ՕՐԵՆՔԸ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 40.2-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացումից հետո՝ մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթի արդյունքներն ամփոփվում են մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում, ինչպես նաեւ տվյալ կուսակցության տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում սույն օրենքով եւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել:».
2) 4-րդ մասից հանել «առավելագույնը երեք» բառերը.
3) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները եւ աուդիտի իրականացման շրջանակները սահմանում է Հանձնաժողովը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով կատարվող փոփոխության արդյունքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունում է սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչեւ դրա ուժի մեջ մտնելու պահը: Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
19.12.2024
Երեւան
ՀՕ-519-Ն