«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանձնել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով մարզահամալիրը, պահպանելով որպես սպորտային ենթակառուցվածք, հնարավորություն է ստեղծվում սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարեւորագույն միջոցառումներ իրականացնել:
Նախարարը նշել է, որ նախագիծն ամբողջությամբ համահունչ է ոլորտում վարվող Կառավարության ռազմավարությանը:
Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո լրամշակվել են «ֆիթնես», «ֆիթնես կենտրոն» եւ «մարզասրահ» հասկացությունների սահմանումները: Հստակեցվել են անցումային դրույթները:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, բարձրաձայնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Կառավարության հեղինակած նախաձեռնությունները քննարկվել են հունվարի 22-ի ԱԺ նիստում: