Armenian   Russian   English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018

Գ լ ու խ 1. Ընդհանուր դրույթներ
Գ լ ու խ 2. Հարցը հանրաքվեի դնելը, հանրաքվե նշանակելը եվ անցկացնելը
Գ լ ու խ 3. Օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալը
Գ լ ու խ 4. Հանրաքվեի կազմակերպումը
Գ լ ու խ 5. Քարոզչությունը
Գ լ ու խ 6. Դիտորդները
Գ լ ու խ 7. Հանրաքվեի քվեարկության նախապատրաստման եվ անցկացման կարգը
Գ լ ու խ 8. Հանրաքվեի արդյունքներն ամփոփելու եվ անճշտությունները որոշելու կարգը
Գ լ ու խ 9. Եզրափակիչ դրույթներ
 
 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է հանրաքվեի անցկացման սկզբունքները, կարգավորում է հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու եւ հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հանրաքվեն եւ դրա անցկացման սկզբունքները

1. Հանրաքվեն ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձեւերից է:

2. Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

3. Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:

4. Հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հոդված 3. Հանրաքվեին մասնակցելու իրավունքը

1. Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրաքվեին  մասնակցելու իրավունք ունեն հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք:

Հոդված 4. Հանրաքվեի դրվող հարցերը

1. Հանրաքվեի են դրվում`

1) Սահմանադրության նախագիծը.

2) Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ եւ 15-րդ գլուխներում, ինչպես նաեւ Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-րդ, 120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ եւ 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններ կատարելու նախագծերը.

3) վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը.

4) հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

2. Հանրաքվեի կարող են դրվել`

1) Սահմանադրության՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չնախատեսված հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագիծը, եթե դրա ընդունումն Ազգային ժողովը մերժել է.

2) քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումն Ազգային ժողովը մերժել է:

3. Հանրաքվեի դրվող հարցը ձեւակերպվում է այնպես, որ հնարավոր լինի դրան տալու միանշանակ պատասխան:

Հոդված 5. Հարցեր, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի

1. Հանրաքվեի չեն կարող դրվել՝

1) Սահմանադրության 1-3-րդ եւ 203-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող Սահմանադրության փոփոխությունների նախագծերը.

2) այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարների, համաներմանը, պետության պաշտպանությանը եւ անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, Կառավարության կազմին, կառուցվածքին եւ  գործունեության կարգին.

3) այն նախագծերը (հարցերը), որոնք արդեն իսկ դրվել են հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում եւ նույնաբովանդակ են.

4)  հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը, եթե համապատասխան օրենքի ընդունումից հետո չի անցել առնվազն մեկ տարի:

Հոդված 6. Հանրաքվե անցկացնելու արգելքը

1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաեւ Ազգային ժողովի ընտրությունների օրը:

2. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչեւ Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են եւ վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՐՑԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 7. Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

1. Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`

1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը.

2) Կառավարությունը.

3) ընտրական իրավունք ունեցող առնվազն 200 000 քաղաքացի:

2. Նախագիծը ներկայացվում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը եւ կայացնում որոշում: Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների  նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`

1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը.

2) Կառավարությունը.

3) ընտրական իրավունք ունեցող առնվազն 200 000 քաղաքացի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախագիծը ներկայացվում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը եւ այն ներկայացնում Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով:

3. Սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական  օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո` 15-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝  Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից:

Հոդված  9. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների  նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի է դրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, եթե նախագիծը Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, սակայն դրա ընդունումը մերժվել է:

2. Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն Ազգային ժողովը ընդունում է նախագծի ընդունումը մերժելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հոդված 10. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

1. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող եւս 300 000 քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝  ստորագրությունների վավերականության հաստատման համար: Օրենքի նախագծի ընդունումը համարվում է մերժված նաեւ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում, իսկ եթե նախագիծը ներկայացվել է հերթական նստաշրջանի վերջին երկու ամսվա ընթացքում, ապա ոչ ուշ, քան հաջորդ հերթական նստաշրջանի առաջին երկու ամսվա ընթացքում չընդունվելու դեպքում:

2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը նախաձեռնող խմբի գրանցման պահից 90-օրյա ժամկետում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող առնվազն 350 000 քաղաքացիների միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվելու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով:

4. Սահմանադրական դատարանն  օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող ճանաչելու մասին որոշումն ընդունում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական  օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

5. Սահմանադրական դատարանի կողմից օրենքի նախագիծը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանրաքվեի չի դրվում:

Հոդված 11. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը

1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության (վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցելը, վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքների իրականացման սահմանափակումներ նախատեսող միջազգային պայմանագրեր կնքելը), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը Կառավարությունը ներկայացնում է  Ազգային ժողով:

2. Ազգային ժողովն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննարկում է առաջարկությունը եւ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 12. Հանրաքվեի նշանակումը եւ անցկացումը, հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը

1. Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց կամ Սահմանադրական դատարանի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

2. Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո:

3. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:

4. Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակվելուց հետո այլ հանրաքվե նշանակելու անհրաժեշտության դեպքում Հանրապետության նախագահն այլ հանրաքվեն նշանակում է արդեն նշանակված հանրաքվեի հետ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված հանրաքվեի օրվանից առնվազն 15 օր հետո:

5. Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

6. Հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում, http://www.azdarar.am կայքում, «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»՝ հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Գ Լ ՈՒ Խ  3

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՆԱԼԸ

Հոդված 13. Ստորագրությունների հավաքումը

1. Քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 50 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումն ապահովում է արդեն իսկ գրանցված այն նախաձեռնող խումբը, որն Ազգային ժողովին առաջարկել էր օրենքի նախագիծը, եթե նախաձեռնող խմբի գրանցումը մինչեւ այդ չի դադարեցվել, եւ Ազգային ժողովի մերժումից հետո` յոթնօրյա ժամկետում, այդ նախաձեռնող խումբը գրավոր ձեւով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրազեկել է օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մտադրության մասին:

3. Մինչեւ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագիծը մերժելը  նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվելու կամ նախաձեռնող խմբի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մտադրության մասին չիրազեկելու դեպքում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը կարող է ապահովել այլ նախաձեռնող խումբ, որը գրանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

4. Նախաձեռնող խումբը գրանցման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված` նախաձեռնող խումբ կազմավորելու եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում եմ նոտարական կարգով, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, համապատասխան օրենքի նախագիծը՝ էլեկտրոնային եւ թղթային տարբերակով, եւ նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախաձեռնող խմբի գրանցումից հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Նախաձեռնող խումբ կազմավորելու եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահանջները պահպանված չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից եւ մինչեւ հաջորդ օրվա ավարտը տեղադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խումբը գրանցելու մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելուց հետո` եռօրյա ժամկետում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա նախաձեռնող խմբի անդամներին տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւի վկայականներ:

7. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվում է՝

1) նախաձեռնող խմբի որոշման հիման վրա նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումով.

2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չդիմելու դեպքում.

3) քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում.

4) Սահմանադրական դատարանի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում.

5) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մասին չիրազեկելու դեպքում.

6) հանրաքվեի դրված ակտը չընդունվելու դեպքում հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկելիս Սահմանադրական դատարանի կողմից  հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու դեպքում:

8. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

9. Գրանցումից հետո նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ձեռնարկելու օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը՝ ստորագրություններ հավաքելու միջոցով:

10. Ստորագրությունների հավաքմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող են ներգրավվել 16 տարին լրացած քաղաքացիները:

11. Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները:

12. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձեւաթերթիկների միջոցով՝ տեղում ստորագրելու կամ էլեկտրոնային եղանակով:

13. Տեղում ստորագրելու դեպքում ձեւաթերթիկում լրացվում են ստորագրողի անձնագրային տվյալները, ձեւաթերթիկն ստորագրում եւ հանձնվում է ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին, իսկ էլեկտրոնային եղանակի դեպքում ձեւաթերթիկն ստորագրվում  է էլեկտրոնային նույնականացման եղանակով:

14. Տեղում ստորագրությունների հավաքման համար օգտագործվող ձեւաթերթիկներ նախաձեռնող խմբի անդամներին չեն տրամադրվում. դրանք ներբեռնում եւ տպագրում է նախաձեռնող խումբը:

15. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝

1) համայնքապետարաններում.

2) բազմաբնակավայր համայնքներում՝ նաեւ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում.

3) Երեւան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում.

4) մարզպետարաններում:

16. Տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաեւ իրականացնում են նոտարները` նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում:

17. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

18. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտնած հասցեով էլեկտրոնային ստորագրության միջոցով:

19. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 45 օրվա ընթացքում, սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով  նախատեսված դեպքում՝ Ազգային ժողովի մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 90 օրվա ընթացքում:

20. Ստորագրությունների հավաքման ձեւաթերթիկների ձեւերը եւ լրացման կարգը  սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

21. Ստորագրությունների հավաքման ձեւաթերթիկների նմուշները ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Հոդված 14. Ստորագրությունների վավերականության հաստատումը

1. Սույն օրենքով սահմանված ժամկետում սույն օրենքով պահանջվող նվազագույն քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում ոչ ուշ, քան սույն օրենքի 13-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 15-րդ օրը, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով ստորագրված ձեւաթերթիկները: Նոտարական կարգով տրված ստորագրությունները կարող են ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով դրանք տված անձանց կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից մինչեւ  սույն մասով սահմանված ժամկետի ավարտը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը եւ ստորագրված ձեւաթերթիկներն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստուգելուց հետո որոշում է կայացնում ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են սույն օրենքով պահանջվող քանակի վավեր ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը: Հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձեւաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են եւ լրացված են պատշաճ ձեւով: Եթե ձեւաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն կամ լրացված են ոչ պատշաճ ձեւով, ստորագրությունը հանվում է ներկայացված ստորագրությունների խմբաքանակից: Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաեւ մինչեւ հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

5. Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համապատասխան նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով:

6. Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին որոշումը քաղաքացիական նախաձեռնության խումբը կարող է բողոքարկել դատական կարգով:

7. Ստորագրությունների վավերականության հաստատման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

8. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 20-րդ մասով, սույն  հոդվածի 7-րդ մասով, 18-րդ հոդվածի 3-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Գ Լ ՈՒ Խ 4

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 15. Հանրաքվեի հանձնաժողովների համակարգը

1. Հանրաքվեի կազմակերպումն ապահովում է Սահմանադրության եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն կազմավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հանրաքվեի անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն կազմավորված տարածքային ընտրական հանձնաժողովները եւ սույն օրենքի համաձայն կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովները:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու իրավունք ունեն «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության կողմերը՝ յուրաքանչյուրը երկու անդամ, եւ տարածքային ընտրական հանձնաժողովը՝ երեք անդամ: «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության կողմերը տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հանրաքվեի քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, եւ ոչ ուշ,  քան  35 օր առաջ: Եթե «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերը սահմանված ժամկետում տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հայտարարություն է հրապարակում իր համացանցային կայքում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը համալրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

3. Հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար ընտրական հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով  Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներին վերապահված այն լիազորությունները, որոնք կիրառելի են եւ անհրաժեշտ հանրաքվեի կազմակերպման եւ իրականացման համար:

4. Հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովների գործունեության կարգը, ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը, ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկման կարգը, հանձնաժողովներում դիմումների (բողոքների) եւ առաջարկությունների քննարկման եւ քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը որոշվում է «Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:

Հոդված 16. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները, հանրաքվեի տեղամասերը, տեղամասային կենտրոնները եւ հանրաքվեի ֆինանսավորումը

1. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմելու եւ վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու կարգը, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու եւ ցուցակները ճշտելու, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:

2. Հանրաքվեի տեղամասերը եւ տեղամասային կենտրոնները կազմավորվում են «Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

3. Հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով` Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:

Գ Լ ՈՒ Խ  5

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Քարոզչության հիմնական կանոնները

1. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձեւերով եւ միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները եւ հասարակական կազմակերպությունները: Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

2. Քարոզչությունն սկսվում է հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` յոթերորդ օրը, եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:

3. Հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով կարող է գործել մեկ «ԱՅՈ» եւ մեկ «ՈՉ» քարոզչության կողմ: Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են քարոզչություն իրականացնել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին միանալու միջոցով կամ առանձին: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին չմիացած անձինք կարող են իրականացնել հանրաքվեի դրված հարցին «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու, ինչպես նաեւ քվեարկությունից ձեռնպահ մնալուն ուղղված քարոզչություն:

4. Քարոզչության իրականացման հանրային միջոցներից (հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի անվճար եւ վճարովի եթերաժամերից, արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու իրավունքից,  համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու համար առանձնացված անվճար տեղերից) կարող են օգտվել  «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության կողմերը, իսկ այլ անձինք քարոզչության իրականացման հանրային միջոցներից կարող են օգտվել միայն քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի գրավոր համաձայնության հիման վրա՝ համաձայնության մեջ նշված պայմաններով, որոնք չեն կարող հակասել քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված պահանջներին:

5. Հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը համարվում է «ԱՅՈ» քարոզչության կողմ:

6. «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում, վարչապետը կամ նրա որոշմամբ նշանակված ներկայացուցիչը՝ Կառավարության նախաձեռնության դեպքում, նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված պատգամավորը՝ պատգամավորների նախաձեռնության դեպքում:

7. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձեւավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված սուբյեկտների կողմից հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո` յոթնօրյա ժամկետում, որպես «ՈՉ» քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:

9. «ՈՉ» քարոզչության կողմը ենթակա է գրանցման Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

10. «ՈՉ» քարոզչության կողմը ձեւավորման պահից եռօրյա ժամկետում գրանցման նպատակով գրություն է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

11. Գրության մեջ նշվում է «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչը, իսկ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում` «ՈՉ» քարոզչության կողմ ձեւավորելու եւ լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը,  ինչպես նաեւ գրությանը կամ որոշմանը կից ներկայացվում են «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրությունը եւ փաստաթղթերն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, գրանցում է «ՈՉ» քարոզչության կողմին եւ նրա լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե սույն հոդվածի 8-րդ մասում նշված պահանջները պահպանված չեն:

13. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում հրապարակում է տեղեկատվություն այն մասին, թե ով է հանդիսանում «ԱՅՈ» քարոզչության կողմ, ինչպես նաեւ  «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցիչների անունը, ազգանունը եւ նրանց հետ կապի միջոցները:

14. Արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ  ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս  կամ ի պաշտոնե հանդես գալիս.

3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին.

4) ընտրական հանձնաժողովների անդամներին.

5) բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.

6) օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց.

7) Մարդու իրավունքների պաշտպանին.

8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.

9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.

10) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին.

11) ինքնավար մարմինների անդամներին։

15. Արգելվում է`

1) քարոզչության կողմերին` քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, արժեթղթեր, ապրանքներ (այդ թվում՝ սննդամթերք) կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ,

2) քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաեւ տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով,

3) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:

16. Սույն հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետի դրույթների կատարումն ապահովում է  ոստիկանությունը:

Հոդված 18. Քարոզչության իրականացման եղանակները

1. Պետությունը երաշխավորում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:

2. Քարոզչության ազատ իրականացումն ապահովում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` ժողովներ, հանդիպումներ եւ հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով քարոզչության կողմերին դահլիճներ եւ այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք քարոզչության կողմերին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները քարոզչության կողմերին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին եւ միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում (Երեւանի վարչական շրջանում) գոյություն չունեն քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ։

3. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան յոթ օր հետո մարզպետը, Երեւանում Երեւանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների եւ շինությունների ցանկը, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անվճար տրամադրվում են քարոզչության կողմերին՝ ժողովներ, հանդիպումներ եւ հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

4. Քարոզչության կողմերին սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տարածքները  տրամադրվում են  հավասար պայմաններով:

5. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձեւով հրապարակել եւ տարածել քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր: Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:

6. Քարոզչական պաստառները փակցնելու համար համայնքների ղեկավարները հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում հատկացնում են դրանց փակցման համար նախատեսված հատուկ տեղեր: Համայնքի ղեկավարները հետեւում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:

7. Քարոզչության կողմերին հատկացված տեղերը պետք է հնարավորին  չափ հարմար եւ մատչելի լինեն քվեարկողների այցելության համար, ապահովեն հավասար մակերես «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության համար։

8. Քվեարկության օրը եւ նրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում:

9. Զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչության, ինչպես նաեւ քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի օգտագործման նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով  Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության համար սահմանված կանոնները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ: Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամերի քանակը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

10. Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող անվճար եւ վճարովի եթերաժամերի ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ եթերաժամ տրամադրելու համար սահմանված ժամկետից առնվազն հինգ օր առաջ: Եթերաժամերի ժամանակացույցը սահմանվում է այնպես, որ ապահովվեն քարոզչության կողմերի համար հավասար հնարավորություններ, էականորեն չնվազեցվի քարոզչության ներգործությունը հանրության վրա, կամ որեւէ այլ ձեւով հանգեցվի քարոզչության փաստացի արգելմանը, կամ նվազեցվի քարոզչության արդյունավետությունը։

11. Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով քարոզչության համար տրամադրվող վճարովի եւ անվճար ժամերի քանակը պետք է հավասար լինի: Քարոզչության կողմերն իրավունք ունեն`

1) անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե,

2) վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե` քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:

12. Քարոզչության կողմերին վճարովի եւ անվճար եթերաժամը տրամադրվում է եթերաժամ տրամադրողին ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա:

13. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը եւ ընտրանքի ձեւը, հավաքման ձեւը եւ վայրը, հարցի ճշգրիտ ձեւակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը եւ պատվիրատուին:

14. Արգելվում է հանրաքվեի քվեարկության օրը` մինչեւ ժամը 20:00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել հանրաքվեի մասնակիցների «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու արդյունքների մասին:

Հոդված 19. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը

1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման վրա տարածվում են նախընտրական հիմնադրամներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձեւավորելու իրավունք չունեն:

2. Հիմնադրամի միջոցները հավաքվում են Կենտրոնական բանկում հիմնադրամ ձեւավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին: Այդ հաշվեհամարներին եկամուտներ չեն հաշվարկվում եւ չեն վճարվում:

3. Հիմնադրամը ձեւավորվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:

4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`

1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները,

2) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները),

3) օտարերկրյա պետությունները, օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք,

4) քաղաքացիություն չունեցող անձինք,

5) բարեգործական, կրոնական,  միջազգային կազմակերպությունները,

6) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները,

7) պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները եւ պետական ու համայնքային մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունները:

Հոդված 20. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը

1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը: Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25 000-ապատիկը: Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քվեարկության օրվանից համապատասխանաբար 20 օր եւ 10 օր առաջ, ինչպես նաեւ քվեարկության օրվանից հետո` երրորդ օրը:

2. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է քարոզչության հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչեւ հինգհարյուրապատիկի չափով կամավոր մուծում: Կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից կամ կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրը կարող է կատարել մուծում միայն մեկ հիմնադրամում:

3. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում նշված անձանց` հիմնադրամների հաշվին մուծած գումարները, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:

4. Արգելվում են քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցների ու հնարավորություններ օգտագործելը, ինչպես նաեւ հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:

5. Կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ:

6. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

7. Քարոզչության կողմերի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաեւ քվեարկության օրվանից հետո` մինչեւ քվեարկության օրը կատարված գործարքների համար:

8. Քվեարկության օրվանից հետո հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել հանրաքվեի արդյունքների բողոքարկման, ներառյալ՝ փաստաբանական ծառայություններից օգտվելու նպատակով՝ այդ մասին իրազեկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Գ Լ ՈՒ Խ  6

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

Հոդված 21. Դիտորդական առաքելության իրավունքը եւ վստահված անձը

1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1)  Հայաստանի Հանրապետության կուսակցությունները,

2) միջազգային կազմակերպությունները եւ օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,

3) Հայաստանի Հանրապետության հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները հանրաքվե նշանակելու օրվան նախորդող նվազագույնը վեց ամիս ներառում են ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

2. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են հանրաքվեի ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել հանրաքվեի գործընթացի դիտարկում:

3. Այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են հանրաքվեի ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել հանրաքվեի գործընթացի դիտարկում:

4. Այցելուներին հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

5. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին եւ օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

6. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների` հանրաքվեի վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

7. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

8. Քարոզչության կողմերը կարող են ունենալ վստահված անձինք:

9. Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմինների ծառայողները, ոստիկանությունում եւ ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, պրոբացիոն ծառայության ծառայողները, զինծառայողները, դիտորդները, ընտրական հանձնաժողովի անդամները:

10. Քարոզչության կողմը վստահված անձանց վկայականներ ստանալու համար դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում հանրաքվե նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

11. Դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչին տալիս է հանրաքվեի կազմավորված տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ, որոնցում նշվում է քարոզչության կողմի անվանումը: Քարոզչության կողմը լրացնում է վկայականները եւ տրամադրում  վստահված անձանց:

Հոդված 22. Դիտորդների, վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այցելուների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները

1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրումը, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:

2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց, ինչպես նաեւ այցելուների կարգավիճակը, գրանցումը, իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:

Գ Լ ՈՒ Խ  7

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 23. Հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը եւ անցկացումը

1. Հանրաքվեի քվեարկության նախապատրաստման եւ անցկացման նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգավորումները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հանրաքվեի քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 24. Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կնիքները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը  եւ քվեատուփը

1. Հանրաքվեի քվեաթերթիկի ձեւը եւ նմուշը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշը սահմանում է այնպես, որ հնարավոր լինի ապահովելու քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը ներառում է ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

2. Քվեաթերթիկում նշվում են հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը, «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

3. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկական քվեաթերթիկ եւ քվեարկության ծրար: Միաժամանակ երկու եւ ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում մասնակիցներին տրվում են հանրաքվեի դրված հարցերին համապատասխան քվեաթերթիկներ եւ ծրարներ: Քվեաթերթիկները եւ քվեարկության ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

4. Քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձեւը եւ չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ:

Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են  քվեարկության տարին, ամիսը, ամսաթիվը եւ ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման:

5. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, եւ ոչ ուշ, քան երեք օր առաջ` լիազոր մարմնի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա:

6. Ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրվում են յուրաքանչյուր տեղամասի համար ընտրական տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կլորացված դեպի վեր՝ մինչեւ մոտակա հարյուրյակը:

7. Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների եւ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն ապահովում է Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը:

8. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման տեխնիկական սարքավորումներ: Տեխնիկական սարքավորումը պարունակում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան:

9. Հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովներին եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքները, քվեատուփերը, տեխնիկական սարքավորումները եւ մյուս պարագաները հատկացվում եւ վերադարձվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 25. Քվեարկության նախապատրաստումը

1. Քվեարկության նախապատրաստումն իրականացվում է  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան               նախատեսված չէ:

2. Տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝

1) հանրաքվեի դրված  հարցի տեքստը,

2) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը,

3) հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության կողմերի բացատրական զեկույցը:

3. Հանրաքվեի ժամանակ քվեարկության սենյակի կահավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

4. Քվեարկության համար հատկացվում են քվեարկության խցիկներ` յուրաքանչյուր 750 քաղաքացու հաշվարկով առնվազն մեկ խցիկ: Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ քաղաքացին կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, եւ տեղադրված լինի գրիչ:

5. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ եւ այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը:

Հոդված 26. Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, դատապարտյալների քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը, դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

1. Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող դատապարտյալների քվեարկության նախապատրաստման ու անցկացման, այդ թվում` տեղամասային կենտրոն մուտք գործելու, հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման, քվեարկության, ինչպես նաեւ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպման նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգավորումները:

Հոդված 27. Քվեաթերթիկը լրացնելու կարգը

1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, ապա քվեաթերթիկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:

2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ, վստահված անձ,  դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ կամ այցելու: Օգնողն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քաղաքացու: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացուն օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

3. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականն արձանագրվի գրանցամատյանում։

Հոդված 28. Քվեաթերթիկների վավերականությունը

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) միաժամանակ «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

2) որեւէ նշում չի ներառում.

3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում.

4) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձեւը:

2. Սահմանված ձեւի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է եւ աներկբա:

3. Քվեաթերթիկը վավեր է, եթե առկա չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քվեաթերթիկի անվավերության հիմքերից որեւէ մեկը:

Հոդված 29. Սահմանված նմուշի քվեաթերթիկները

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկ է Կենտրոնական  ընտրական հանձնաժողովի  հաստատած նմուշի այն քվեաթերթիկը, որը հանվել է ծրարից, եւ որի վրա փակցված է այդ տեղամասի ինքնասոսնձվող դրոշմանիշը:

Գ Լ ՈՒ Խ  8

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 30. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Տեղամասում հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

2. Հանրաքվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կամ տեղական հանրաքվեի հետ նույն օրն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները:

Հոդված 31. Տեղամասային ընտրական հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է  տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում եւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին,

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը,

3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը (լրացնում է տարածքային հանձնաժողովը),

4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը (լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովը),

5) քվեարկության մասնակիցներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների թիվը,

6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը,

7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ եւ 6-րդ կետերում նշված թվերի գումարը),

8) չօգտագործված համարակալված կտրոնների թիվը,

9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը,

10) անվավեր քվեաթերթիկների թիվը,

11) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը,

12) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը:

2. Արձանագրության կազմումը եւ ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը եւ տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 32.  Անճշտությունները որոշելու կարգը

1. Անճշտությունների չափը հաշվարկվում եւ արձանագրվում է «Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով  սահմանված կարգով:

Հոդված 33.  Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները

1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է  տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում: Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի` հատ-հատ հաշվելու միջոցով ստացած տվյալները:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովը  տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրում է համակարգիչ: Հանրաքվեի քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

3. Տարածքային հանձնաժողովը  տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում եւ այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 34. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքներն ամփոփելու կարգը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից  ստացված՝ տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում այդ արդյունքները:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով  տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակներում եւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին,

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը,

3) տեղամասային հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը,

4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը,

5) քվեարկության մասնակիցներից ստացված  տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը,

6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը,

7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը,

8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը,

9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը,

10) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

11) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

12) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

13)  անճշտությունների գումարային չափը:

4. Անճշտությունների գումարային չափը հավասար է հանրաքվեի կազմավորված  բոլոր տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

 7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ որոշում ընդունում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

Հոդված 35. Հանրաքվեի արդյունքների ամփոփումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.

1) հանրաքվեի դրված  ակտի ընդունման մասին.

2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) հանրաքվեի դրված ակտը չընդունելու մասին.

4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:

2. Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

3. Հանրաքվեի դրված ակտը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին:

5. Եթե հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում կամ  առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եւ նշանակում է նոր քվեարկություն:

6. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչեւ ժամը 18:00-ն:

7. Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում եւ անցկացվում է սույն օրենքով եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, եւ ոչ ուշ, քան 30 օր հետո` սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 36. Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների եւ հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելը

1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները եւ հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

2. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել Սահմանադրական դատարան:

3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկվել է Սահմանադրական դատարան, ապա «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո` ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:

Հոդված 37. Հանրաքվեի փաստաթղթերը պահպանելու հանձնելը

1. Հանրաքվեի արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, իսկ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար։

Գ Լ ՈՒ Խ  9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 38. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ սույն օրենքի՝ Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունքի իրականացման ընթացակարգը սահմանող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից ուժը կորցրած ճանաչել «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-225 օրենքը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.03.2018
Երեւան
ՀՕ-155-Ն


12.05.2020 «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին
03.06.2020 «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
07.05.2021 «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
24.11.2022 ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին
22.12.2023 ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին
05.12.2024 ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին
05.12.2024 «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին