ՕՐԵՆՔԸ
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.
«5) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիմել եւ հաստատվել են որպես հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման ծրագրի շահառու.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հատուկ բանկային հաշիվների շահառուներ են.
7) խաղադրույքներ են կատարում իրենց անվամբ բացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ եւ 928.9-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված հատուկ բանկային հաշիվների միջոցներից:».
2) 2-րդ մասի 1-ին կետը «չլրացած» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 70 եւ ավելի տարիք ունեցող» բառերով.
3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, հիսուն տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների, Կենտրոնական բանկի աշխատակիցների մասնակցությունը շահումով խաղերին եւ ինտերնետ շահումով խաղերին եւ բուքմեյքերական գործունեությանը.».
4) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը խաղերին արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա՝ դիմումի ներկայացման հաջորդ օրվանից 5 տարի ժամկետով: Ընդ որում, յուրաքանչյուր ժամկետի ավարտից հետո այն կրկին երկարաձգվում է նույն ժամկետով, եթե ժամկետի վերջին հինգ օրվա ընթացքում անձը դիմում չի ներկայացնում արգելքը վերացնելու մասին:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Խաղային ինտերակտիվ հարթակով քաղաքացու կողմից ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) (self-exclusion) կիրառվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը համարվում է ներկայացված:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-9-րդ մասերով.
«4. Խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպիչը պարտավոր է իր ինտերնետային կայքի եւ բջջային հավելվածի յուրաքանչյուր էջում ապահովել «ինքնաարգելափակում» անվանմամբ ինքնաարգելափակման միջոցի (կոճակի) (self-exclusion) մշտական, անմիջապես տեսանելի եւ հասանելի առկայությունը: Ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) պետք է զբաղեցնի տվյալ էջի տեսանելի հատվածի առնվազն հինգ տոկոսը կամ համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին եւ տեղադրվի այնպես, որ այն մշտապես տեսանելի լինի՝ առանց հավելյալ որոնման, էջափոխման կամ այլ գործողությունների անհրաժեշտության: Ինքնաարգելափակման միջոցի (կոճակի) անմիջական հարեւանությամբ պարտադիր ցուցադրվում է օպերատորի միասնական համակարգում տվյալ պահին գրանցված ինքնաարգելափակված անձանց ընդհանուր թիվը:
5. Ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) ակտիվացնելուց հետո կազմակերպիչը պարտավոր է անձին ցուցադրել բացառապես մեկ հաստատման պատուհան հետեւյալ բովանդակությամբ. «Դուք հաստատո՞ւմ եք, որ ցանկանում եք ինքնաարգելափակել խաղերին մասնակցելու ձեր իրավունքը:»:
Հաստատման պատուհանը պետք է պարունակի բացառապես հետեւյալ երկու ընտրությունները՝
1. «Հաստատում եմ»,
2. «Չեմ հաստատում»:
6. Անձի կողմից «Հաստատում եմ» ընտրությունը կատարվելու պահից ինքնաարգելափակման դիմումը համարվում է ներկայացված եւ ընդունված, իսկ կազմակերպիչը պարտավոր է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում դադարեցնել անձի մասնակցությունը խաղերին եւ ապահովել ինքնաարգելափակման գործարկումը:
7. Անձի կողմից «Հաստատում եմ» ընտրությունից հետո կազմակերպչին արգելվում է՝
1) պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսագրություններ կամ այլ տեղեկություններ, բացառությամբ օրենքով պարտադիր նույնականացման տվյալների, որոնք առկա չեն.
2) սահմանել սպասման ժամանակահատված, հետաձգում, մտածելու ժամկետ կամ այլ ժամանակային սահմանափակումներ.
3) բացել լրացուցիչ պատուհաններ կամ պահանջել լրացուցիչ հաստատումներ.
4) ցուցադրել գովազդային նյութեր, բոնուսներ, խրախուսող առաջարկներ կամ այլ բովանդակություն, որոնք կարող են ազդել անձի որոշման վրա.
5) կատարել ցանկացած գործողություն կամ անգործություն, որի նպատակը կամ հետեւանքը կարող է լինել ինքնաարգելափակման գործընթացի դժվարացումը, հետաձգումը կամ խոչընդոտումը.
6) անձին ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) կիրառելուց հետո ուղղակի կամ անուղղակի կերպով ցանկացած եղանակով ուղարկել գովազդային, խրախուսող, բոնուսային կամ խաղերին մասնակցությունը խթանելուն ուղղված առաջարկներ, հաղորդագրություններ կամ այլ տեղեկատվություն, ներառյալ հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային փոստի, push ծանուցումների, սոցիալական ցանցերի կամ այլ կապի միջոցների միջոցով:
8. Ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) կիրառվելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դիմումը (ներառյալ դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը եւ դիմումի ներկայացման օրն ու ժամը) անհապաղ փոխանցել օպերատորին, իսկ մինչեւ օպերատորի գործունեության մեկնարկը՝ լիազոր մարմնին:
9. Սույն հոդվածով սահմանված ինքնաարգելման դրույթները գործելու են մինչեւ օպերատորի ներդրումից հետո Կառավարության կողմից այլ նույնականացման պայմանների սահմանումը՝ օպերատորի միջոցով իրականացնելու հնարավորությամբ:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
08.07.2026
Երեւան
ՀՕ-278-Ն