Armenian ARMSCII Armenian      
Քաղաքաշինության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2026

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 14.3-րդ հոդվածի 30-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«30. Գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում եւ վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ՝ ընթացիկ քարտեզ), որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման եւ շինարարության թույլտվությունները, ինչպես նաեւ գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի՝ սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Ավագանու հաստատած ընթացիկ քարտեզի՝ սահմանված կարգով հաստատված պատճենը կամ հաստատման մասին որոշման քաղվածքը, սույն օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ներկայացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ պետական քաղաքաշինական կադաստրի վարումը, տարեկան կտրվածքով քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը եւ կադաստրային ամփոփումը կատարելու համար: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:»:

Հոդված 2. Օրենքի  14.3-րդ հոդվածը   լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 34-րդ մասով.

«34. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը, սույն օրենքի 10.1-ին եւ 20-րդ հոդվածների դրույթների շրջանակում «Գույքի նկատմամբ   իրավունքների պետական   գրանցման մասին» օրենքի 34.1-ին հոդվածի 14-րդ մասի համաձայն, կադաստրային քարտեզում սխալի ուղղման արդյունքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով (գլխավոր հատակագիծ, գոտեւորման նախագիծ) ամրագրվածից տարբերվող հողամասի ուղղված նպատակային եւ (կամ) գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումից հետո պետական քաղաքաշինական կադաստրի վարման եւ քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման շրջանակում վեցամսյա ժամկետում ներառում է այն պետական քաղաքաշինական կադաստրի ընթացիկ քարտեզում, ընդ որում փոխանցվող տեղեկատվության ընթացիկ ուղղումներն ամփոփվում են տարեկան կտրվածքով մինչեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ ամբողջական ամփոփումը պետք է իրականացվի մինչեւ 2030 թվականի հունվարի 1-ը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.07.2026
Երեւան
ՀՕ-320-Ն