ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1284-17.03.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1284-17.03.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-4-րդ հոդվածներում նախատեսվող եւ համապատասխանաբար «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ, 17-րդ եւ 19-րդ մասերում նոր լրացվող մասերում առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման կամ բեռնափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գանձվող բոլոր վճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել համապատասխան փոխադրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը։

Առաջարկվող այս կարգավորումը, իր բովանդակությամբ լինելով տնտեսական գործունեության պայմանների ուղղակի սահմանափակում, ենթակա է գնահատման Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական ազատության, մրցակցության եւ սեփականության իրավունքի տեսանկյունից՝ հաշվի առնելով  Սահմանադրական դատարանի ձեւավորած իրավական դիրքորոշումները։ 

Սահմանադրության՝ «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը» վերտառությամբ 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

Սահմանադրական դատարանը՝ անդրադառնալով այս նորմի սահմանադրական բովանդակությանը իր՝ 2026 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1819 որոշմամբ արձանագրել է, որ նշյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցությունը դիտարկվում են միասնության մեջ, այսինքն՝ հնարավորություն ընձեռելով իրականացնելու տնտեսական գործունեություն՝ պետությունը միեւնույն ժամանակ պետք է երաշխավորի տնտեսական մրցակցությունը: Պետության տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բոլոր տնտեսվարողների համար ոչ միայն անհրաժեշտ եւ հավասար պայմաններ ապահովելուն, որպեսզի յուրաքանչյուրն ազատորեն, առանց խոչընդոտների իրականացնի տնտեսական գործունեություն, այլեւ տնտեսական գործունեությանը բնորոշ առողջ մրցակցություն երաշխավորելուն՝ բացառելով շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը եւ հակամրցակցային համաձայնությունները:

Սահմանադրական դատարանի 1999 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-152 որոշման համաձայն՝ «Ազատ տնտեսական մրցակցության սկզբունքն իր հերթին բխում է տնտեսական ազատության եւ հավասարության սկզբունքներից եւ նշանակում է շուկայական տնտեսության ներսում բոլոր տնտեսավարող սուբյեկտների հավասարություն, պետության կողմից նրանց համար հավասար պայմանների եւ հնարավորությունների ապահովում:»:

Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնական իրավունքի բովանդակության սահմանորոշման համար Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հղում է անում օրենքին՝ մասնավորապես սահմանելով, որ այդ հիմնական իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով: Սահմանադրական նման կարգավորման պայմաններում տվյալ հիմնական իրավունքի/ազատության օրենսդրական կարգավորման եւ այդ համատեքստում սահմանափակման չափանիշներ են հանդիսանում Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներով ամրագրված՝ համաչափության եւ իրավական որոշակիության սկզբունքների չափորոշիչները, ինչպես նաեւ 80-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքի էության անխախտելիության արգելքը։ 

Միեւնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտել է, որ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասը պետք է մեկնաբանել՝ Սահմանադրության 11 եւ 60-րդ հոդվածների հետ համակարգային եւ գործառութային սերտ կապերից ելնելով։ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 11-րդ հոդվածի՝ վերը կատարված վերլուծությունների հիման վրա եզրահանգել է, որ պետությանը վերապահվում է «կշռադատված, իրավական առումով հիմնավորված, տնտեսական առումով արդյունավետ, կարգավորիչ միջամտության իրավասություն, որը նպատակամղված է ընդհանուր տնտեսական բարեկեցության եւ սոցիալական արդարության հաստատմանը:

Տնտեսական գործունեության ազատության եւ տնտեսական մրցակցության երաշխավորման իրավունքը սերտորեն փոխկապակցված է եւ առնչվում է սեփականության սահմանադրական իրավունքի հետ: Սահմանադրական դատարանը, իր որոշումներում անդրադառնալով այդ խնդրին, արձանագրել է.

(1) «(…) տնտեսական գործունեության ազատությունը խարսխվում է սեփականության հիմնական իրավունքի վրա` Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրա երեք իրավազորություններով հանդերձ, որը Սահմանադրության ուժով ենթակա է սահմանափակումների: Տնտեսական գործունեության ազատությունը սեփականության իրավունքի իրավազորություններից առնվազն որեւէ մեկի իրականացման եղանակ է, ուստի այդ ազատությունը եւ սեփականության իրավունքը բովանդակային առումով փոխկապակցված են: Հետեւապես` սեփականության իրավունքի` օրենքով նախատեսվող սահմանափակումները ներգործում են տնտեսական գործունեության ազատության վրա` mutatis mutandis հնարավոր դարձնելով այդ ազատության սահմանափակումները նաեւ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված հիմքերով (…)»։ (2020 թվականի մայիսի 12-ի ՍԴՈ-1530),

(2) «Տնտեսական գործունեության ազատության եւ տնտեսական մրցակցության երաշխավորման ու սեփականության իրավունքի փոխկապակցվածությունը դրսեւորվում է նրանում, որ ազատ տնտեսական գործունեության եւ տնտեսական մրցակցության արդյունքում սեփականության ծավալն ավելացնելու նոր նախադրյալներ են ստեղծվում, ինչն, իր հերթին, իրական հնարավորություն է ընձեռում նաեւ ազատ տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնելու համար»։ (2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685),

Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է սեփականության իրավունքին, մասնավորապես՝ նշելով.

«(...) սեփականության իրավունքը ճանաչելով որպես յուրաքանչյուրի հիմնական իրավունք, բացահայտվում է այդ իրավունքի բովանդակությունը, այն է՝ իր սեփականությունը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իրավազորությունները՝ միաժամանակ որպես դրանց իրացման նախապայման սահմանելով սեփականատիրոջ հայեցողությունը։ Սահմանադրական այս նորմում «իր հայեցողությամբ» ձեւակերպման շեշտադրմամբ սեփականության իրավունքի իրացման հիմքում դրվել է սեփականատիրոջ հստակ արտահայտված կամքը, վերջինս դիտարկվում է որպես սեփականության իրավունքի իրացման պարտադիր նախապայման, եւ սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը։ Այս դրույթի բովանդակությունը հանգում է նրան, որ գույքային իրավունքների իրացումը պետք է իրականացվի սեփականության անձեռնմխելիության եւ պայմանագրային ազատության սկզբունքների հիման վրա, որոնք ենթադրում են, ի թիվս այլնի, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարություն եւ գույքային ինքնուրույնություն։

(...)

(…) ՀՀ Սահմանադրությունը թույլատրում է բացառապես երկու դեպք, այն է՝  31-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերը, երբ սեփականատիրոջ կամքն առաջնային չէ, եւ սեփականության իրավունքի իրացումը չի բխում սեփականատիրոջ հայեցողությունից։ Հետեւաբար, ցանկացած այլ դեպքում սեփականության իրավունքի իրացման գործընթացում միջամտությունը սեփականատիրոջ հայեցողությանը, սեփականատիրոջ գույքի տնօրինումն առանց այդ հայեցողության հստակ արտահայտման եւ դրսեւորման չի կարող համարվել իրավաչափ եւ կհանդիսանա սեփականության իրավունքի խախտում»։ (2012 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1009 որոշում):

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի է եզրակացնել, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը հանդիսանում է տնտեսական գործունեության ազատության եւ պայմանագրային ինքնուրույնության ուղղակի սահմանափակում, որը միաժամանակ կարող է միջամտել սեփականության իրավունքի իրականացմանը եւ ազդել ազատ տնտեսական մրցակցության վրա։ Սահմանադրական դատարանի ձեւավորած իրավական չափանիշների լույսի ներքո նման միջամտությունը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, եթե այն հիմնավորված է հստակ հանրային շահով, անհրաժեշտ է եւ համաչափ, ինչպես նաեւ ձեւակերպված է բավարար հստակությամբ։ Մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ այն սպասարկում է միայն մասնավոր իրավահարաբերության կողմերից մեկի շահը, իսկ մյուսի՝ սեփականություն ձեռք բերելու «իրավաչափ ակնկալիքին» միջամտում նման սահմանափակմամբ: Նման մոտեցումը կարող է չդիտարկվել կշռադատված, իրավական առումով հիմնավորված, տնտեսական առումով արդյունավետ, կարգավորիչ միջամտություն, որը նպատակամղված է ընդհանուր տնտեսական բարեկեցության եւ սոցիալական արդարության հաստատմանը: Նշված պայմաններում առաջարկվող 10 տոկոս շեմի սահմանումը պարունակում է հակասահմանադրականության էական ռիսկեր եւ կարող է խնդրահարույց լինել Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում ձեւավորված պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

2. Գտնում ենք, որ սույն եզրակացության նախորդ կետում կատարված դիտարկման շրջանակում Նախագծի 2-4-րդ հոդվածներում նախատեսվող եւ համապատասխանաբար Օրենքի 16-րդ, 17-րդ եւ 19-րդ մասերում նոր լրացվող մասերում կիրառվող «բոլոր վճարների ընդհանուր չափը» արտահայտության կիրառումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: 

Սահմանադրության 79-րդ հոդվածը նախատեսում է իրավական որոշակիության պահանջը, ըստ որի՝ իրավունքների սահմանափակումները պետք է ձեւակերպվեն բավարար հստակությամբ եւ կանխատեսելիությամբ, որպեսզի իրավահարաբերությունների մասնակիցները կարողանան նախապես պատկերացնել իրենց վարքագծի իրավական հետեւանքները։ Այս սկզբունքների բովանդակությունը բազմիցս մանրամասնեցվել է  Սահմանադրական դատարանի կողմից, ըստ որի՝ օրենքը պետք է լինի ձեւակերպված այնպես, որ բացառի կամ նվազագույնի հասցնի դրա կամայական մեկնաբանության հնարավորությունը եւ ապահովի իրավական անվտանգության եւ վստահության սկզբունքների իրացումը։

Նախագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջարկվող կարգավորումը չի բավարարում նշված սահմանադրական չափանիշներին։ Մասնավորապես, «բոլոր վճարներ» ձեւակերպումը չի բացահայտում, թե կոնկրետ ինչ տարրեր են ներառվում այդ հասկացության մեջ։ Անորոշ է՝ արդյոք խոսքը վերաբերում է միայն հարթակի կողմից գանձվող միջնորդավճարին, թե ներառում է նաեւ հարկային վճարներ կամ այլ ֆինանսական տարրեր։ Նման անորոշությունը կարող է հանգեցնել տարբեր տնտեսավարողների կողմից նորմի տարբեր մեկնաբանությունների, ինչպես նաեւ վերահսկող մարմինների կողմից անհամաչափ եւ ոչ միատեսակ կիրառման։

Նույն խնդիրը առկա է նաեւ «ուղեւորափոխադրման (կամ բեռնափոխադրման) ընդհանուր արժեք» հասկացության պարագայում։ Նախագծում հստակեցված չէ՝ արդյոք այդ արժեքը ներառում է միայն փոխադրման բազային սակագինը, թե նաեւ դինամիկ գնագոյացման արդյունքում ձեւավորված հավելավճարները (օրինակ՝ բարձր պահանջարկի պայմաններում կիրառվող սակագները), սպասարկման վճարները, հարկերը կամ այլ պարտադիր վճարները։ Անորոշ է նաեւ, թե որ պահի դրությամբ պետք է հաշվարկվի այդ «ընդհանուր արժեքը»՝ մինչեւ միջնորդավճարի պահումը, թե դրանից հետո։ Այս բոլոր հարցերի բացակայությունը ստեղծում է իրավական անորոշություն, որը հակասում է կանխատեսելիության պահանջին։

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող «էլեկտրոնային հարթակ» սահմանումը անհրաժեշտ է համապատասխանեցնել Օրենքի 4-րդ հոդվածի «էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն» սահմանման բովանդակությանը, որտեղ էլեկտրոնային հարթակը կապվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հետ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է Սահմանադրության 59-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների  համապատասխանությունը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

01.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

01.04.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում ներդնել «էլեկտրոնային հարթակ» հասկացությունը եւ սահմանել, որ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման կամ բեռնափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գանձվող բոլոր վճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել համապատասխան փոխադրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:

Ըստ Նախագծի հեղինակի. «ներկայում կիրառվող բարձր միջնորդավճարները տնտեսապես հիմնավորված չեն եւ կարող են հանգեցնել վարորդների եկամուտների անհամաչափ նվազման: Հետեւաբար անհրաժեշտ է սահմանել միջնորդավճարի առավելագույն ողջամիտ շեմ, որը կպահպանի շուկայի արդյունավետ գործունեությունը եւ միաժամանակ կպաշտպանի ծառայությունն անմիջականորեն մատուցող վարորդների տնտեսական շահերը: Նախագծով առաջարկվող 10 տոկոս միջնորդավճարի առավելագույն շեմը նպատակ ունի ապահովել այդ հավասարակշռությունը՝ մի կողմից թույլ տալով էլեկտրոնային հարթակներին շարունակել գործունեությունը եւ ստանալ զգալի եկամուտներ, իսկ մյուս կողմից կանխելով անհամաչափ բարձր միջնորդավճարների կիրառումը:»:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալ հանգամանքները:

1. «էլեկտրոնային հարթակ» հասկացության սահմանման կարիք, կարծում ենք, չկա, քանի որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով արդեն իսկ տրված է այդ հասկացության սահմանումը, ինչի հետ առաջարկվող սահմանումը որեւէ կերպ չի թղթակցվում՝ առաջացնելով հակասություն:

2. Առաջարկվող կարգավորումները, մեր կարծիքով, պետք է տեղ գտնեն ոչ թե «Ավտմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, այլ հենց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, իսկ որդեգրված մոտեցման դեպքում անհրաժեշտ էր համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ նախատեսել նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին», ինչպես նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում՝ նշված բոլոր օրենքների միջեւ թղթակցության ապահովման եւ հակասությունների վերացման նպատակով:

3. Առաջարկվող մոտեցումը, ըստ որի՝ նախատեսվում է միջնորդավճարի առավելագույն շեմի սահմանում, իսկ գործնականում՝ փոխադրողների համար շահութաբերության նորմատիվի սահմանում եւ դրանով իսկ՝ նրանց ծառայությունների սակագների ամրագրում, չի կարող կատարվել առանց այդ ծառայություններն օրենքով հանրային ծառայություններ ճանաչելու: Սրա համար էլ, ըստ էության, որեւէ հիմք գոյություն չունի, քանի որ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումերի շուկաներն ի սկզբանե մրցակցային շուկաներ են, իսկ նման շուկաներում սակագների ամրագրումն ուղղակիորեն հակասում է շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքներին (հակառակ դեպքում՝ կան շատ ավելի զգայուն եւ լայն ոլորտներ, օրինակ՝ դեղերի շուկան եւ այլն, որտեղ բարձր գները կարելի կլիներ կարգավորել օրենքով): 

4. Նախագիծը խիստ թերի է նաեւ դրա գործնական կիրառելիության ապահովման տեսանկյունից: Ենթադրենք՝ առաջարկվող մոտեցումն ընդունվի եւ ներդրվի Հեղինակի կողմից հիմնավորված 10 տոկոս միջնորդավճարի առավելագույն շեմը, ապա այդ դեպքում.

-   ի՞նչ մեխանիզմներով պետք է ամեն անգամ որոշվի փոխադրման արժեքը, որի մեծությունն ամեն անգամ կախված է լինելու տարբեր գործոններից. պատահական չէ, որ նման ծառայություների սակագները մի քանի անգամ տատանվում են օրվա ընթացքում՝ կախված վառելի գների, օրվա ժամերի, խցանումների, եղանակային եւ մի շարք այլ պայմանների եւ ի վերջո՝ առաջարկի եւ պահանջարկի փոփոխություններից, 

- ի՞նչ պետք է տեղի ունենա, եթե, այնուամենայնիվ, գանձվող բոլոր վճարների ընդհանուր չափը գերազանցի համապատասխան փոխադրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը (իսկ գործնականում հենց դա էլ տեղի կունենա): Այս առումով պատասխանատվության կամ ավել գանձված վճարների վերադարձի որեւէ կարգավորում նախատեսված չէ եւ այլն:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

24.03.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ըստ որի, հեղինակն առաջարկում է Օրենքում ներդնել «էլեկտրոնային հարթակ» հասկացությունը, որով կսահմանվի էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման կամ բեռնափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գանձվող բոլոր վճարների ընդհանուր չափի՝ փոխադրման ընդհանուր արժեքի առավելագույն 10 տոկոս սահմանաչափ:

Նախագծով առաջարկվող 10 տոկոս շեմն, ըստ հեղինակի, նպատակ ունի պաշտպանել էլեկտրոնային հարթակների բիզնես շահը եւ շարունակական գործունեության հնարավորությունը, ինչպես նաեւ վարորդների տնտեսական շահերը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ կպաշտպանվի վարորդների մաքուր եկամուտը, կկանխվի էլեկտրոնային հարթակների կողմից անհամաչափ բարձր միջնորդավճարների գանձումը, կձեւավորվեն արդար եւ հավասարակշռված մրցակցային պայմաններ:

Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

25.03.2026թ.