Հոդված 1. 2024 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-24-Ն օրենքի 2-րդ հոդվածը (այսուհետ՝ Օրենք) շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով կամ 2003 թվական ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած եւ դրա համար պատիժ կրող, 27 տարին լրացած անձանց դիմումի հիման վրա դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը եւ ազատում է նրանց պատժի հետագա կրումից, եթե տվյալ անձինք սահմանված կարգով դիմել են պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար եւ բժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ ճանաչվել են զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի եւ որոնց վրա տարածվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հետեւյալ կարգավորումները՝
ա. զորակոչվելով պարտադիր զինվորական ծառայության 12 ամիս ժամկետով եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. զորակոչվելով պարտադիր զինվորական ծառայության 6 ամիս ժամկետով եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ,
գ. զորակոչվելով պարտադիր զինվորական ծառայության 1 ամիս ժամկետով եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ առաջարկվող կարգավորման բնույթը
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված ՀՕ-23-Ն օրենքով սահմանվել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ 37 տարին լրանալը անցնել պարտադիր զինվորական ծառայություն եւ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ որոշակի պայմանների առկայության դեպքում:
Մասնավորապես, ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝
«1.1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացիները: Սույն մասում նշված քաղաքացին սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում այլընտրանքային ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
1.2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրացած եւ սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչեւ 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ վեց ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ մեկ ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն սույն օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի համաձայն՝ օրենքի խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած եւ համապատասխանաբար 27 կամ 35 տարին լրանալուց հետո սույն օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության եւ պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով՝ օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո:»
Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված ՀՕ-24-Ն օրենքով համապատասխան լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասում՝ սահմանելով, որ նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը:
Միաժամանակ, հարկ է նկատել, որ ներկայում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ՀՀ քրեական գործող օրենսգրքի 461-րդ հոդվածով, ինչպես նաեւ 2003 թվական ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարելու համար պատիժ են կրում մի շարք քաղաքացիներ, որոնք դատապարտվելիս հնարավորություն չեն ունեցել օգտվել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված ՀՕ-23-Ն օրենքով նախատեսված արտոնություններից:
Սույն օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ներկայում հիշյալ արարքների կատարման համար պատիժ կրող քաղաքացիներին ազատվել պատժի հետագա կրումից՝ օրենքով սահմանված պայմանները կատարելու եւ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պայմանով:
2. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախսային բեռ չի առաջանա: Ավելին, ակնկալվում է պետական բյուջեի ծախսերի նվազում՝ պայմանավորված ազատազրկման վայրերում պատիժ կրող եւ հետագայում զինվորական ծառայության անցնող անձանց պահման ծախսերի կրճատմամբ: Միաժամանակ, ակնկալվում են լրացուցիչ մուտքեր պետական բյուջե՝ կարճաժամկետ պարտադիր զինվորական ծառայության տարբերակներից օգտվող անձանց կողմից օրենքով նախատեսված վճարումների հաշվին
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.
Նախագիծը մշակվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից:
4. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ