Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Արման Պողոսյանի խոսքով նախաձեռնության վերաբերյալ այլընտրանքային գաղափարները քննարկվել են Քաղաքաշինության եւ Կադաստրի կոմիտեների գործընկերների հետ: Արդյունքում Ֆինանսների նախարարությունը որոշել է նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել այն նույն տեսքով, ինչպես ընդունվել է առաջին ընթերցմամբ:
ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Ըստ զեկուցողի` առաջին ընթերցումից հետո կատարվել են փոփոխություններ: «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում գործունեության որոշ տեսակների շահագործողների համար սահմանվել են ազատ տնտեսական գոտում իրական ներկայության պայմանները: ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածում ավելացվել են եկամուտների որոշ տեսակներ, որոնք շահութահարկից չեն ազատվում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների հետ կապված գործընթացներին:
Կատարվել են նաեւ այլ փոփոխություններ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել: Կառավարությունն իրականացրել է տեխնիկական փոփոխություն:
«Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում փոփոխությունները նույնպես ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:
««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են երկու տեխնիկական փոփոխություններ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ամփոփ ներկայացրել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Հանձնաժողովն այն ի գիտություն է ընդունել:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: