Armenian ARMSCII Armenian
Կ-13431-27.04.2026-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանրային ծառայության ստաժը ներառում է նաեւ պետական եւ համայնքային պաշտոններում աշխատանքը, սույն օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու ժամանակահատվածները, ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով փորձնակ ներգրավված ժամանակահատվածները:

3. Հանրային  ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքի խախտմամբ պետական կամ համայնքային  ծառայության  պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը:»:

Հոդված  2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով փորձնակ ներգրավված անձանց հանրային ծառայության ստաժի հետ կապված կարգավորումը տարածվում  է  նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: