ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունվարի 22-ի նիստում հայտնել է, որ կայացած քվեարկության արդյունքում 64 կողմ ձայնով Արսեն Թորոսյանն ընտրվել է: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի
պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը:
Մինչ ԲԴԽ անդամի քվեարկությունը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հայտարարությամբ հանել է իր թեկնածությունը՝ այն հիմնավորմամբ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իր բարեվարքության եզրակացության մեջ գույքային, հողի հետ կապված հարցեր կան:
Խմբակցության ղեկավարը պարզաբանել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը, ըստ կարգի, ուղարկվում է Ազգային ժողով թեկնածության առաջադրումից հետո: «Մենք եւս կարեւորում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունները, հիմնվում դրանց վրա, եւ մեր իշխանությունը հիմնել է ԿԿՀ-ն համանման իրավիճակներում խորհրդատվություն ներկայացնելու համար: Կարեւորում ենք ինստիտուտների եւ դրանց կողմից տրված եզրահանգումների կշիռը»,- ընդգծել է Հայկ Կոնջորյանը եւ հավելել, որ քվեարկությունը, ըստ օրենքի, թեպետ կայանալու է, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը: