ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1362-27.05.2026-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-1362-27.05.2026-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-24-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը», եւ Oրենքի անվանումը շարադրել ճիշտ հաջորդականությամբ:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որով սահմանված է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 2-րդ մասում 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի լրիվ անվանումը շարադրելիս առաջարկում ենք «ապրիլի 18-ին ընդունված» բառերը փոխարինել «ապրիլի 18-ի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել մի հոդված, որը սահմանված էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարող օրենքով, որը վաղուց արդեն ուժի մեջ մտած է եւ ինկորպորացված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված է.

«5. Սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված եւ ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում:

6. Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաեւ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում:»:

Ինչից բխում է, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հետեւաբար անհրաժեշտ է համապատասխան լրացում կամ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հիմնական ակտում:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 2-րդ մասը բաժանված է «ա»-«գ» ենթակետերի, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին, որոնցով սահմանված է. 

«3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են ,մասերե կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի 

(…)

7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 2-րդ մասը բաժանել 1-3-րդ կետերով եւ կետերը տեքստից բաժանել փակագծերով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված դիտարկումների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

03.06.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

03.06.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ներկայում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ՀՀ քրեական գործող օրենսգրքի 461-րդ հոդվածով, ինչպես նաեւ 2003 թվական ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար պատիժ կրող քաղաքացիներին ազատվել պատժի հետագա կրումից՝ օրենքով սահմանված պայմանները կատարելու եւ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պայմանով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

01.06.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել 2024 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-24-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ներկայում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով կամ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար պատիժ կրող քաղաքացիներին ազատվել պատժի հետագա կրումից՝ օրենքով սահմանված պայմանները կատարելու եւ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պայմանով:

Նախագծի առաջին հոդվածով օրենքի նոր խմբագրությամբ շարադրվելիք երկրորդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝

« 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով կամ 2003 թվական ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած եւ դրա համար պատիժ կրող, 27 տարին լրացած անձանց դիմումի հիման վրա դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը եւ ազատում է նրանց պատժի հետագա կրումից, եթե տվյալ անձինք սահմանված կարգով դիմել են պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար եւ բժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ ճանաչվել են զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի եւ որոնց վրա տարածվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հետեւյալ կարգավորումները՝

ա. զորակոչվելով պարտադիր զինվորական ծառայության 12 ամիս ժամկետով եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. զորակոչվելով պարտադիր զինվորական ծառայության 6 ամիս ժամկետով եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ,

գ. զորակոչվելով պարտադիր զինվորական ծառայության 1 ամիս ժամկետով եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագիծը խնդրահարույց է սոցիալական արդարության տեսանկյունից, քանի որ եւ՛ զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի, եւ՛ զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի պատիժը կրող անձինք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից: Սակայն զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի անձը, որն առողջական վիճակի պատճառով չի կարող ծառայել, պատժի հետագա կրումից ազատվելու համար ստիպված է վճարել 15 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի  անձի համեմատ այդպիսով հայտնվելով ավելի ոչ բարենպաստ պայմաններում եւ ստիպված լինելով կրել ավելի ծանր ֆինանսական բեռ: Մինչդեռ, սոցիալական արդարության սկզբունքներից է բխում, որ հաշմանդամություն կամ առողջական սահմանափակում ունեցող անձինք չպետք է ունենան ավելի սահմանափակ հնարավորություններ, կրեն ավելի ծանր ֆինանսական բեռ, քան առողջ անձինք: ՈՒստի եւ, այս տեսանկյունից վերը հիշատակված դրույթը վերանայման կարիք ունի: 

Բացի այդ, նպատակահարմար կլիներ, եթե Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվեին ներկայումս վերոնշյալ հոդվածների համաձայն ազատազրկման վայրերում պատիժը կրող անձանց մասով վիճակագրական տվյալներ:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը՝ կարծում ենք, որ Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

15.06.2026թ.