Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) ենթաֆոնդ` միեւնույն ֆոնդի կազմում առանձնացված ակտիվների համախումբ, որն ունի գործունեության միասնական կանոններ եւ ֆոնդի ակտիվների այլ համախմբերից տարբերվում է իր ներդրումային քաղաքականությամբ կամ եկամուտների բաշխման քաղաքականությամբ կամ ֆոնդի փայերի տեղաբաշխման (հետգնման) վճարներով կամ իր փայերի արժույթով կամ կառավարչի պարգեւավճարով կամ դրանց համակցությամբ.»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ոչ հրապարակային ֆոնդը կարող է ունենալ ոչ ավելի, քան 99 մասնակից: Մասնակիցների թիվը 99-ից անցնելու դեպքում ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով վերագրանցվել որպես հրապարակային ֆոնդ կամ համապատասխանաբար կրճատել իր մասնակիցների թիվը: Սույն մասով սահմանված` որպես հրապարակային ֆոնդ վերագրանցվելու կամ մասնակիցների թիվը կրճատելու պահանջը չկատարելու դեպքում ոչ հրապարակային ֆոնդը ենթակա է դատական կարգով լուծարման:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «ակտիվների» բառը փոխարինել «ակտիվների կամ փայերի» բառերով.
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: