ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո՝ հինգօրյա ժամկետում, հարուցվում է վարչական վարույթ: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները: Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները: Հանձնաժողովի նախագահի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ կատարման, եւ դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
08.07.2025
Երեւան
ՀՕ-195-Ն