Հոդված 1. Վավերացնել 1996 թվականի մայիսի 3-ին ստորագրված Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը՝ կից հայտարարությամբ:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու նպատակահարմարության մասին
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան (այսուհետ՝ Խարտիա) ստորագրման համար բացվել է 1996թ. մայիսի 3-ին եւ ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ին:
Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիան ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 18-ին եւ ուժի մեջ է 2004թ. մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Խարտիան վավերացվել է 2003թ. դեկտեմբերի 25-ին հետեւյալ հայտարարությամբ.
Համաձայն Խարտիայի 3-րդ Մասի Ա հոդվածի 1-ին կետի բ/ եւ գ/ ենթակետերի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կապված լինել Խարտիայի 1, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 20, 22, 24, 27 եւ 28 հոդվածներով, ինչպես նաեւ հետեւյալ կետերով.
2-րդ հոդվածի 1, 2, 3, 4, 5-րդ եւ 6-րդ կետերով,
3-րդ հոդվածի 1-ին կետով,
4-րդ հոդվածի 2, 3, 4-րդ եւ 5-րդ կետերով,
12-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով,
13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով,
14-րդ հոդվածի 2-րդ կետով,
15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Ս.թ. ապրիլի 3-ի դրությամբ Խարտիան ստորագրել է 45 պետություն, ուժի մեջ է մտել 36 պետության համար:
Հայաստանի Հանրապետությունը պարբերական զեկույցներ եւ հաշվետվություններ է ներկայացնում Խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որոնք քննարկվում են ԵԽ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի կողմից: Քննարկումների արդյունքում մշտապես խրախուսվում է հավելյալ պարբերությունների եւ հոդվածների ընդունումը՝ Խարտիայով ստանձնած պարտավորությունների ամբողջականությունը պահպանելու եւ այս ոլորտում մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:
2025 թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարությունը Խարտիայի քարտուղարությանը ներկայացրել է Խարտիայի հոդվածների իրականացման մասին 18-րդ ազգային զեկույցը՝ 2, 3, 4, 5, 6, 20-րդ հոդվածների վերաբերյալ 2021-2024 թթ. ժամանակահատվածի համար:
Խարտիայի քարտուղարությունը մշտապես կարեւորում է հավելյալ հոդվածների, այդ թվում՝ 11-րդ Հոդվածի վավերացումը՝ ընդգծելով, որ Խարտիան վավերացրած երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը մինչ օրս չի միացել առողջապահական իրավունքների խթանմանը վերաբերող Խարտիայի 11-րդ Հոդվածին:
Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիայի 11-րդ Հոդվածի վավերացումը Եվրոպայի խորհրդի կողմից կգնահատվի որպես դրական քայլ եւ առաջընթաց երկրում մարդու իրավունքների, մասնավորապես՝ առողջության պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման ապահովման առումով:
Խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում առողջության պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման ապահովմանը՝ պետական եւ մասնավոր կազմակերպությունների ներուժի ներգրավմամբ ձեռնարկելով համապատասխան միջոցներ, կընձեռի նոր հնարավորություններ առողջության համար վնասակար պատճառները վերացնելու ուղղությամբ:
Խարտիայի 11-րդ հոդվածի վավերացման արդյունքում հնարավորինս կկանխվեն համաճարակային, տեղական (էնդեմիկ) եւ այլ հիվանդությունները, ինչպես նաեւ դժբախտ պատահարները:
Խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը կապ ունի ՀՀ կառավարության՝ 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ. Միջոցառումների ծրագրի «Առողջապահության նախարարութուն» բաժնի մի շարք կետերով նախատեսված միջոցառումների, մասնավորապես՝ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ կետերի (չեն սահմանափակվում) կատարման հետ: Նշված կետերի համաձայն, նախատեսվում է ապահովել բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մատչելիությունն ու հասանելիությունը, սոցիալական նշանակության առավել տարածված վարակիչ հիվանդությունների դեմ պայքար, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի եւ հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին անվճար դեղերի շարունակական տրամադրում, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում եւ վաղ հայտնաբերում, մայրական առողջության բարելավում, երեխաների առողջական ցուցանիշների բարելավում, զարգացման բնածին խանգարումների վաղ հայտնաբերում ու շտկում, հաշմանդամության ու մահացության կանխարգելում, վարակիչ հիվանդությունների կանխարգելում, հանրության (մարդու) առողջության պահպանում՝ առողջության պաշտպանություն եւ խթանում, հիվանդությունների կանխարգելում, վարակիչ հիվանդությունների բռնկումներին եւ համավարակներին առողջապահության համակարգի արագ եւ արդյունավետ արձագանքման ապահովում, բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավում եւ այլն: Թվարկված, ինչպես նաեւ վերոնշյալ ռազմավարական փաստաթղթով սահմանված մնացած միջոցառումնրը ուղղված են վատառողջության պատճառների վերացմանը, առողջությանը նպաստելու եւ առողջության հարցերում անհատի պատասխանատվությունը խրախուսելու նպատակով խորհրդատվական եւ կրթական հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաեւ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ դժբախտ պատահարների հնարավորին չափ կանխարգելմանը, որոնք ամրագրված են Խարտիայի 11-րդ հոդվածում:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ` ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան (այսուհետ՝ Խարտիա) ստորագրման համար բացվել է 1996թ. մայիսի 3-ին եւ ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ին:
Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիան ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 18-ին եւ ուժի մեջ է 2004թ. մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Խարտիան վավերացվել է 2003թ. դեկտեմբերի 25-ին հետեւյալ հայտարարությամբ.
Համաձայն Խարտիայի 3-րդ Մասի Ա հոդվածի 1-ին կետի բ/ եւ գ/ ենթակետերի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կապված լինել Խարտիայի 1, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 20, 22, 24, 27 եւ 28 հոդվածներով, ինչպես նաեւ հետեւյալ կետերով.
2-րդ հոդվածի 1, 2, 3, 4, 5-րդ եւ 6-րդ կետերով,
3-րդ հոդվածի 1-ին կետով,
4-րդ հոդվածի 2, 3, 4-րդ եւ 5-րդ կետերով,
12-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով,
13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով,
14-րդ հոդվածի 2-րդ կետով,
15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Ս.թ. ապրիլի 3-ի դրությամբ Խարտիան ստորագրել է 45 պետություն, ուժի մեջ է մտել 36 պետության համար:
Հայաստանի Հանրապետությունը պարբերական զեկույցներ եւ հաշվետվություններ է ներկայացնում Խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որոնք քննարկվում են ԵԽ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի կողմից: Քննարկումների արդյունքում մշտապես խրախուսվում է հավելյալ պարբերությունների եւ հոդվածների ընդունումը՝ Խարտիայով ստանձնած պարտավորությունների ամբողջականությունը պահպանելու եւ այս ոլորտում մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:
2025թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարությունը Խարտիայի քարտուղարությանը ներկայացրել է Խարտիայի հոդվածների իրականացման մասին 18-րդ ազգային զեկույցը՝ 2, 3, 4, 5, 6, 20-րդ հոդվածների վերաբերյալ 2021-2024թթ. ժամանակահատվածի համար:
Խարտիայի քարտուղարությունը մշտապես կարեւորում է հավելյալ հոդվածների, այդ թվում՝ 11-րդ Հոդվածի վավերացումը՝ ընդգծելով, որ Խարտիան վավերացրած երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը մինչ օրս չի միացել առողջապահական իրավունքների խթանմանը վերաբերող Խարտիայի 11-րդ Հոդվածին:
Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիայի 11-րդ Հոդվածի վավերացումը Եվրոպայի խորհրդի կողմից կգնահատվի որպես դրական քայլ եւ առաջընթաց երկրում մարդու իրավունքների, մասնավորապես՝ առողջության պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման ապահովման առումով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ Հոդվածի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԽԱՐՏԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽԱՐՏԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խարտիայի 11-րդ հոդվածը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Խարտիայի 11-րդ հոդվածը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հարգելի՛ պարոն Խուդաթյան,
Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի կատարման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում՝ ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունները:
02/06.5/10140-2025
Խարտիայի 11-րդ հոդվածի եւ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի կողմից դրա մեկնաբանման մասին ավելին զետեղված է նախադեպային իրավունքի ամփոփագրում :
Խորտիայի 11-րդ հոդվածը վավերացրել են բոլոր անդամ պետությունները բացառությամբ Հայաստանի:
Խարտիայի 11-րդ հոդվածի եւ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի կողմից դրա մեկնաբանման մասին ավելին զետեղված է նախադեպային իրավունքի ամփոփագրում:
Խարտիայի 11-րդ հոդվածը վավերացրել են բոլոր անդամ պետությունները՝ բացառությամբ Հայաստանի:
Հոդված 11-ի Նախադեպային իրավունքը
https://rm.coe.int/digest-2018-parts-i-ii-iii-iv-en/1680939f80
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվելու այն բոլոր միջոցներից, որոնք նրան հնարավորություն կտան հասնելու առողջության հնարավոր լավագույն վիճակի:
Խարտիայի 11-րդ հոդվածով երաշխավորված առողջության պաշտպանվածության իրավունքը լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածները, ինչպես դա մեկնաբանվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ սահմանելով մի շարք դրական պարտավորություններ, որոնք նախատեսված են դրա արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Այդ երկու միջազգային պայմանագրերում ամրագրված առողջության հետ կապված իրավունքներն անքակտելիորեն կապված են, քանի որ «մարդու արժանապատվությունը հիմնարար արժեք է եւ, ըստ էության, մարդու իրավունքների եվրոպական դրական իրավունքի հիմնական բաղադրիչն է՝ լինի դա Եվրոպական սոցիալական խարտիայի, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, եւ առողջության պահպանությունը մարդու արժանապատվության պահպանման նախապայմանն է»:
Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը 11-րդ հոդվածով երաշխավորված առողջության պաշտպանվածության իրավունքի անբաժանելի մասն է:
11.1. Առողջության պաշտպանվածության իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ուղղակիորեն կամ պետական կամ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք, inter alia (ի թիվս այլնի), ուղղված կլինեն հնարավորինս վերացնելու վատառողջության պատճառները:
Առողջության հնարավոր լավագույն վիճակի հասնելու իրավունքը
11-րդ հոդվածով ամրագրված են առողջության հնարավոր լավագույն վիճակի հասնելու իրավունքը եւ առողջապահական ծառայությունների հասանելիության իրավունքը: 11-րդ հոդվածի համաձայն՝ առողջությունը լիարժեք ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական բարեկեցության վիճակ է, եւ ոչ թե պարզապես հիվանդության կամ տկարության բացակայություն՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնադրությամբ (սահմանադրությամբ) տրված առողջության սահմանման, որն ընդունվել է Խարտիայի բոլոր Կողմերի կողմից:
11-րդ հոդվածը սահմանում է մի շարք դրական եւ բացասական պարտավորություններ: Հոդվածի վերնագիրը՝ առողջության պաշտպանվածության իրավունքը, հստակեցնում է, որ Պետությունների՝ այդ դրույթներով սահմանված պարտավորությունները սահմանափակված չեն միայն նրանով, որ ապահովեն առողջության հնարավոր լավագույն վիճակի հասնելը (ինչպես օրինակ՝ առողջապահության որակյալ ծառայությունների հավասար հասանելիության ապահովումը) հնարավոր դարձնող Պետության դրական, նախաձեռնողական միջոցներից օգտվելու իրավունքը: Պետությունների պարտավորությունները չեն սահմանափակվում նաեւ միայն Խարտիայի 11-րդ հոդվածում ընդգծված միջոցների ձեռնարկմամբ: Ավելին, առողջության պաշտպանվածության հասկացությունը ներառում է Պետության պարտավորությունը՝ զերծ մնալ առողջության իրավունքի իրացմանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն միջամտելուց: Այս համատեքստում դա վերաբերում է վերեւում հիշատակված առողջության սահմանմանը:
11-րդ հոդվածի այս մեկնաբանությունը համահունչ է առողջությանն առնչվող մարդու իրավունքների այլ կարեւոր միջազգային դրույթներով նախատեսված իրավական պաշտպանության հետ:
11-րդ հոդվածի համաձայն՝ առողջություն նշանակում է ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական բարեկեցության վիճակ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանադրությամբ տրված առողջության սահմանման համաձայն, որն ընդունվել է Խարտիայի բոլոր Կողմերի կողմից:
Կողմ պետությունները պետք է ապահովեն բնակչության առողջության հնարավոր լավագույն վիճակը՝ գոյություն ունեցող գիտելիքներին համապատասխան: Առողջապահական համակարգերը պետք է պատշաճ կերպով արձագանքեն առողջության կանխարգելելի ռիսկերին, օրինակ՝ այն ռիսկերին, որոնք կարող են վերահսկվել մարդկային գործողություններով: Հիմնական ցուցանիշներն են կյանքի տեւողությունը եւ մահվան հիմնական պատճառները: Այս ցուցանիշները պետք է ցույց տան իրավիճակի բարելավում եւ չպետք է շատ հեռու լինեն Եվրոպական երկրների միջինից:
Կանխարգելելի ռիսկերը ներառում են այն ռիսկերը, որոնք առաջանում են շրջակա միջավայրին սպառնացող վտանգներից: 11-րդ հոդվածի 1-ին պարբերությունը երաշխավորում է առողջ շրջակա միջավայրի իրավունքը:
Ցանկացած տեսակի բժշկական բուժում, որն անհրաժեշտ չէ, կարող է համարվել 11-րդ հոդվածին հակասող, եթե այլ իրավունքի հասանելիությունը կախված է այդ բուժումն անցնելուց:
Մանկական եւ մայրական մահացությունը լավ ցուցանիշներ են այն բանի, թե որքան լավ է գործում տվյալ երկրի ընդհանուր առողջապահական համակարգը: Դրանք խուսափելի ռիսկեր են, եւ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը հատկապես լավ զարգացած առողջապահական համակարգերում՝ այդ ցուցանիշները նվազեցնելու համար՝ դրանք հնարավորինս հասցնելով զրոյի: Սույն դրույթին անհամապատասխանության հաճախ հանդիպող խնդիրներից են մի շարք երկրներում մանկական եւ մայրական մահացության բարձր ցուցանիշները, որոնք, դիտարկվելով այլ հիմնական բժշկական ցուցանիշների համատեքստում, մատնանշում են առողջապահական համակարգում առկա թերությունները:
Առողջապահության ծառայությունների հասանելիության իրավունքը
Առողջապահական համակարգը պետք է հասանելի լինի բոլորին: Կողմ պետություններն օգտվում են հայեցողական լիազորությունների լայն շրջանակից՝ որոշելու, թե երբ է սկսվում կյանքը: Հետեւաբար յուրաքանչյուր Կողմ պետություն իր հայեցողական լիազորությունների շրջանակներում ինքն է որոշում, թե որքանով պտուղն ունի առողջության իրավունք:
11-րդ հոդվածի կիրառման սահմանափակումները չեն կարող հանգեցնել նրան, որ խոչընդոտվի սոցիալապես անապահով խմբերի առողջության իրավունքների իրականացումը: Այս մոտեցումը ենթադրում է սահմանափակ մեկնաբանություն, թե ինչպես է Խարտիայի անձնական շրջանակը կիրառվում առողջության պաշտպանվածության իրավունքի մասին 11-րդ հոդվածի, մասնավորապես՝ դրա առաջին պարբերության համակցությամբ, որը վերաբերում է առողջապահական ծառայությունների հասանելիությանը:
Հավելվածի 1-ին պարբերության համաձայն՝ Խարտիայի 1-ից 17-րդ եւ 20-ից 31-րդ հոդվածներով ընդգրկված անձինք ներառում են օտարերկրացիներին միայն այն դեպքում, երբ նրանք այլ Կողմ պետությունների քաղաքացիներ են, որոնք օրինական կերպով բնակվում կամ կանոնավոր կերպով աշխատում են համապատասխան Կողմ պետության տարածքում:
Անձնական շրջանակի սահմանափակումը չպետք է մեկնաբանվի այնպես, որ անօրինական կարգավիճակում գտնվող միգրանտները զրկվեն Խարտիայով ամրագրված ամենահիմնական իրավունքների պաշտպանությունից, կամ վնասվեն նրանց այն հիմնարար իրավունքները, ինչպիսիք են կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության կամ մարդու արժանապատվության իրավունքները:
Մարդու արժանապատվությունը հիմնարար արժեք է եւ, ըստ էության, մարդու իրավունքների եվրոպական դրական իրավունքի հիմնական բաղադրիչն է՝ լինի դա Եվրոպական սոցիալական խարտիայի, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, եւ առողջության պահպանությունը մարդու արժանապատվության պահպանման նախապայմանն է:
Այն օրենսդրությունը կամ գործելակերպը, որը մերժում է օտարերկրյա քաղաքացու բժշկական օգնության իրավունքը, նույնիսկ եթե նրանք անօրինական կերպով են գտնվում Կողմ պետության տարածքում, հակասում է Խարտիային:
Առողջապահական ծառայությունների հասանելիության իրավունքով պահանջվում է, որ՝
- առողջապահության ծախսերն առնվազն մասամբ պետք է ընդհանուր առմամբ կրի համայնքը,
- առողջապահության ծախսերը չպետք է անհամեմատ ծանր բեռ լինեն անձի համար: Սեփական միջոցների հաշվին կատարվող վճարումները չպետք է լինեն առողջապահական համակարգի ֆինանսավորման հիմնական աղբյուրը: Պետք է քայլեր ձեռնակվեն համայնքի առավել անապահով խմբերի բուժառուների ֆինանսական բեռը նվազեցնելու համար:
- Առողջապահական ծառայությունների հասանելիությունը կարգավորող պայմանները պետք է հաշվի առնեն Խորհրդարանական վեհաժողովի «Առողջապահական համակարգերի բարեփոխումը Եվրոպայում արդարության, որակի եւ արդյունավետության համադրմամբ» 1626 (2003) առաջարկությունը, որով անդամ պետություններին առաջարկվում է առողջապահական համակարգերի բարեփոխումների հաջողությունը գնահատելու հիմնական չափորոշիչ դարձնել առողջապահական ծառայությունների արդյունավետ հասանելիությունը որպես մարդու հիմնարար իրավունք բոլորի համար՝ առանց խտրականության:
- Առողջապահական ծառայությունների հասանելիությանն առնչվող կարգավորումները չպետք է հանգեցնեն դրանց տրամադրման անհարկի ուշացումների: Հերթագրվածների ցուցակի եւ սպասման ժամկետների կառավարումն առողջապահության ոլորտում դիտարկվում է նման կառավարման չափորոշիչների վերաբերյալ Նախարարների կոմիտեի (99)21 առաջարկության լույսի ներքո: Բուժման հասանելիությունը պետք է հիմնված լինի՝
- թափանցիկ չափորոշիչների վրա, որոնք համաձայնեցված են ազգային մակարդակով՝ հաշվի առնելով ինչպես կլինիկական վիճակի, այնպես էլ կյանքի որակի վատթարացման վտանգները:
- Առողջապահության ոլորտի մասնագետների եւ սարքավորումների թիվը պետք է բավարար լինի: Հիվանդանոցների դեպքում պետք է ձգտել հասնել ԱՀԿ-ի կողմից զարգացող երկրների համար սահմանված նպատակին, այն է՝ 3 մահճակալ՝ յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով: Հիվանդանոցային մահճակալների չափազանց քիչ թիվը հերթագրվածների ցուցակների հետ մեկտեղ կարող է խոչընդոտ հանդիսանալ առողջապահական ծառայություններին հնարավորինս մեծ թվով մարդկանց հասանելիությունն ապահովելու համար: Հիվանդանոցներում, այդ թվում՝ հոգեբուժարաններում, մնալու պայմանները պետք է բավարար լինեն եւ համապատասխանեն մարդու արժանապատվությանը:
Կողմ պետությունները պետք է, որպես առողջության պաշտպանվածության իրավունքի ուժով առաջացող դրական պարտավորությունների մաս, առանց խտրականության ժամանակին եւ պատշաճ կերպով տրամադրեն բժշկական օգնություն, այդ թվում՝ սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայություններ: Արդյունքում, այն առողջապահական համակարգը, որը չի բավարարում կանանց հատուկ առողջական կարիքները, չի համապատասխանում 11-րդ հոդվածին կամ Խարտիայի «Ե» հոդվածին, եթե այն դիտարկվում է 11-րդ հոդվածի հետ միասին:
Բացի այդ, Կոմիտեն համարում է, որ ցանկացած բժշկական բուժում, որը կատարվում է առանց տեղեկացված համաձայնության, անպայման առաջացնում է 1961 թվականի Խարտիայի 11-րդ հոդվածի հետ կապված հարցեր: ՄԱԿ-ի ֆիզիկական եւ հոգեկան առողջության լավագույն հասանելի ստանդարտից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի վերաբերյալ հատուկ զեկուցողի կողմից (ՄԱԿ-ի՝ ֆիզիկական եւ հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի ստանդարտից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի վերաբերյալ հատուկ զեկուցող, 2009 թվականի զեկույց, 2009 թվականի օգոստոսի 1, A/64/272) տեղեկացված համաձայնությունը սահմանվել է հետեւյալ կերպ. «Տեղեկացված համաձայնությունը պարզապես բժշկական միջամտության ընդունում չէ, այն կամավոր կամ բավարար տեղեկացված որոշում է, որը պաշտպանում է բուժառուի՝ բժշկական որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը եւ առողջապահական ծառայություններ մատուցողներին վերապահում է դրանց հետ կապված պարտականություններ ու պարտավորություններ: Դրա բարոյական եւ իրավական նորմատիվ հիմնավորումները բխում են բուժառուի ինքնավարության, ինքնորոշման, մարմնական անձեռնմխելիության եւ բարօրության խթանման անհրաժեշտությունից»:
Կոմիտեն համարում է (նշելով հատկապես Եվրոպայի Խորհրդի 1997 թվականի «Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության վերաբերյալ» կոնվենցիան (Օվյեդոյի կոնվենցիա), ինչպես նաեւ մարդու իրավունքների՝ այլ մարմինների կողմից հաստատված դիրքորոշումները), որ որեւէ բժշկական օգնություն, որը ցուցաբերվում է առանց անվճար տեղեկացված համաձայնության (խիստ բացառություններով հանդերձ), չի կարող համապատասխանել ֆիզիկական անձեռնմխելիությանը եւ միանշանակ հակասում է առողջության պաշտպանվածության իրավունքին: Բժշկական օգնության առանց անվճար տեղեկացված համաձայնության տրամադրումը խախտում է ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը եւ որոշ դեպքերում կարող է վնասակար լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության համար: Անվճար համաձայնության երաշխավորումը հիմնարար նշանակություն ունի առողջության իրավունքից օգտվելու համար, այն անմիջականորեն կապված է ինքնավարության եւ մարդու արժանապատվության հետ, ինչպես նաեւ առողջության պաշտպանվածության իրավունքի իրացման ապահովման հետ: Հղիության ընդհատման դեպքում, երբ Կողմ պետությունները սահմանում են օրենսդրական դրույթներ, որոնք թույլ են տալիս որոշ իրավիճակներում կատարել հղիության ընդհատում, նրանք պարտավորվում են կազմակերպել իրենց առողջապահական համակարգն այնպես, որ առողջապահական ոլորտի մասնագետների կողմից խղճի ազատության արդյունավետ իրագործումը մասնագիտական համատեքստում չխոչընդոտի հիվանդների համար այն ծառայություններին հասանելիության ստացումը, որոնք նրանք ունեն օրենքով՝ կիրառելի օրենսդրության համաձայն:
Ավելին, 11-րդ հոդվածը չի պարտադրում Պետություններին դրական պարտավորություն սահմանել առողջապահական ոլորտի աշխատողների համար համոզմունքների հիման վրա մասնագիտական պարտավորությունները կատարելուց հրաժարվելու իրավունք ապահովելու առումով:
11.2. Առողջության պաշտպանվածության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ուղղակիորեն կամ պետական կամ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, տրամադրել խորհրդատվական եւ կրթական հնարավորություններ՝ առողջությանը նպաստելու եւ առողջության հարցերում անհատական պատասխանատվությունը խրախուսելու նպատակով:
Սույն դրույթով նախատեսված է երկու պարտավորություն
Կրթությունը եւ իրազեկության բարձրացումը
Հանրային առողջապահության քաղաքականությունը պետք է հետամուտ լինի հանրային առողջապահության բարելավմանը ԱՀԿ-ի կողմից սահմանված նպատակներին համապատասխան: Ազգային կանոնները պետք է նախատեսեն հանրության տեղեկացման, կրթության եւ մասնակցության ապահովումը: Կողմ պետությունները պետք է կոնկրետ միջոցներով ցույց տան, որ իրականացնում են հանրային առողջապահության կրթական քաղաքականություն՝ ընդհանուր բնակչության եւ հատուկ խնդիրներ ունեցող բնակչության խմբերի համար:
Հանրությանը տեղեկացնելը, մասնավորապես՝ իրազեկության բարձրացմանն ուղղված արշավների միջոցով, պետք է առաջնահերթ լինի հանրային առողջապահության համար: Այս գործողությունների ճշգրիտ ծավալը կարող է տատանվել՝ կախված համապատասխան երկրում հանրային առողջության խնդիրների բնույթից: Պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ կանխելու այն գործողությունները, որոնք վնաս են հասցնում առողջությանը, ինչպես օրինակ՝ ծխելը, ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործումը, ինչպես նաեւ զարգացնել անհատական պատասխանատվության զգացումը, այդ թվում՝ առողջ սննդակարգի, սեռական կյանքի եւ շրջակա միջավայրի հայեցակետերի վերաբերյալ:
Առողջապահական կրթությունը պետք է իրականացվի ուսումնառության ամբողջ ընթացքում եւ կազմի դպրոցական ծրագրերի մաս: Ընտանիքից հետո դպրոցն ամենահարմար միջավայրն է առողջապահական կրթության համար, քանի որ կրթության հիմնական նպատակը կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների փոխանցումն է: Այս առնչությամբ պետք է հաշվի առնել Նախարարների կոմիտեի թիվ R(88)7 առաջարկությունը դպրոցում առողջապահական կրթության եւ ուսուցիչների դերի ու վերապատրաստման վերաբերյալ:
Դպրոցում առողջապահական կրթությունը պետք է իրականացվի ուսումնառության ամբողջ ընթացքում եւ ընդգրկի հետեւյալ թեմաները՝ ծխելու եւ ալկոհոլի չարաշահման կանխարգելում, սեռական եւ վերարտադրողական առողջություն, մասնավորապես՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ, ճանապարհային անվտանգություն եւ առողջ սնվելու սովորույթների խթանում:
Սեռական եւ վերարտադրողական առողջության հետ կապված կրթությունը դիտվում է որպես գործընթաց՝ ուղղված զարգացնելու երեխաների եւ երիտասարդների կարողությունները՝ հասկանալու իրենց սեքսուալությունը կենսաբանական, հոգեբանական, սոցիալ-մշակութային եւ վերարտադրողական հարթություններում, ինչը նրանց թույլ կտա պատասխանատու որոշումներ կայացնել սեռական եւ վերարտադրողական առողջության հետ կապված վարքագծի վերաբերյալ:
Ընդունված է, որ մշակութային նորմերը եւ կրոնը, սոցիալական կառուցվածքները, դպրոցական միջավայրը եւ տնտեսական գործոնները տարբերվում են Եվրոպայում եւ ազդում են սեռական եւ վերարտադրողական առողջության հետ կապված կրթության բովանդակության եւ մատուցման վրա: Այնուամենայնիվ, հիմնվելով հիմնական եւ լայնորեն ընդունված այն ենթադրության վրա, որ դպրոցական կրթությունը կարող է արդյունավետ լինել սեռական ռիսկային վարքագծի նվազեցման համար, Կողմ պետությունները պետք է ապահովեն, որ՝
- սեռական եւ վերարտադրողական առողջության հետ կապված կրթությունը կազմի հիմնական դպրոցական ուսումնական ծրագրի մաս.
- տրամադրվող կրթությունը բավարար լինի քանակի առումով, այսինքն՝ դրան հատկացված ժամանակի եւ այլ ռեսուրսների առումով (ուսուցիչներ, ուսուցիչների վերապատրաստում, ուսումնական նյութեր եւ այլն).
- կրթության ձեւն ու էությունը, այդ թվում՝ ուսումնական ծրագրերն ու ուսուցման մեթոդները լինեն տեղին, մշակութային առումով համապատասխան եւ բավարար որակի, մասնավորապես այն, որ դրանք լինեն օբյեկտիվ, հիմնված ժամանակակից գիտական ապացույցների վրա եւ չենթադրեն տեղեկությունների գրաքննություն, չթաքցնեն կամ միտումնավոր խեղաթյուրեն, օրինակ՝ հակաբեղմնավորման եւ սեռական ու վերարտադրողական առողջության պահպանման տարբեր միջոցների վերաբերյալ տեղեկությունները.
- գոյություն ունենա կրթության մշտադիտարկման եւ գնահատման ընթացակարգ՝ նպատակ ունենալով արդյունավետորեն բավարարել վերոնշյալ պահանջները:
Վերեւում սահմանված 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված պարտավորությունները չեն ազդում ծնողների իրավունքների վրա՝ իրենց երեխաներին իրազեկելու եւ խորհուրդ տալու, իրենց երեխաների նկատմամբ բնական ծնողական գործառույթները, որպես դաստիարակներ, իրականացնելու, կամ իրենց երեխաներին ծնողների սեփական կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին համահունչ ճանապարհով առաջնորդելու համար (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Կյելդսենը, Բուսկ Մադսենը եւ Պեդերսենն ընդդեմ Դանիայի գործով 1946 թվականի դեկտեմբերի 7-ի վճիռը):
Բժշկի խորհրդատվությունները եւ սքրինինգը
Ամբողջ երկրում հղի կանանց եւ երեխաների համար պետք է ապահովել անվճար եւ կանոնավոր բժշկի խորհրդատվություն եւ սքրինինգ:
Բժշկական անվճար զննումները պետք է անցկացվեն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Համապատասխանության գնահատումը հաշվի է առնում դպրոցական բժշկական հետազոտությունների հաճախականությունը, դրանց նպատակները, ներգրավված աշակերտների քանակական հարաբերակցությունը եւ անձնակազմի մակարդակը: Անհրաժեշտ է իրականացնել սքրինինգ, նախընտրելի է համակարգված, բոլոր այն հիվանդությունների համար, որոնք մահացության հիմնական պատճառներ են համարվում: Եթե ապացուցվել է, որ դա արդյունավետ կանխարգելման միջոց է, ապա սքրինինգը պետք է ամբողջությամբ կիրառվի:
11.3. Առողջության պաշտպանվածության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ուղղակիորեն կամ պետական կամ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք, inter alia, ուղղված կլինեն համաճարակային, էնդեմիկ եւ այլ հիվանդությունների, ինչպես նաեւ պատահարների հնարավորինս կանխարգելմանը:
Զգուշության սկզբունքը
Կողմ պետությունները կանխարգելիչ միջոցառումների առումով պետք է կիրառեն զգուշության սկզբունքը. այն դեպքում, երբ նախնական գիտական գնահատումը ցույց է տալիս, որ մարդու առողջության վրա հավանական վտանգավոր հետեւանքների վերաբերյալ անհանգստության ողջամիտ հիմքեր կան, Պետությունը պետք է զգուշության միջոցներ ձեռնարկի 11-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության բարձր մակարդակին համապատասխան՝ այդ հնարավոր վտանգավոր հետեւանքները կանխելու համար:
Առողջ շրջակա միջավայրը
Խարտիայի համաձայն՝ աղտոտվածության հաղթահարումը նպատակ է, որին կարելի է հասնել միայն աստիճանաբար: Այնուամենայնիվ, Կողմ պետությունները պետք է ձգտեն հասնել այս նպատակին ողջամիտ ժամկետում՝ ցույց տալով չափելի առաջընթաց եւ լավագույնս օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող ռեսուրսները: Կողմ պետությունների ձեռնարկած միջոցները գնահատվում են՝ հաշվի առնելով նրանց ազգային օրենսդրությունը եւ կանոնակարգերը, ինչպես նաեւ Եվրոպական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության առնչությամբ ստանձնած պարտավորությունները եւ այն առումով, թե ինչպես է համապատասխան օրենքը կիրառվում գործնականում:
Օդի աղտոտվածությունը
Այս առումով առողջ շրջակա միջավայրի երաշխիքը պահանջում է, որ Կողմ պետությունները՝
- մշակեն եւ պարբերաբար թարմացնեն շրջակա միջավայրի վերաբերյալ բավարար չափով համապարփակ օրենսդրություն եւ կանոնակարգեր,
- ձեռնարկեն հատուկ քայլեր, ինչպիսիք են սարքավորումների փոփոխությունը, արտանետումների սահմանային արժեքների ներմուծումը եւ օդի որակի չափումը՝ օդի աղտոտվածությունը տեղական մակարդակում կանխելու եւ համաշխարհային մասշտաբով այն նվազեցնելու համար: Համաշխարհային աղտոտվածության դեպքում արտանետումների վերահսկումը գնահատվում է` հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության 1992 թվականի մայիսի 9-ի «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ-ի ԿՓՇԿ) եւ 1997 թվականի դեկտեմբերի 11-ի ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ին կից Կիոտոյի արձանագրության իրականացման համար սահմանված նպատակները.
- ապահովեն, որ բնապահպանական չափորոշիչները ու կանոնները պատշաճ կերպով կիրառվեն համապատասխան արդյունավետ եւ արդյունարար վերահսկողության մեխանիզմների միջոցով, որը ներառում է այնպիսի միջոցներ, որոնք, ինչպես հաստատվել է, բավարար չափով զսպող են եւ անմիջական ազդեցություն ունեն աղտոտող արտանետումների մակարդակի վրա.
- իրականացնեն առողջության հետ կապված ռիսկերի գնահատում համապատասխան խմբերի համաճարակաբանական մշտադիտարկման միջոցով:
Ջրային ռեսուրսների կառավարումը
Այս դրույթին համապատասխանելու համար Կողմ պետությունները պարտավոր են իրականացնել ջրային ռեսուրսներին առնչվող կանխարգելիչ եւ պաշտպանական միջոցառումներ: Այն իրավիճակը, երբ խմելու ջրի առկայությունը դեռեւս խնդիր է համարվում բնակչության զգալի մասի համար, ապա դա խախտում է Խարտիան:
Միջուկային վտանգներ ատոմային էլեկտրակայանների մոտակայքում բնակվող համայնքների համար
Դոզայի առավելագույն սահմանները պետք է համապատասխանեն 1990 թվականի ճառագայթային պաշտպանության հարցերով միջազգային հանձնաժողովի առաջարկություններին: Գնահատումը կտարբերվի՝ կախված այն հանգամանքից, թե որքանով է էներգիայի արտադրությունը հիմնված միջուկային էներգիայի օգտագործման վրա: Բոլոր երկրներից պահանջվում է պաշտպանել իրենց բնակչությանն արտերկրում տեղի ունեցող եւ տվյալ երկրի վրա ազդեցություն ունեցող միջուկային վթարների հետեւանքներից:
Ասբեստի հետ կապված վտանգները
11-րդ հոդվածը ենթադրում է այնպիսի քաղաքականություն, որն արգելում է ասբեստի եւ այն պարունակող արտադրանքի օգտագործումը, արտադրությունն ու վաճառքը: Պետք է նաեւ լինի օրենսդրություն, որով կպահանջվի, որ բնակելի եւ հասարակական շենքերի սեփականատերերը ստուգեն ասբեստի առկայությունը եւ անհրաժեշտության դեպքում հեռացնեն այն, ինչպես նաեւ ձեռնարկությունների համար կսահմանվեն թափոնների հեռացման հետ կապված պարտավորություններ:
Սննդամթերքի անվտանգությունը
Պետությունները պետք է սահմանեն իրավական ուժ ունեցող սննդամթերքի հիգիենայի ազգային չափորոշիչներ, որոնք հաշվի են առնում համապատասխան գիտական տվյալները, ստեղծեն եւ պահպանեն մեխանիզմներ՝ ամբողջ սննդային շղթայում այդ չափորոշիչներին համապատասխանությունը մշտադիտարկելու համար, մշակեն, իրականացնեն եւ պարբերաբար թարմացնեն կանխարգելման համակարգված միջոցները, մասնավորապես՝ մակնշման միջոցով, ինչպես նաեւ մշտադիտարկեն սննդային ծագման հիվանդությունների առաջացումը:
Սույն դրույթով պահանջվում է նաեւ աղմուկի հետեւանքով աղտոտման հետ կապված կանխարգելիչ եւ պաշտպանական միջոցառումներ իրականացնել այն Կողմ պետությունների դեպքում, որոնք չեն ընդունել 31-րդ հոդվածը (բնակարանային իրավունք)՝ հանրային առողջապահության չափորոշիչների կատարում բնակարանային ոլորտում:
Ծխախոտը, ալկոհոլային խմիչքները եւ թմրամիջոցները
Ծխախոտի դեմ պայքարին ուղղված միջոցները հատկապես էական նշանակություն ունեն 11-րդ հոդվածին համապատասխանելու համար, քանի որ զարգացած երկրներում ծխելը համարվում է կանխարգելելի մահացության հիմնական պատճառը: ԱՀԿ-ն Եվրոպական երկրների համար սահմանել է նպատակ՝ բնակչության մեջ չծխողների թիվը հասցնել առնվազն 80 տոկոսի եւ պաշտպանել չծխող անձանց ծխախոտի ծխի պասիվ ազդեցությունից: Գնահատման գործընթացում հաշվի են առնվում ԱՀԿ ցուցանիշները եւ «Ծխախոտի վերահսկման մասին» Շրջանակային կոնվենցիան:
Արդյունավետ լինելու համար ցանկացած կանխարգելման քաղաքականություն պետք է սահմանափակի ծխախոտի մատակարարումն արտադրության, բաշխման, գովազդի եւ գնագոյացման վերահսկման միջոցով: Մասնավորապես անհրաժեշտ է արգելել ծխախոտի վաճառքը անչափահասներին, ինչպես նաեւ ծխելը հասարակական վայրերում, այդ թվում՝ հասարակական տրանսպորտում, ինչպես նաեւ ծխախոտի գովազդը՝ պաստառների եւ մամուլի միջոցով:
Այսպիսի քաղաքականության արդյունավետությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով ծխախոտի սպառման վերաբերյալ վիճակագրական տվյալները:
Այս մոտեցումը նաեւ կիրառվում է, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), ալկոհոլի չարաշահման եւ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցների նկատմամբ:
Իմունիզացիա եւ համաճարակային մշտադիտարկում
Կողմ պետությունները պետք է իրականացնեն իմունիզացիայի լայն հասանելիություն ունեցող ծրագրեր: Նրանք պետք է պահպանեն ընդգրկվածության բարձր մակարդակ ոչ միայն այդ հիվանդությունների հաճախականությունը նվազեցնելու, այլեւ վարակի աղբյուրը չեզոքացնելու համար եւ այդպիսով հասնել ԱՀԿ-ի կողմից սահմանված նպատակներին՝ մի շարք վարակիչ հիվանդություններ ոչնչացնելու համար:
Պետությունները պետք է ցուցադրեն վարակիչ հիվանդություններին արձագանքելու իրենց ունակությունները, ինչպիսիք են հիվանդությունների հաշվառումն ու ծանուցումը, ՁԻԱՀ-ով հիվանդների համար հատուկ բժշկական օգնության տրամադրումը եւ համաճարակների առաջացման դեպքում արտակարգ միջոցառումների իրականացումը:
Պատահարները
Կողմ պետությունները պետք է ձեռնարկեն քայլեր՝ պատահարները կանխելու համար: Պատահարների հիմնական տեսակները ներառում են ճանապարհային պատահարները, կենցաղային պատահարները, դպրոցում տեղի ունեցող պատահարները, հանգստի ժամանակ տեղի ունեցող պատահարները, այդ թվում՝ կենդանիների կողմից պատճառված պատահարները եւ աշխատավայրում տեղի ունեցող պատահարները: Աշխատավայրում տեղի ունեցող պատահարների միտումները դիտարկվում են առողջության եւ աշխատանքային անվտանգության տեսանկյունից (հոդված 3):
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում