Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.12.2003
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Պետական պահպանության օբյեկտները
  • Գլուխ 3. Պետական պահպանություն իրականացնող մարմինը
  • Գլուխ 4. Ծառայությունը լիազոր մարմնում, լիազոր մարմնի ծառայողների սոցիալական երաշխիքները
  • Գլուխ 5.Լիազոր մարմնի ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառումը
  • Գլուխ 6.Լիազոր մարմնի ֆինանսավորումը, նյութատեխնիկական եւ այլ ապահովումը
  • Գլուխ 7. Եզրափակիչ  դրույթներ

  •  Սույն օրենքը սահմանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման եւ իրականացման իրավական հիմքերը, սկզբունքները, պետական պահպանություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության կարգն ու առանձնահատկությունները, կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները։
     


    ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

    պետական պահպանություն՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման եւ պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ, որն իրականացվում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական եւ այլ միջոցառումների համակցության հիման վրա.

    պետական պահպանության օբյեկտներ՝ սույն օրենքով հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք.

    պահպանվող օբյեկտներ՝ պետական պահպանության օբյեկտների մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերի շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ, տրանսպորտային միջոցներ, որոնք պահպանության ենթակա են պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ պետական պահպանության մարմնի կողմից օգտագործվող շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ եւ տրանսպորտային միջոցներ.

    պահպանական միջոցառումներ՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման եւ պահպանվող օբյեկտների պաշտպանության համար պետական պահպանության մարմնի կողմից իրականացվող գործողությունների համակցություն, այդ թվում՝ ընդգրկելով նաեւ անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները.

    անցագրային ռեժիմ՝ պահպանվող օբյեկտներ անձանց, տրանսպորտային միջոցների, իրերի մուտք եւ ելք կատարելու սահմանված կարգ։

    Հոդված 2. Պետական պահպանության իրավական հիմքը

    Պետական պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերի հիման վրա։

    Հոդված 3. Պետական պահպանության իրականացման հիմնական սկզբունքները

    Պետական պահպանությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, անընդհատության, քաղաքական անկախության, կենտրոնացված ղեկավարման, գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով։

    Հոդված 4. Պետական պահպանության իրականացման միջոցառումները

    Պետական պահպանությունն ապահովվում է հետեւյալ միջոցառումների իրականացմամբ.

    1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի եւ տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաեւ նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության տրամադրում.

    2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.

    3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն եւ պահպանական միջոցառումների իրականացում.

    4) պահպանվող օբյեկտներում՝ սահմանված անցագրային ռեժիմի եւ կարգի ապահովում։

    ԳԼՈՒԽ 2.

    ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

    Հոդված 5. Պետական պահպանության օբյեկտները

    1. Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ։

    2. Պետական պահպանություն տրամադրվում է՝

    1) Հայաստանի Հանրապետության Նախագահին.

    2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.

    3) Հայաստանի Հանրապետության վարչապետին։

    Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից։

    3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում։ Այդ անձանց պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած իրավասու պետական մարմինը։

    Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական պահպանությունը

    1. Հայաստանի Հանրապետության Նախագահին, նրա ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակման պահից, տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով։

    2. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող եւ (կամ) նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։

    3. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն։

    Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այլ անձանց պետական պահպանությունը

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին պետական պահպանություն տրամադրվում է նրանց պաշտոնավարման ժամանակահատվածում։

    Հոդված 8. Պետական պահպանության ապահովման միջոցառումների իրականացումը

    Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 7-րդ հոդվածում նշված անձանց պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են՝ ելնելով նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից՝ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով։

    Հոդված 9. Օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ու այլ անձանց անվտանգությունը

    1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ պետական պահպանությունն իրականացնող պետական մարմնի եւ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

    2. Օտարերկրյա պետական այլ պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում, կարող է տրամադրվել պետական պահպանություն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում։ Այդ անձանց պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած իրավասու պետական մարմինը։


    ԳԼՈՒԽ 3.

    ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

    Հոդված 10. Պետական պահպանություն իրականացնող մարմինը

    1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին)։

    2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայություն է։

    3. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

    4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը։

    5. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը։

    Լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն է։

    6. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը։

    7. Լիազոր մարմնի ղեկավարին նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

    8. Լիազոր մարմնի սպայական կոչումներով (բացառությամբ կրտսեր սպայականի) համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում եւ այդ ծառայողներին կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ։

    Լիազոր մարմնի կրտսեր սպայական եւ ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում եւ այդ ծառայողներին կոչումներ շնորհում է լիազոր մարմնի ղեկավարը։

    9. Լիազոր մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

    10. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը եւ պահպանվող օբյեկտների պաշտպանությանը, օրենսդրութամբ ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում, մասնակցում են նաեւ անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները։

    Հոդված 11. Լիազոր մարմնի հիմնական խնդիրները

    Լիազոր մարմնի հիմնական խնդիրներն են՝

    1) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը եւ բացահայտելը, այդ սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը.

    2) պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում՝ երթեւեկության ժամանակ.

    3) իրենց իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը եւ իրականացումն ապահովելը.

    4) իրենց իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը.

    5) պահպանվող օբյեկտները պաշտպանելը.

    6) պահպանվող օբյեկտներում հանցագործությունները եւ այլ իրավախախտումները բացահայտելը, կանխելը եւ խափանելը.

    7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմը եւ կարգն ապահովելը։

    Հոդված 12. Լիազոր մարմնի պարտականությունները

    Լիազոր մարմինը պարտավոր է՝

    1) բացահայտել, կանխել եւ խափանել պետական պահպանության օբյեկտների եւ պահպանվող օբյեկտների դեմ ուղղված հակաիրավական ոտնձգությունները.

    2) կազմակերպել եւ իրականացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական, ռեժիմային, տեխնիկական եւ այլ միջոցառումներ.

    3) ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, վերացնել պետական պահպանության իրականացմանը խոչընդոտող արգելքները.

    4) անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, որով երթեւեկում են պետական պահպանության օբյեկտները.

    5) իր իրավասության շրջանակներում կազմակերպել եւ իրականացնել իր գործունեության համար անհրաժեշտ կապի համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, ապահովել դրանց հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը եւ օպերատիվությունը.

    6) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.

    7) իրականացնել իր գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովումը.

    8) կազմակերպել եւ իրականացնել պետական պահպանության բնագավառի մասնագետների պատրաստում, ծառայողների վերապատրաստում եւ որակավորման բարձրացում.

    9) ապահովել սեփական անվտանգությունը.

    10) համապատասխան մարմինների հետ համագործակցելով՝ իրականացնել միջոցառումներ՝ պահպանվող օբյեկտների տեխնիկական միջոցներից տեղեկատվական արտահոսքը կանխելու համար.

    11) իր իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների եւ համապատասխան կազմակերպությունների հետ։

    Հոդված 13. Լիազոր մարմնի իրավունքները

    Լիազոր մարմինը պետական պահպանություն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝

    1) անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական միջոցառումների նախապատրաստման եւ իրականացման նպատակով ներգրավել անհրաժեշտ ուժեր եւ միջոցներ.

    2) օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, իրականացնել օպերատիվ- հետախուզական գործունեություն.

    3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, պահպանվող օբյեկտներում կազմակերպել եւ իրականացնել օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ համապատասխան ծառայությունների ներգրավմամբ՝ նաեւ սանիտարահիգիենիկ, ռադիացիոն եւ հակահամաճարակային վերահսկողություն.

    4) պահպանվող օբյեկտներ մուտք եւ ելք կատարելու ժամանակ ստուգել պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կատարել նրանց, ինչպես նաեւ նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների եւ դրանցով տեղափոխվող իրերի զննում, այդ թվում՝ կիրառելով տեխնիկական միջոցներ.

    5) կատարել փաստերի եւ իրադարձությունների փաստաթղթավորում, լուսանկարում, ձայնագրում եւ տեսանկարահանում.

    6) ձերբակալել եւ համապատասխան մարմիններին հանձնել պետական պահպանության օբյեկտների ժամանակավոր կամ մշտական գտնվելու վայրերում իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած այն անձանց, ովքեր խոչընդոտել են պետական պահպանության մարմնի օրինական պահանջների կատարմանը, ինչպես նաեւ ապօրինաբար մուտք են գործել կամ փորձ են արել ապօրինաբար մուտք գործել պահպանվող օբյեկտներ.

    7) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ կազմակերպություններին միջնորդել՝ վերացնելու պետական պահպանության օբյեկտների եւ պահպանվող օբյեկտների անվտանգությանն սպառնացող պատճառները եւ պայմանները.

    8) անարգել մուտք գործել բնակելի տարածքներ, շենքեր, շինություններ, հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության համար։

    Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա լիազոր մարմինն այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին.

    9) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, արգելել տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիների գտնվելը որոշակի վայրերում եւ օբյեկտներում, ինչպես նաեւ տեղափոխել տրանսպորտային միջոցներն այդ վայրերից.

    10) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անվճար ստանալ իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

    11) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.

    12) թույլատրել լիազոր մարմնի ծառայողներին՝ օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել հրազեն եւ հատուկ միջոցներ.

    13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցել.

    14) ապահովել սեփական անվտանգությունը.

    15) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների եւ կազմակերպությունների հետ իր իրավասության շրջանակներում փոխանակել օպերատիվ տեղեկատվություն, հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ, ինչպես նաեւ պայմանավորվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման կարգի եւ պայմանների մասին.

    16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել իր իրավասությանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը եւ կնքել միջգերատեսչական պայմանագրեր։

    Հոդված 14. Լիազոր մարմնի համագործակցությունը Հայաստանի  Հանրապետության կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հետ

    1. Լիազոր մարմինը պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովում է՝ համագործակցելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների հետ։

    2. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում կազմակերպում է անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը եւ համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում։

    3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել լիազոր մարմնին՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման խնդրում։

    4. Լիազոր մարմնի համագործակցությունն օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների եւ կազմակերպությունների հետ իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի եւ փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։

    Հոդված 15. Լիազոր մարմնի մասին տեղեկությունների պաշտպանվածությունը

    Լիազոր մարմնում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։


    ԳԼՈՒԽ 4.

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆՈՒՄ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

    Հոդված 16. Ծառայությունը լիազոր մարմնում

    1. Լիազոր մարմինը համալրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինծառայողներով եւ քաղաքացիական անձնակազմով։

    Լիազոր մարմնի սպաները եւ ենթասպաներն ազգային անվտանգության մարմինների զինծառայողներ են եւ զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները։

    Լիազոր մարմնի քաղաքացիական անձնակազմի ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ լիազոր մարմնում աշխատանքային առանձնահատկություններ սահմանող իրավական ակտերով։

    2. Ծառայողական պարտականությունները կատարելիս լիազոր մարմնի ծառայողի՝ իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար։

    3. Ծառայողական պարտականությունները կատարելիս լիազոր մարմնի ծառայողի օրինական պահանջները չկատարելը եւ (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։

    4. Լիազոր մարմնի ծառայողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

    5. Լիազոր մարմնի զինծառայողների միասնական համազգեստի եւ տարբերանշանների նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

    Հոդված 17. Լիազոր մարմնի ծառայողների պատասխանատվությունը

    1. Լիազոր մարմնի ծառայողն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

    2. Լիազոր մարմնի ծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։

    Հոդված 18. Լիազոր մարմնի ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը

    Լիազոր մարմնի ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան։

    ԳԼՈՒԽ 5.

    ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

    Հոդված 19. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման  պայմանները

    1. Լիազոր մարմնի ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրել սույն օրենքով նախատեսված կարգով եւ դեպքերում, եթե այլ միջոցներ չեն ապահովում լիազոր մարմնի վրա դրված պարտականությունների կատարումը։

    Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ (կամ) զենք գործադրելու ընտրություն կատարելիս լիազոր մարմնի ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից եւ իրավախախտի անձից։

    2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ (կամ) զենք գործադրելիս լիազոր մարմնի ծառայողը պարտավոր է՝

    1) նախազգուշացնել դրանք օգտագործելու մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների, լիազոր մարմնի կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուս ծառայողների եւ այլ անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

    2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ, ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

    3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն։

    3. Լիազոր մարմնի ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ (կամ) զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում կամ հանցագործություն կատարած անձի ձերբակալման համար անհրաժեշտ միջոցառումների գերազանցում։

    4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ (կամ) հրազենի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

    5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին լիազոր մարմինն անհապաղ ծանուցում է տվյալ տարածքի դատախազին։

    Հոդված 20. Ֆիզիկական ուժի գործադրումը

    Լիազոր մարմնի ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրել հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխարգելման, դրանք կատարած անձանց ձերբակալման, ծառայողների օրինական պահանջների հակազդեցության հաղթահարման համար։

    Հոդված 21. Հատուկ միջոցների օգտագործումը

    1. Լիազոր մարմնի ծառայողները, անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս, իրավունք ունեն հատուկ միջոցներ օգտագործել հետեւյալ դեպքերում.

    1) պետական պահպանության օբյեկտների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

    2) լիազոր մարմնի ծառայողների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովող պետական այլ մարմինների ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս.

    3) պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

    4) օրինազանցներին եւ այլ անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հակված են ցույց տալու զինված դիմադրություն կամ խոչընդոտելու լիազոր մարմնի ծառայողների պարտականությունները կատարելուն, ինչպես նաեւ նրանց համապատասխան մարմիններ բերման ենթարկելիս։

    Բացի այդ, հատուկ միջոցներ կարող են օգտագործվել սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում։

    2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ ծառայողի կյանքին եւ առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

    3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության պայմաններում լիազոր մարմնի ծառայողն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները։

    Հոդված 22. Զենքի կիրառումը եւ օգտագործումը

    1. Լիազոր մարմնի ծառայողները, որպես ծայրահեղ միջոցառում, անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու են զենք կիրառել՝

    1) պետական պահպանության օբյեկտների կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս.

    2) լիազոր մարմնի ծառայողների եւ պահպանական միջոցառումների ապահովման համար ներգրավված այլ մարմնի ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս, եթե նրանց կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաեւ նրանց զենքին տիրանալու փորձը կանխելիս.

    3) պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.

    4) պատանդներին ազատելիս, ահաբեկչական եւ այլ հանցավոր ոտնձգությունները կանխելիս.

    5) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների կյանքի եւ առողջության նկատմամբ եւ չի ենթարկվում ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

    6) պետական պահպանության օբյեկտների եւ այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

    7) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս։

    2. Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ ծառայողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

    Մերկացրած զենքով ձերբակալում կատարող լիազոր մարմնի ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ լիազոր մարմնի ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման՝ զենք գործադրել օրենքով սահմանված կարգով։

    Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին լիազոր մարմնի ծառայողը պարտավոր է զեկուցել իր անմիջական ղեկավարին։


    ԳԼՈՒԽ 6.

    ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

    Հոդված 23. Լիազոր մարմնի ֆինանսավորումը

    Լիազոր մարմնի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին։

    Լիազոր մարմնի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է հատուկ հոդված։

    Հոդված 24. Լիազոր մարմնի նյութատեխնիկական եւ այլ ապահովումը

    Լիազոր մարմնի նյութատեխնիկական ապահովումը, ծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի բնակարանային, կենցաղային, սննդի, նյութական օգնության, խրախուսման եւ սոցիալական այլ պահանջմունքների բավարարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող միջոցների հաշվին։

    ԳԼՈՒԽ 7.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 25. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության  ծառայության իրավահաջորդությունը

    Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց անվտանգության ապահովման վարչության իրավահաջորդն է։

    Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից։
     



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    23.12.2003
    ՀՕ-40


    20.03.2008 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
    23.03.2018 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    23.03.2018 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    23.12.2022 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    01.03.2023 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    07.02.2024 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    28.02.2024 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    15.11.2024 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին