National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.1.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.01.2025
Քննարկում դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրման համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ
1 / 7

2024 թվականի մարտի 1-ից օրենքն արգելում է առանց բժշկի դուրս գրած էլեկտրոնային դեղատոմսի շուրջ 470 անուն դեղ գնել դեղատնից: Բացառապես էլեկտրոնային դեղատոմսով են վաճառվում հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութերը, միզապրաստոլ պարունակող դեղերը: Կառավարությունը նախատեսում էր 2025 թվականի հունվարի 1-ից ընդլայնել էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը, սակայն որոշումը հետաձգվել է մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:

Հետաձգման պատճառ են հանդիսացել համակարգի ներդրման գործընթացում ծագած խնդիրները: Վերջին տասն ամիսների ընթացքում պարզ է դարձել, որ տարբեր պատճառներով էլեկտրոնային տարբերակով դեղատոմսեր շատ քիչ են դուրս գրվում: Արդյունքում, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելու համար շատ մեծ չափսերի տուգանքներ է կիրառել դեղատների նկատմամբ, ինչն էլ առաջացրել է դեղատների դժգոհությունը:  Խնդիրը ներկայացնելու նպատակով նամակով վերջիններս դիմել են Կառավարությանը, սակայն, ըստ նրանց, Առողջապահության նախարարությունից ստացված պատասխանը խնդրի լուծումներին չի անդրադարձել:

Համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ հունվարի 8-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Պատգամավորը, ճիշտ որոշում համարելով ներդրվող նոր համակարգը, նշել է, որ պետք է հավելյալ եւ կոնկրետ ջանքեր գործադրվեն, որպեսզի համակարգը լիարժեքորեն աշխատի, ինչն այսօր այդպես չէ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարությունից ներկայացուցիչներ, դեղատնային ցանցերի եւ դեղատների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

Դեղատների ներկայացուցիչները, հորդորելով դադարեցնել տուգանքների կիրառումը, նշել են, որ իրենք չեն ուզում խախտել օրենքը, սակայն բժիշկները դուրս չեն գրում բավարար քանակությամբ դեղատոմսեր, իսկ իրենք բուժառուներին չսպասարկել չեն կարող:

Նշվել է, որ խնդրին լուծում չտալու դեպքում հնարավոր է տուգանքների հետեւանքով սնանկանան դեղատները, մեծանա ստվերային շրջանառությունը եւ այլն:

Քննարկմանը մասնակցող դեղատան ներկայացուցչի խոսքով համակարգի արդյունավետ գործարկման նպատակով իրենց դեղատնային ցանցի ղեկավարությունն աշխատողների համար լրացուցիչ խրախուսման նորմ է սահմանել, այն է` մեկ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար սահմանելով 500 դրամ պարգեւավճար: «180 դեղատուն եւ խրախուսում ունենալու պարագայում դեկտեմբեր ամսվա ընթացքում մենք սպասարկել ենք 104 էլեկտրոնային դեղատոմս»,- ընդգծել է զեկուցողը:

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն էլ փաստել է` էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման գործընթացը տեխնիկական առումով դյուրին է եւ արագ իրականացվող: Փոխնախարարի խոսքով համակարգի լավարկման նպատակով կշարունակվի բուժհաստատություններում վերապատրաստումների եւ այլ միջոցառումների իրականացումը:

Քննարկումը նախաձեռնող Արսեն Թորոսյանն առողջապահության նախարարությանն առաջարկել է բժիշկների կողմից տրվող դեղատոմսերի թվի աճին նպաստող կոնկրետ քայլեր մշակել ժամանակացույցի հետ մեկտեղ, որպեսզի խնդրին հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում տրվի եւ ամբողջ պատասխանատվությունը չմնա դեղատների ուսերին:

Հանդիպման ավարտին առաջիկայում հանդիպելու եւ առաջարկները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am