք բերել գույքը, ապա Հայատանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում սեփականատերն իրավունք ունի գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարել այլ անձի՝ պայմանով, որ փաստացի օտարման գինը պակաս չէ պետությանն առաջարկված գնից, իսկ պայմանագրի այլ պայմանները համապատասխանում են պետությանն առաջարկված պայմաններին:
7. Գույքը նվազ գնով կամ առավել բարենպաստ պայմաններով փոխանցելու մասին երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծանուցմանը Հայաստանի Հանրապետությունը պատասխանում է ծանուցումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
8. Եթե Հայաստանի Հանրապետությունը սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում հրաժարվում է ձեռք բերել գույքը, ապա Հայատանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում սեփականատերն իրավունք ունի գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարել այլ անձի՝ պայմանով, որ փաստացի օտարման գինը պակաս չէ պետությանն առաջարկված գնից, իսկ պայմանագրի այլ պայմանները համապատասխանում են պետությանն առաջարկված պայմաններին:
9. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների Հայաստանի Հանրապետությանը հատուցելի կամ անհատույց օտարման առաջարկի քննարկման, դրանց հատուցմամբ կամ անհատույց օտարման համաձայնության տրամադրման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
10. Սույն հոդվածով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաստաթուղթ եւ իրավական հիմք են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու եւ պետության կողմից պահպանության վերցնելու համար: Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ: Նշված ցուցակներում ներառված են ՀՀ-ում գտնվող հուշարձաններ՝ անկախ սեփականության ձեւից: Նույն օրենքում սահմանվում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այսպիսով, ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները, ըստ էության, ամփոփված են վերոգրյալ ցուցակներում եւ ցանկում: Սակայն, օտարման մասով սահմանափակումներ նախատեսված են միայն պետական սեփականություն հանդիսացող որոշակի հուշարձանների վերաբերյալ:
Ոչ պետական հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների վերաբերյալ նմանատիպ կարգավորումների բացակայության պարագայում հնարավոր չէ լիարժեք ապահովել հասարակության կամ պետության համար մեծ նշանակություն ունեցող հուշարձանների նպատակային օգտագործումը:
Իրավիճակի ռիսկայնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետության եւ հասարակության համար որոշակի արժեք ներկայացնող, հենց այդ արժեքի պահպանության, զարգացման նպատակով ստեղծված եւ հաշվառված հուշարձանը կարող է առանց որեւէ ընթացակարգային սահմանափակման օտարվել ցանկացած սուբյեկտի՝ հանգեցնելով այդ հուշարձանների ոչ հանրօգուտ եւ իր բուն նշանակությունից տարբերվող նպատակներով օգտագործման:
2. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն է կարգավորել պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների՝ այլ սուբյեկտնտերի օտարման իրավահարաբերությունները:
Հիմք ընդունելով պաշտամունքային կառույցների առանձնահատկությունները, դրանց ինքնատիպությունը՝ նպատակահարմար է, որ հիշյալ կառույցները գտնվեն համապատասխան կրոնական կազմակերպությունների ներքո, իսկ օտարման դեպքում ապահովվի կառավարության առաջնահերթության սկզբունքը:
Որպես կարգավորում՝ գույքի օտարման դեպքում նախատեսվել է Հայաստանի Հանրապետության ձեռքբերման նախապատվության իրավունքը: Նման կարգավորման միջոցով մի կողմից երաշխավորվել է անշարժ գույքի սեփականատիրոջ՝ գույքն օտարելու իրավունքի իրականացումը, իսկ մյուս կողմից պետության հնարավորությունը՝ ձեռք բերելու պետության կամ հասարակության համար որոշակի արժեք ներկայացնող գույքը: