Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.05.2025
Հոդված 1.   2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6)  փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում համարվում են վճարված փոխարկման պահին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «մեթոդով» բառից հետո լրացնել «, ընդ որում, փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում համարվում են վճարված փոխարկման պահին» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.2-րդ մասով.

«14.2. Սույն հոդվածի 14-րդ եւ 14.1-ին մասերի կիրառման նպատակով եթե անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկվում են մինչեւ տոկոսների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների լրանալը, ապա տոկոսները համարվում են վճարված փոխարկման պահին, իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկվում են տոկոսների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսներից հետո, ապա տոկոսները համարվում են վճարված մինչեւ տոկոսների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների լրանալը:»:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.05.2025
Երեւան
ՀՕ-117-Ն