Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Փաստաբանության կազմակերպումը
  • Գլուխ 3. Փաստաբանը եւ նրա գործունեությունը
  • Գլուխ 4. Փաստաբանական գործունեության արտոնագրումը
  • Գլուխ 5. Արտոնագրի գործողության դադարեցումը եւ կասեցումը
  • Գլուխ 6. Փաստաբանի պատասխանատվությունը
  • Գլուխ 7. Հանրային պաշտպանությունը եւ հանրային պաշտպանի գրասենյակը
  • Գլուխ 8.  Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն իրականացնելու եւ փաստաբանների մասնագիտական միավորում կազմակերպելու հիմունքները եւ այդ գործունեության իրականացման կարգը։

    Հոդված 2. Փաստաբանության մասին օրենսդրությունը

    Փաստաբանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից։

    Սույն օրենքով սահմանված կարգը միասնական է եւ պարտադիր բոլոր փաստաբանների համար։

    Հոդված 3. Փաստաբանությունը եւ պետությունը

    Փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։

    Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա։

    Հոդված 4. Սույն օրենքում կիրառվող հասկացությունների օգտագործման սահմանափակումը

    Կազմակերպությունների եւ հասարակական միավորումների անվանումներում «փաստաբան», «փաստաբանների պալատ», «փաստաբանների կոլեգիա», «փաստաբանների միություն» հասկացությունները, դրանց բոլոր հոլովաձեւերը կամ օտարալեզու իմաստային թարգմանությունները ներառող բառակապակցությունների օգտագործումը համաձայնեցվում է փաստաբանների պալատի խորհրդի հետ։

    Հոդված 5. Փաստաբանական գործունեությունը

    Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած օրինական շահերի իրականացմանը` օրենքով չարգելված միջոցներով եւ եղանակներով։

    Փաստաբանական գործունեությունը ներառում է՝

    1) խորհրդատվությունը, ներառյալ` վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը, նրանց իրավունքների եւ պարտավորությունների, դատական համակարգի՝ վստահորդի իրավունքներին առնչվող գործունեության կապակցությամբ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը.

    2) ներկայացուցչությունը, ներառյալ` դատական ներկայացուցչությունը.

    3) քրեական գործերով պաշտպանությունը։

    Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ քրեական գործերով պաշտպանությունը` որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է միայն փաստաբանը։

    Փաստաբանական գործունեություն չի համարվում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող եւ ի շահ գործատուի գործող անձանց կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը։

    Սույն օրենքի գործողությունը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր փաստաբան չեն եւ օրենքով սահմանված կարգով իրականացնում են ներկայացուցչություն կամ քրեական գործերով պաշտպանություն` ոչ որպես ձեռնարկատիրական գործունեություն:

    Հոդված 6. Փաստաբանական գործունեության վճարովիությունը

    Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց։

    Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով։

    Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը քրեական գործերով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ հետեւյալ դեպքերում.

    1) ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով.

    2) խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաեւ կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:

    Անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է փաստաբանների պալատը պետության հաշվին` սույն օրենքի 41-րդ եւ 42-րդ հոդվածներով սահմանված կարգով:

    Անվճար իրավաբանական օգնություն կարող է ցույց տրվել նաեւ փաստաբանի նախաձեռնությամբ։
     
     

    ԳԼՈՒԽ 2

    ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

    Հոդված 7. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը

    Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ` փաստաբանների պալատ) փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող իրավաբանական անձ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից։

    Փաստաբանների պալատի խնդիրներն են`

    1) պայմաններ ստեղծել իր անդամների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

    2) պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում.

    3) կազմակերպել իր անդամների մասնագիտական ուսուցումը եւ վերապատրաստումը.

    4) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից փաստաբանի վարքագծի կանոնագրքի եւ փաստաբանների պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.

    5) միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.

    6) ապահովել սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի եւ արդյունավետ անվճար իրավաբանական օգնության իրականացումը։

    Փաստաբանների պալատը կարող է համագործակցել այլ երկրների փաստաբանական կառույցների, միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ։

    Հոդված 8. Փաստաբանների պալատի մարմինները

    Փաստաբանների պալատի մարմիններն են`

    1) փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը.

    2) փաստաբանների պալատի խորհուրդը.

    3) փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը.

    4) փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը:

    Փաստաբանների պալատի մարմինների անդամներն այդ մարմիններում աշխատում են առանց վարձատրության, բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի:

    Փաստաբանների պալատի մարմինների անդամներն այդ մարմիններում աշխատանքը կարող են համատեղել փաստաբանական գործունեության հետ։

    Փաստաբանների պալատի անդամը կարող է ընտրվել փաստաբանների պալատի մեկ մարմնում:

    Փաստաբանների պալատի մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը, գործունեության կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ։

    Հոդված 9. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը

    Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը փաստաբանների ընդհանուր հավաքն է, որն իրավասու է քննարկելու եւ լուծելու փաստաբանությանը վերաբերող եւ սույն օրենքից բխող հարցեր:

    Փաստաբանների ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը`

    1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը եւ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, ինչպես նաեւ փոփոխություններ կամ լրացումներ է կատարում դրանցում.

    2) ընտրում եւ հետ է կանչում փաստաբանների պալատի խորհրդի եւ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամներին.

    3) ընտրում եւ հետ է կանչում փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի փաստաբան անդամներին.

    4) ընտրում եւ հետ է կանչում փաստաբանների պալատի նախագահին.

    5) լսում է փաստաբանների պալատի խորհրդի հաշվետվությունը` հաշվետու ժամանակահատվածում փաստաբանների պալատի խորհրդի գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հաշվետվությունը` հաշվետու ժամանակահատվածում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ.

    6) լսում է աուդիտի եզրակացությունը.

    7) որոշում է ընդունում հատուկ արտոնագիր տրամադրելու վերաբերյալ.

    8) իրականացնում է սույն օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

    Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հրավիրվում է առնվազն երկու տարին մեկ՝ փաստաբանների պալատի նախագահի նախաձեռնությամբ: Փաստաբանների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել փաստաբանների պալատի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի խորհրդի նախաձեռնությամբ:

    Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է փաստաբանների պալատի անդամների երկու երրորդից ավելին:

    Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

    Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի իրավասությունները չեն կարող փոխանցվել այլ մարմինների:

    Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով փաստաբանների պալատի անդամը կարող է իր ձայնը լիազորել փաստաբանների պալատի մեկ այլ անդամի` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 10. Փաստաբանների պալատի խորհուրդը

    Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր մարմինն է:

    Փաստաբանների պալատի խորհուրդն ընտրվում է փաստաբանների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` երկու տարի ժամկետով, բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի: Փաստաբանների պալատի խորհուրդն ընտրվում է տասնմեկ անդամի կազմով:

    Փաստաբանների պալատի խորհուրդը՝

    1) կազմավորում է որակավորման հանձնաժողովը.

    2) մշակում եւ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում փաստաբանի վարքագծի կանոնագիրքը.

    3) իրավասու պետական մարմիններ առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ իրավական այլ ակտերի կատարելագործման ուղղությամբ.

    4) կազմում եւ հաստատում է փաստաբանների պալատի տարեկան բյուջեն, ինչպես նաեւ կազմում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում անվճար իրավաբանական օգնության տրամադրման փոխհատուցման ֆինանսական հայտերը.

    5) կազմակերպում է փաստաբանների մասնագիտական ուսուցումը եւ վերապատրաստումը.

    6) որոշում է ընդունում փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալուն հավակնող անձին (այսուհետ` հավակնորդ) փաստաբանական գործունեության արտոնագիր (բացառությամբ հատուկ արտոնագրի) տրամադրելու վերաբերյալ` սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված կարգով.

    7) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին` սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված կարգով.

    8) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու մասին` սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված կարգով.

    9) մշակում եւ հաստատում է փորձնակների փորձաշրջանը կազմակերպելու եւ անցկացնելու կարգը.

    10) սահմանում է փաստաբանի անդամավճարի եւ հավակնորդի մուտքի ու հավակնորդի այլ վճարների չափերը, ինչպես նաեւ դրանք մուծելու կարգը.

    11) հաստատում է փաստաբանների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.

    12) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ, ինչպես նաեւ որոշում է ընդունում փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին.

    13) իրականացնում է օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

    Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը հրավիրվում են փաստաբանների պալատի նախագահի կողմից՝ ըստ անհրաժեշտության, բայց տարեկան չորս անգամից ոչ պակաս։ Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաեւ պալատի խորհրդի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի երեսուն անդամների նախաձեռնությամբ:

    Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է անդամներից առնվազն յոթը:

    Փաստաբանների պալատի խորհրդի նիստերին փաստաբանների պալատի խորհրդի անդամը քվեարկում է անձամբ:

    Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

    Հոդված 11. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը

    Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ իրականացնող մարմին է:

    Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն ընտրվում է փաստաբանների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` երկու տարի ժամկետով, ինն անդամի կազմով:

    Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը՝

    1) փաստաբանի նկատմամբ իրականացնում է կարգապահական վարույթ.

    2) տալիս է եզրակացություն փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերին համապատասխան.

    3) տալիս է եզրակացություն փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

    Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահն ընտրվում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կազմից։

    Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստերը հրավիրում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը։

    Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների երկու երրորդից ավելին:

    Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

    Հոդված 12. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը

    Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու եւ դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով։

    Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է երկու տարի ժամկետով՝ ինն անդամի կազմով, ներկայացուցչության հետեւյալ համամասնությամբ՝

    1) փաստաբանների կազմից առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող` փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված վեց փաստաբան.

    2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.

    3) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից մեկ գիտնական իրավաբան՝ այդ հաստատության ղեկավարի ներկայացմամբ.

    4) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից (այսուհետ` վճռաբեկ դատարան) մեկ դատավոր` վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ։

    Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահն ընտրվում է որակավորման հանձնաժողովի փաստաբան անդամների կազմից։

    Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստերը հրավիրում է որակավորման հանձնաժողովի նախագահը։

    Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը։

    Հավակնորդից որակավորման քննություններ ընդունելու վերաբերյալ որակավորման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող որակավորման հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ անվանական քվեաթերթիկներով քվեարկության միջոցով։ Քվեաթերթիկի ձեւը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը։ Որակավորման հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրվում է որակավորման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից՝ անկախ քվեարկության ժամանակ անդամներից յուրաքանչյուրի ունեցած դիրքորոշումից։ Քվեաթերթիկները եւ հարցերին գրավոր պատասխանների (թեստավորման) տեքստերը կցվում են արձանագրությանը եւ երեք տարի ժամկետով պահվում են փաստաբանների պալատի արխիվում։ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի որոշումը հավակնորդին հայտարարվում է քվեարկությունից անմիջապես հետո։

    Հոդված 13. Փաստաբանների պալատի նախագահը

    Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:

    Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն յոթ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

    Փաստաբանների պալատի նախագահը`

    1) ներկայացնում է փաստաբանների պալատը.

    2) ընդունում է որոշումներ փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.

    3) պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարին եւ մյուս աշխատողներին.

    4) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը.

    5) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում.

    6) տրամադրում է փաստաբանի, փաստաբանի օգնականի եւ փաստաբանի փորձնակի վկայականներ.

    7) իրականացնում է օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

    Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար ունի տեղակալ, որին փաստաբանների պալատի խորհրդի կազմից նշանակում է փաստաբանների պալատի նախագահը: Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը փոխարինում է փաստաբանների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ:

    Փաստաբանների պալատի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի խորհրդի նախագահն է։

    Փաստաբանների պալատի նախագահի աշխատանքի համատեղումը փաստաբանական գործունեության հետ չպետք է խոչընդոտի փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների իրականացմանը։

    Հոդված 14. Փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը

    Փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընտրված անկախ աուդիտը ոչ ուշ, քան երկու տարին մեկ:

    Հոդված 15. Փաստաբանների պալատի գույքը

    Փաստաբանների պալատի գույքը ձեւավորվում է փաստաբանների անդամավճարներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից։

    Հոդված 16. Փաստաբանների հասարակական միավորումները

    Փաստաբաններն իրավունք ունեն ստեղծելու փաստաբանների հասարակական միավորումներ կամ լինելու փաստաբանների հասարակական միավորումների անդամ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

    Փաստաբանների հասարակական միավորումներն իրավունք չունեն իրականացնելու փաստաբանների պալատի կամ դրա մարմինների` սույն օրենքով նախատեսված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված լիազորությունների։

    ԳԼՈՒԽ 3

    ՓԱՍՏԱԲԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 17. Փաստաբանը

    Փաստաբան է համարվում այն անձը, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, փաստաբանների պալատի անդամ է եւ տվել է երդում։ Փաստաբանը համարվում է իրավական հարցերով անկախ խորհրդատու։

    Փաստաբանն աջակցում է հասարակության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնում է օրինականության քարոզչություն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ:

    Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը`

    1) խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր.

    2) կազմում է դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ եւ իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ դրանց նախագծեր.

    3) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է քաղաքացիական դատավարությանը, մասնակցում է գործի քննությանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում.

    4) որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցում է քրեական դատավարությանը եւ վարչական իրավախախտումների գործերով վարույթին.

    5) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է գործերի քննությանը միջնորդ դատարանում կամ վեճեր լուծող այլ մարմիններում.

    6) ներկայացնում է վստահորդի շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում եւ այլ կազմակերպություններում, օտարերկրյա պետությունների պետական իշխանության մարմիններում, դատարաններում, հետաքննության կամ նախաքննության մարմիններում, միջազգային դատական մարմիններում, օտարերկրյա պետությունների ոչ կառավարական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ երկրի օրենսդրությամբ, միջազգային դատական մարմինների եւ այլ միջազգային կազմակերպությունների կանոնադրային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

    Փաստաբանն իրավունք ունի ցույց տալու օրենքով չարգելված իրավաբանական այլ օգնություն։ Քաղաքացիական եւ վարչական իրավախախտումների գործերով դատավարությունում, որպես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կարող են հանդես գալ փաստաբանները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործառույթներն իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում աշխատող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

    Փաստաբանն իրականացնում է իր փորձնակների ուսուցումը։

    Փաստաբանը փաստաբանների պալատի սահմանած չափով եւ կարգով մուծում է անդամավճար` փաստաբանների պալատի ընդհանուր պահանջների եւ փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված այլ ծախսերի համար։

    Օտարերկրացի փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն իրականացնում է սույն օրենքով, փաստաբանների պալատի կանոնադրությամբ եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Օտարերկրացի փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա եւ պետք է հավատարմագրվի փաստաբանների պալատում:

    Օտարերկրացի փաստաբանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ կապված հարցերով։

    Օտարերկրացի փաստաբանը չի կարող ընտրվել փաստաբանների պալատի մարմիններում։

    Հոդված 18. Փաստաբանի հիմնական իրավունքները

    Քաղաքացիական եւ քրեական դատավարությունում, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթում որպես վստահորդի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի իրավունքները սահմանվում են օրենքով։

    Փաստաբանը մասնավորապես իրավունք ունի՝

    1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնելու կամ պաշտպանելու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շահերը, ինչպես նաեւ ներկայացնելու վստահորդի շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական մարմիններում եւ կազմակերպություններում.

    2) օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու եւ ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ.

    3) դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու պաhանջով։ Նշված մարմիններն ու կազմակերպությունները պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.

    4) համաձայնության դեպքում գրավոր հարցման ենթարկելու անձանց, ովքեր, ենթադրվում է, որ տիրապետում են գործին վերաբերող տեղեկատվությանը, որով փաստաբանն իրավաբանական օգնություն է ցույց տալիս.

    5) պայմանագրային հիմունքներով մասնագետներ ներգրավելու` իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այլ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցեր պարզաբանելու համար:

    Հոդված 19. Փաստաբանի հիմնական պարտականությունները

    Փաստաբանը պարտավոր է՝

    1) ազնվորեն եւ բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները եւ օրինական շահերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով.

    2) պահպանել սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի եւ փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները.

    3) չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

    4) մշտապես կատարելագործել իր գիտելիքները.

    5) մուծել անդամավճարներ.

    6) չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը:

    Հոդված 20. Փաստաբանի հիմնական իրավունքների եւ պարտականությունների առանձնահատկությունները

    Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունն ընդունելու, եթե՝

    1) այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում.

    2) վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից:

    Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալու այն դեպքում, երբ

    1) առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջեւ.

    2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաեւ եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը.

    3) ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը.

    4) պետք է ներկայացնի վստահորդի շահերը որեւէ գործում, եւ այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը:

    Փաստաբանն իրավունք չունի`

    1) հայտարարություններ անելու վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ, եթե վերջինս ժխտում է դա.

    2) հրապարակելու վստահորդի կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ իրեն հայտնած տեղեկությունները` առանց վստահորդի համաձայնության:

    Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջեւ առաջանում է հակասություն:

    Փաստաբանն իրավունք ունի հրաժարվելու վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով, ինչպես նաեւ վստահորդի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում:

    Վստահորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվելու փաստաբանի ծառայությունից՝ փոխհատուցելով նրա արդեն մատուցած ծառայության դիմաց:

    Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչեւ իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը:

    Փաստաբանն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ եւ պարտականություններ։

    Հոդված 21. Փաստաբանի գործունեության երաշխիքները

    Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով, փաստաբանի վարքագծի կանոնագրքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

    Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների եւ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

    Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ:

    Փաստաբանը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության, ներառյալ՝ իր մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարելիս դատարանում, հետաքննության, նախաքննության եւ այլ մարմիններում հայտնած կարծիքի եւ դիրքորոշման համար:

    Հոդված 22. Փաստաբանի իրավական պաշտպանությունը

    Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները եւ նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։

    Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

    Փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին:

    Հոդված 23. Փաստաբանի օգնականը

    Փաստաբանն իրավունք ունի ունենալու օգնական կամ օգնականներ։ Փաստաբանի օգնական չի կարող լինել սույն օրենքի 33-րդ հոդվածում նշված անձը։

    Փաստաբանի օգնականն իրավունք չունի զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։

    Փաստաբանի օգնականն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվության։ Փաստաբանի օգնականն աշխատանքի է ընդունվում այն կազմակերպության հետ կնքվող աշխատանքային պայմանագրով, որտեղ աշխատում է տվյալ փաստաբանը, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանի հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:

    Փաստաբանի օգնականն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի օգնականի վկայականով, որի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը։

    Հոդված 24. Փաստաբանի փորձնակը

    Հինգ տարի եւ ավելի փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանն իրավունք ունի ունենալու փորձնակ կամ փորձնակներ։

    Փաստաբանի փորձնակ կարող է լինել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը, որը փաստաբանների պալատի կառույցներում, այն կազմակերպությունում, որտեղ աշխատում է տվյալ փաստաբանը, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով` անցնում է փորձնակություն մեկից երկու տարի ժամանակով, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածում նշված անձանց։

    Փորձնակություն անցնելու, ինչպես նաեւ փորձնակությունը դադարեցնելու կարգն ու պայմանները սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։

    Փաստաբանի փորձնակն իր գործունեությունն իրականացնում է փաստաբանի ղեկավարությամբ՝ կատարելով նրա փաստաբանական գործունեության հետ կապված առանձին հանձնարարություններ։ Փաստաբանի փորձնակն իրավունք չունի ինքնուրույն զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Փաստաբանի փորձնակն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվության։ Փաստաբանի փորձնակն աշխատանքի է ընդունվում այն կազմակերպությունում, որտեղ աշխատում է տվյալ փաստաբանը, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով։

    Փաստաբանի փորձնակն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի փորձնակի վկայականով, որի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը։

    Հոդված 25. Փաստաբանական գաղտնիքը

    Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունը, որը վստահորդը փոխանցել է փաստաբանին, ինչպես նաեւ այն տեղեկությունները եւ ապացույցները, որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն, եւ որոնք հայտնի չեն հանրությանը:

    Արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով իրեն դիմելու կամ իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ:

    Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե՝

    1) առկա է վստահորդի համաձայնությունը.

    2) դա անհրաժեշտ է նրա եւ վստահորդի միջեւ ծագած դատական վեճում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար.

    3) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն: Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ:

    Հոդված 26. Փաստաբանների գործունեության կազմակերպական-իրավական ձեւերը

    Փաստաբանն իր գործունեությունը կազմակերպելու համար կարող է ընտրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած ձեւ:

    Հոդված 27. Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը

    Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի կանոնները եւ փաստաբանական էթիկայի սկզբունքները:
     
     

    ԳԼՈՒԽ 4

    ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

    Հոդված 28. Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները

    Փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն անձը, որը՝

    1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտական աստիճան եւ իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

    2) հանձնել է որակավորման քննություն եւ ստացել համապատասխան վկայագիր:

    Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ծրագրով, իսկ հատուկ արտոնագիր ստանալու համար՝ հատուկ ծրագրով։ Քննությունն ընդունելու եւ հանձնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։

    Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման հանձնաժողով է ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկ, աշխատանքային գրքույկի պատճենը կամ իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքային ստաժը հաստատող այլ փաստաթուղթ, բարձրագույն իրավաբանական կրթությունը կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտական աստիճանի վկայությունը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաեւ փաստաբանության մասին օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր։

    Որակավորման հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում երկու ամսվա ընթացքում կազմակերպում է հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի եւ տվյալների հավաստիության ստուգում։

    Որակավորման քննությունը բաղկացած է հարցերին գրավոր պատասխաններից՝ թեստավորումից եւ բանավոր հարցազրույցից։ Որակավորման քննության պահանջները, քննական առարկաների ցանկը, գնահատման չափանիշները սահմանում է որակավորման հանձնաժողովը:

    Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

    Որակավորման քննությունը չհանձնած հավակնորդին թույլատրվում է այն հանձնել մեկ տարի անց։ Քննություն հանձնելու փորձերի թիվն անսահմանափակ է։

    Քննություններն անցկացվում են առնվազն տարին մեկ անգամ։

    Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքային ստաժի մեջ մտնում է աշխատանքը կամ գործունեությունը՝

    1) որպես դատավոր կամ դատախազ.

    2) ոչ պետական, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության բարձրագույն իրավաբանական կրթություն պահանջող պաշտոնում.

    3) որպես փաստաբան կամ փաստաբանի փորձնակ.

    4) որպես նոտար կամ քննիչ.

    5) որպես իրավունքի բնագավառի դասախոս միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական եւ հետբուհական մասնագիտական կրթական հաստատություններում։

    Առանց որակավորման քննություն հանձնելու եւ համապատասխան վկայագիր ստանալու` փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն անձը, որն ունի փաստաբանի, դատավորի առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային ստաժ։

    Հոդված 29. Փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու կարգը

    Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում՝ փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը:

    Հավակնորդի դիմումը քննարկում եւ դրա վերաբերյալ մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում փաստաբանների պալատի խորհուրդը:

    Արգելվում է հավակնորդների նկատմամբ խտրականությունը` հավակնորդի ազգության, քաղաքացիության, ռասայի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության հիմքով:

    Դիմումը կարող է մերժվել, եթե չեն ապահովվել սույն օրենքի 28-րդ եւ 33-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:

    Դիմումի մերժումը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել դատական կարգով:

    Դիմումը մերժվելու դեպքում հավակնորդը նոր դիմում կարող է ներկայացնել մերժելու մասին որոշումն ընդունելու օրվանից մեկ տարի հետո։

    Փաստաբանների պալատին անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է փաստաբանների պալատի կնիքով եւ նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր:

    Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման։

    Հոդված 30. Հատուկ արտոնագիրը եւ այն տրամադրելու կարգը

    Հատուկ արտոնագիրը տրամադրվում է վճռաբեկ դատարանում` օրենքով նախատեսված հիմքերով փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով:

    Հատուկ արտոնագիր տրամադրելու համար փաստաբանը փաստաբանների պալատի նախագահին է ներկայացնում դիմում` հատուկ արտոնագիր ստանալու խնդրանքով, որին կցվում են որակավորման հանձնաժողովի տված համապատասխան վկայագրի պատճենը եւ փաստաբանի արտոնագիրը:

    Հատուկ արտոնագիր տրամադրում է փաստաբանների պալատի նախագահը՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա ընդունված որոշմամբ` առավելագույն ձայներ հավաքած առաջին յոթ հավակնորդներին:

    Փաստաբանների պալատը տվյալ տարվա ընթացքում կարող է տալ ոչ ավելի, քան յոթ հատուկ արտոնագիր` գործունեության հինգ տարի ժամանակով:

    Հատուկ արտոնագիրը տրվում է ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

    Հոդված 31. Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի գրանցումը վճռաբեկ դատարանում

    Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը հատուկ արտոնագիրը վճռաբեկ դատարան ներկայացնելու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում, վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով գրանցվում է վճռաբեկ դատարանում՝ նախապես ներկայացնելով պետական տուրքի մուծման մասին անդորրագիրը:

    Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իր լիազորությունները կարող է իրականացնել գրանցման պահից:

    Հոդված 32. Փաստաբանի երդումը

    Առաջին անգամ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալիս փաստաբանը փաստաբանների պալատի խորհրդի առջեւ հանդիսավոր պայմաններում երդում է տալիս հետեւյալ բովանդակությամբ.

    «Հանդիսավոր երդվում եմ ազնիվ եւ բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները եւ շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքով»։

    Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր փաստաբանի կողմից երդման տեքստն ընթերցվելու միջոցով:

    Փաստաբանը ստորագրում է երդման տեքստը։

    Հոդված 33. Փաստաբանական գործունեության սահմանափակումները

    Անձը չի կարող լինել փաստաբան, եթե նա՝

    1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

    2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։

    Հոդված 34. Փաստաբանների ցուցակը եւ դրանում ընդգրկվելը

    Հասարակության համար փաստաբանական գործունեության մատչելիությունն ապահովելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը վարում եւ առնվազն տարին երկու անգամ հրապարակում է փաստաբանների ցուցակ:

    Փաստաբանների ցուցակը ներառում է փաստաբանի անունը եւ ազգանունը, փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները, փաստաբանի մասնագիտացումը, ինչպես նաեւ փաստաբանի ցանկությամբ այլ տեղեկատվություն, որը մանրամասն պետք է նշված լինի փաստաբանի դիմումում:

    Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանի գործունեության արտոնագիր ունեցող փաստաբանի կամ փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող օտարերկրացի փաստաբանի դիմումը ստանալու օրվանից հետո` տասնչորս օրվա ընթացքում, ընդգրկում է նրան փաստաբանների ցուցակում։

    Փաստաբանն օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում փաստաբանների ցուցակում հրապարակված կեղծ տեղեկատվության համար:

    Հոդված 35. Փաստաբանների ցուցակից հանելը

    Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ փաստաբանը հանվում է փաստաբանների ցուցակից, եթե՝

    1) նա գրավոր դիմում է փաստաբանների ցուցակից իր անունը հանելու վերաբերյալ.

    2) դադարեցվում է նրա արտոնագրի գործողությունը սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում.

    3) դադարեցվել է օտարերկրացի փաստաբանի փաստաբանական գործունեության իրավունքն իր քաղաքացիության երկրում։

    ԳԼՈՒԽ 5

    ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

    Հոդված 36. Արտոնագրի գործողության դադարեցումը

    Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե՝

    1) նա գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին՝ արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.

    2) նա արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.

    3) առկա են սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներ.

    4) նա մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ ենթարկվել է կարգապահական տույժի.

    5) նա մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի որոշումը.

    6) նա որակավորման հանձնաժողով է ներկայացրել կեղծ տվյալներ.

    7) լրացել է արտոնագրի գործողության կասեցման` սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

    Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ այն ուժը կորցրած ճանաչելով:

    Փաստաբանների պալատի խորհուրդը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում արտոնագիրն ուժը կորցրած է ճանաչում փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

    Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

    Փաստաբանն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց երկու տարի անց:

    Օտարերկրացի փաստաբանը չի կարող փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ նա ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն։

    Հոդված 37. Հատուկ արտոնագրի գործողության դադարեցումը

    Հատուկ արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը, եթե՝

    1) փաստաբանը գրավոր դիմել է հատուկ արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.

    2) առկա են սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներ.

    3) լրացել է հատուկ արտոնագրի գործողության ժամկետը.

    4) լրացել է հատուկ արտոնագրի գործողության կասեցման` սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

    Հատուկ արտոնագրի գործողությունը կարող է դադարեցվել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

    Հատուկ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

    Փաստաբանն իրավունք ունի դիմելու նոր հատուկ արտոնագիր ստանալու համար հատուկ արտոնագրի գործողությունը դադարեցնելուց երկու տարի հետո:

    Հատուկ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու դեպքում փաստաբանը փաստաբանական գործունեությունն իրավունք ունի շարունակելու փաստաբանի արտոնագրի հիման վրա:

    Հատուկ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու դեպքում փաստաբանների պալատի նախագահը հնգօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է վճռաբեկ դատարանի նախագահին:

    Հոդված 38. Արտոնագրի եւ հատուկ արտոնագրի գործողության կասեցումը

    Արտոնագրի եւ հատուկ արտոնագրի գործողությունը կասեցվում է մինչեւ հինգ տարի ժամկետով, եթե փաստաբանը՝

    1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում կամ համայնքի ղեկավարի պաշտոնում՝ իր լիազորությունների ժամկետով.

    2) զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության մինչեւ ծառայության ժամկետի լրանալը.

    3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր.

    4) անցել է պետական ծառայության՝ պետական ծառայության մեջ գտնվելու ժամկետով.

    5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

    6) մեղադրվում է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, որը կապված է նրա փաստաբանական գործունեության հետ:

    Արտոնագրի եւ հատուկ արտոնագրի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված այլ դեպքերում:

    Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու դեպքում փաստաբանների պալատի խորհուրդը կարող է կասեցնել տվյալ փաստաբանի արտոնագրի գործողությունը։

    Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տվյալ փաստաբանի նկատմամբ սույն օրենքով նախատեսված երաշխիքների կասեցման։

    Արտոնագրի եւ հատուկ արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը։

    Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղյակ պահել փաստաբանների պալատի նախագահին։

    Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ այն փաստաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կասեցվել էր։

    Փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

    Փաստաբանի հատուկ արտոնագրի գործողության կասեցման դեպքում փաստաբանների պալատի նախագահը հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վճռաբեկ դատարանի նախագահին:
     
     

    ԳԼՈՒԽ 6

    ՓԱՍՏԱԲԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 39. Փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը

    Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի եւ փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները խախտելու, իր մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Կարգապահական վարույթ հարուցվում է փաստաբանների պալատ ստացված գրավոր հաղորդումների կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա: Անստորագիր եւ անհասցե հաղորդումները ստուգման ենթակա չեն:

    Փաստաբանն իրավունք ունի մասնակցելու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին, ունենալու պաշտպան, ծանոթանալու կարգապահական վարույթում առկա նյութերին, ներկայացնելու ապացույցներ, կանչելու վկաներ, տալու հարցեր եւ հարուցելու միջնորդություններ։

    Կարգապահական վարույթ հարուցվում է կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերման դեպքում դրանց վերաբերյալ ստացված հայտարարության կամ հաղորդման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

    Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը հաղորդվում է փաստաբանին:

    Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման, եթե խախտումը հայտնաբերելու օրվանից անցել է վեց ամիս:

    Եթե փաստաբանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, կամ իրականացվում է քրեական հետապնդում, ապա քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, եթե խախտողի արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ընդունելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում։

    Կարգապահական վարույթի քննությունը պետք է ավարտվի հարուցման օրվանից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում, ներառյալ` որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ժամանակը։

    Կարգապահական վարույթի արդյունքները հրապարակում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը:

    Հոդված 40. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները

    Կարգապահական խախտման համար մեղավոր ճանաչված փաստաբանի նկատմամբ կարող է նշանակվել հետեւյալ կարգապահական տույժերից մեկը.

    1) նկատողություն.

    2) խիստ նկատողություն.

    3) տուգանք։

    Տուգանքի չափերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը, որը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը։ Տուգանքը վճարվում է փաստաբանների պալատին։

    Կարգապահական տույժեր նշանակելիս հաշվի են առնվում կարգապահական խախտում կատարողի անձը, արարքի ծանրությունը եւ կրկնակիությունը, առաջացած հետեւանքները եւ պատճառված վնասի չափը։

    Կարգապահական տույժի նշանակումը փաստաբանը կարող է բողոքարկել դատական կարգով` տույժի նշանակման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։

    Կարգապահական տույժն ուժի մեջ է նկատողության դեպքում կարգապահական տույժ նշանակելու մասին որոշում ընդունելու պահից` երեք ամիս ժամկետով, խիստ նկատողության դեպքում՝ վեց ամիս ժամկետով, տուգանքի դեպքում` ինն ամիս ժամկետով։ Կարգապահական տույժերի ուժի մեջ լինելու համար սահմանված ժամկետները լրանալու դեպքում փաստաբանը համարվում է տույժ չունեցող:

    ԳԼՈՒԽ 7

    ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

    Հոդված 41. Հանրային պաշտպանությունը

    Հանրային պաշտպանություն է համարվում սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված գործերով տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

    Հոդված 42. Հանրային պաշտպանի գրասենյակը

    Հանրային պաշտպանությունն իրականացվում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով։

    Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանների պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմված է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարից եւ հանրային պաշտպաններից:

    Հոդված 43. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը

    Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին ընտրում է փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը` առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

    Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ընտրվում է քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ:

    Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը`

    1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.

    2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի եւ արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.

    3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջեւ.

    4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.

    5) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի հիման վրա կամ սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին դիմումը բավարարելու եւ գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ այն նախատեսված չէ սույն օրենքի 6-րդ հոդվածով.

    6) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու որակի եւ ժամկետների նկատմամբ.

    7) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

    Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է փաստաբանների պալատի խորհրդի նիստերին:

    Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է համապատասխան վարձատրություն` փաստաբանների պալատի նախագահի աշխատավարձի իննսունհինգ տոկոսի չափով:

    Հոդված 44. Հանրային պաշտպանը

    Հանրային պաշտպան է համարվում հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանը, որը գործում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ` պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա:

    Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով կարող է սահմանվել մրցույթ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:

    Հոդված 45. Հանրային պաշտպանի վարձատրությունը, հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը

    Հանրային պաշտպանների աշխատանքը փոխհատուցվում է պետական բյուջեից: Փաստաբանների պալատին պետական բյուջեից փոխհատուցվող գումարի չափը որոշվում է հանրային պաշտպանի ամսական աշխատանքի դիմաց Երեւան քաղաքի համայնքի դատախազի համար օրենքով սահմանված աշխատանքային մեկ ամսվա վարձատրությանը համարժեք գումարի չափով։

    Հանրային պաշտպանի գրասենյակը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:

    Հանրային պաշտպանի գրասենյակը կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել օրենքով չարգելված աղբյուրներից, որոնք կարող են ծախսվել գրասենյակի գործունեության բարելավման, ինչպես նաեւ հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության նպատակով դրամական խրախուսման համար։

    Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:

    ԳԼՈՒԽ 8

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 46. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

    Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 18-ի ՀՕ-234 օրենքը։

    Հոդված 47. Փաստաբանների պալատի կազմավորումը

    Փաստաբանների պալատը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների իրավահաջորդը։

    Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական մյուս միությունների լիազորությունները պահպանվում են մինչեւ փաստաբանների պալատի կազմավորումը։

    Փաստաբանների պալատը կազմավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով վերակազմակերպմամբ։

    Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը հրավիրում է ամենատարեց փաստաբանը, որը ժողովը վարում է մինչեւ փաստաբանների պալատի նախագահի ընտրվելը։

    Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովն իրավասու է սկսելու աշխատանքները գործող փաստաբանների միություններում ընդգրկված փաստաբանների ընդհանուր թվի երկու երրորդի առկայության դեպքում։

    Հոդված 48. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագիր ստացած փաստաբանների եւ ստաժորների իրավական վիճակը

    Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունները համարվում են վերակազմակերպված օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

    Փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների անդամ փաստաբանների արտոնագրերը եւ հատուկ արտոնագրերը փոխարինում է փաստաբանների պալատի արտոնագրերով: Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների տրամադրած արտոնագրերը եւ հատուկ արտոնագրերը ուժի մեջ են փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում:

    Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած եւ սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կարող են ստանալ փաստաբանական գործունեության արտոնագրեր` առանց որակավորման քննություն հանձնելու եւ համապատասխան վկայագիր ստանալու` ներկայացնելով դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթեր, բացառությամբ այն անձանց, ովքեր ունեցել են փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, եւ դադարեցվել է դրա գործողությունը:

    Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների ստաժորները ճանաչվում են փաստաբանների պալատի փորձնակներ:

    Հոդված 49. Միջնորդ դատարանում եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը այլ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորագիր ստացած անձանց իրավական վիճակը

    Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր ստացել են լիազորագիր` միջնորդ դատարանում կամ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը` այլ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար: 



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    13.01.2005
    ՀՕ-29


    08.07.2005 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    01.06.2006 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    25.12.2006 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    25.12.2006 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    21.02.2007 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    26.05.2008 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    26.12.2008 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    08.12.2011 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    30.04.2013 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    12.12.2013 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին
    21.06.2014 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    17.12.2014 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    17.10.2016 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    16.12.2016 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    13.12.2017 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    09.02.2018 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    21.01.2020 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    16.04.2020 «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
    18.06.2020 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    17.09.2020 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    18.01.2022 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    09.06.2022 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    05.10.2022 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    01.03.2023 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    14.11.2023 «Փաստաբանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    12.04.2024 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    02.10.2024 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    24.10.2024 «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին
    15.11.2024 «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին